
Եկե՛ք կանգնենք միասին որպես մայրեր, դուստրեր, քույրեր և ասենք՝ բավակա՛ն է. բաց նամակ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԱՆՈւՆԻՑ
Մենք՝ հայ կանայք, այս նամակը գրում ենք խոր անհանգստությամբ և ծանր սրտով։
Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում ատելության, թիրախային խտրականության և պառակտիչ քարոզչության շարունակական ալիքի, որը ուղղված է Արցախի ժողովրդին և ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքացիներին։ Այս հռետորաբանությունը բխում է ոչ թե հասարակության խորքից, այլ իշխանության կողմնակից պետական պաշտոնյաներից, նրանց մերձավոր շրջանակներից և նրանց աջակիցներից։ Սա ոչ միայն խոր ցավ է պատճառում, մտահոգում մեզ, այլ նաև միանշանակ վտանգում է մեր ժողովրդի միասնությունն ու ուժը։
Մենք հավատացած ենք, որ այս քաղաքականության նպատակը մեր՝ որպես ազգի պառակտումն է։ Այն փորձում է բաժանել այն, ինչը միշտ միավորված է եղել արյամբ, պատմությամբ և առաքելությամբ։ Այս կարգի քարոզչությունը վտանգավոր է, որովհետև այն ոչ միայն թիրախավորում է անհատներին, այլև քանդում է մեր հիմքերի հիմքը․ այն, թե ով է հայը։
Սերը, հոգատարությունը, միասնականությունը, ահա սրանք են մեր ինքնությունը, և անթույլատրելի է, երբ այս ամենը փորձում են մոռացության մատնել։
Այսօր, երբ Հայաստանը և ողջ աշխարհը, կանգնած են հսկայական աշխարհաքաղաքական և էկոլոգիական փոփոխությունների շեմին, մենք պարզապես իրավունք չունենք թուլանալու ներսում։ Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Եթե ցանկանում ենք շարունակել մեր ազգային ճամփորդությունը և մեր երեխաներին թողնել ավելի արդար, արժանապատիվ ու ամուր Հայաստան՝ հիմնված քրիստոնեական արժեքների վրա, ապա այդ փոփոխությունը պետք է սկսվի հենց մեզանից։
Մենք հիշեցնում ենք ՀՀ իշխանություններին իրենց ամենաառաջնային դերը՝ ծառայել և միավորել։ Ո՛չ բաժանել և ո՛չ հակադրել։
Մենք պահանջում ենք հարգալից վերաբերմունք յուրաքանչյուր անձի հանդեպ, ով բնակվում է Հայաստանում՝ անկախ իր քաղաքական հայացքներից։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել խտրական քաղաքականությունը և ատելության խոսքը, որոնք վտանգում են մեր ազգային միասնությունը և խոցում մեր ժողովրդի հոգին։
Սա միայն քաղաքական հարց չէ ․ սա առաջնայնորեն բարոյական ընտրություն է։ Մենք պետք է բարձրանանք պառակտման քաղաքականությունից վեր և ընտրենք կարեկցանքի, ճշմարտության և ազգային վերքի բուժման և ազգային վերելքի ուղին։
Սիրելի՛ կայանք,
Եկե՛ք կանգնենք միասին որպես մայրեր, դուստրեր, քույրեր և ասենք՝ բավակա՛ն է։ Մենք ընտրում ենք միասնությունը։ Մենք ընտրում ենք արժանապատվությունը։ Մենք ընտրում ենք մի ապագա, որտեղ յուրաքանչյուր հայ ունի իր տեղը, իր ձայնը և իր հավատը հայրենիքի հանդեպ։
«Բաբոն տեր ա» նախաձեռնություն