«Աշխատանքի էի, ընկերուհիս զանգահարեց ու ասաց». Վագիֆ Խաչատրյանի դուստր

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբույքան իր էջում հայտնել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։

Այս գրառումնից րոպեներ անց էլ տեղեկացանք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի 2 վարձկաններին վերադարձրել է։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախապես տեղյակ չի եղել, որ իր հայրը վերադառնալու է։

«Աշխատանքի էի, ընկերուհիս զանգահարեց ու ասաց։ Փառք Աստծո, ես շատ ուրախ եմ։ Հիմա դուրս եմ գալիս, որպեսզի գնամ Նորք Մարաշ, հայրիկիս այնտեղ են տանելու։ Փառք Աստծո»,- 168.am հետ զրույցում հակիրճ ասաց Վերա Խաչատրյանը և լացը հազիվ էր զսպում։

Կարդացեք նաև

Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։

Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։

Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում  կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Տեսանյութեր

Լրահոս