
Վարդան Ղուկասյանը Գյումրու Ռոբերտ Քոչարյանն է. Կա՛մ հայտնվելու է ՔՊ-ի թիրախում, կա՛մ թակարդում. Սուրեն Սուրենյանց
Գյումրու ընտրություններով պատմությունն այդ քաղաքում չի՛ ավարտվում. ավելին՝ ամեն ինչ նոր է սկսվելու մի քաղաքում, որտեղ արձանագրվեց ընդամենը երկու դրական բան. նախ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ հավաքել 50+1 տոկոս, երկրորդ՝ քաղաքացիների մոտ մեծացավ հավատն ընտրությունների նկատմամբ. մնացած որևէ պարագայում լավ բան չունենք Գյումրիում։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
«Գյումրիում ընտրողների 37 տոկոս քվեն հավաքել է իշխանությունն իր վարչական ռեսուրսով, զուգահեռ հաղթել է երկու կլան. ի դեպ, կլաններ, որոնք միմյանց հետ ունեն խորը հակասություններ։ Գյումրիում առաջատար դիրք է զբաղեցրել Վարդան Ղուկասյանը, որը Գյումրու Ռոբերտ Քոչարյանն է։
Նա ընդդիմադիր մյուս ուժերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունի, ինչն էլ հենց իրեն խոցելի է դարձնում։ Ղուկասյանը 13 տարի առաջ Գյումրու քաղաքապետ էր կառավարման այլ համակարգի պարագայում։ Այն ժամանակ մեր երկիրը նախագահական կառավարման համակարգ ուներ, իսկ դա նշանակում էր, որ քաղաքապետն ավագանու անդամներից կախված չէ, հիմա՝ խորհրդարանական Հայաստանում, քաղաքապետը կախված է ավագանու անդամների դիրքորոշումից. հենց նման պայմաններում Վարդան Ղուկասյանը չկարողացավ իր շուրջ կոալիցիա ձևավորել։
Նա հայտարարում է, որ անգամ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չէ զիջել. նման մոտեցումն ընդդիմադիր դաշտում պառակտում է բերելու։ Նույնը Ռոբերտ Քոչարյանն էր արել 2021 թվականին. նա ասաց՝ «Կրելու եմ», և հավակնոտ ձևով մտնելով ընտրապայքարի մեջ՝ նսեմացրեց ընդդիմադիր մյուս սեգմենտների նշանակությունը։ Այո՛, 2-րդ նախագահն ասել է «Կոնսենսուս-1»-ի մասին, բայց ոչինչ չի արել ավելի լայն կոնսոլիդացիա ունենալու համար»,- ասաց Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ՝ հիմա Վարդան Ղուկասյանն է նույն ոճով խաղում. չի անում մի քայլ, որպեսզի կարողանա դառնալ մեծամասնության քաղաքապետ, կոալիցիա չի ձևավորվում նրա շուրջ, նա իրեն նեղություն չի տալիս՝ մյուսների որոշակի ամբիցիաները բավարարելու առումով, ինչի պարագայում ՔՊ-ի թիրախավորումից զերծ կմնար։
«Հետևապես՝ այսպես վարվող Վարդան Ղուկասյանը կա՛մ հայտնվելու է ՔՊ-ի թիրախում, կա՛մ թակարդում»,- շեշտեց Սուրեն Սուրենյանցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։