Փաշինյանին անվստահություն չհայտնող ընդդիմությո՛ւն, ի՞նչ տարբերություն ձեր և Արամ Զավենի Սարգսյանի միջև. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելու համար կա աշխատող մեկ տարբերակ, որը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ. դա Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը կարող են նախաձեռնել միայն ու միայն Ազգային ժողովի պատգամավորները՝ ընդդիմադիր և իշխանական։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով  մինչև 2026 թվականը չսպասելու և ավելի վաղ իշխանափոխություն իրականացնելու ռեալ տարբերակների մասին, նման տեսակտ հայտնեց քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան էդգար Ղազարյանը՝ ընդգծելով՝ ԱԺ 54 պատգամավորի համաձայնությամբ է, որ Ազգային ժողովը կարող է սկսել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Ըստ Ղազարյանի՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում կա 34 ընդդիմադիր պատգամավոր, պարզ է, որ ևս 20, այս դեպքում արդեն՝ ՔՊ-ական կամ անկախ պատգամավորի կողմ քվե է անհրաժեշտ, որպեսզի Փաշինյանը հեռացվի վարչապետի պաշտոնից։

«Մինչդեռ 2021 թվականից մինչև հիմա որևէ պատգամավոր Ազգային ժողովում չի նախաձեռնել անվստահության գործընթաց»,- ասաց Ղազարյանը։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ նման գործընթաց չեն նախաձեռնել, քանի որ ՔՊ-ականները կողմ չեն քվեարկի Փաշինյանին հեռացնելու նախագծին, Ղազարյանն արձագանքեց.

«Հիշեցնում եմ՝ Ազգային ժողովում չկա գոնե մեկ պատգամավոր, որը 2021 թվականից հետո նախաձեռնած լինի անվստահության գործընթաց, հետևաբար՝ հարց է առաջանում, մնացել են Ազգային ժողովում, որ ի՞նչ անեն։  Մնացել են, որ Փաշինյանին հարց տա՞ն։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ԱԺ այս ընդդիմադիրնե՞րն են, թե՞ Արամ Զավենի Սարգսյանը, եթե այդ ընդդիմությունն անվստահության գործընթաց չի սկսում։ Կարծում եմ՝ չեն սկսում, որովհետև իրենք չունեն վարչապետի թեկնածու»,- ասաց Ղազարյանը՝ հարց ուղղելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ անվստահության գործընթաց չսկսելով՝ ի՞նչ եք կորցնում։

«Ի՞նչ եք կորցնելու, չէ՞ որ ՔՊ-ականների լեզուն արդեն իսկ երկար է։ Ես այդ ընդդիմադիր պատգամավորների փոխարեն ամաչում եմ. ամաչում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են ՔՊ-ականները ձեռք առնում ընդդիմադիրներին, իսկ դրա պատճառն այն է, որ իրենց դիմաց պայքարող ուժ չեն տեսնում։ Կամ, մի՞թե այդ նույն ընդդիմադիրները կարծում են, թե իշխանությունը փոխվելու է ընտրություններով։ Հայաստանում երբևէ իշխանությունն ընտրությունով փոխված կա՞, որ հիմա փոխվի, թող հարց տան իրենց ղեկավարներին՝ նրանց պաշտոնավարման օրոք ինչո՞ւ չէր փոխվում։ Կրկնում եմ՝ ինձ համար ի՞նչ տարբերություն՝ Արամ Զավենի Սարգսյա՞նն է ԱԺ-ում, թե՞ ներկայիս ընդդիմադիրները, որոնք չեն նախաձեռնում անվստահության գործընթաց»,- խոսքը եզրափակեց Ղազարյանը։

Հարցարզրույցի  մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս