«Փաշինյանի կործանումը սկսվել է. երկու բան տեղի կունենա». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը Գյումրիի ընտրություններից մեկ ամիս առաջ, մասնավորապես՝ այս տարվա մարտի 1-ին, մեր տաղավարում նշել էր, որ գյումրեցիները հասկանում են՝ իրենց վրա ինչ մեծ պատասխանատվություն է դրված, և «տրամաբանական է, որ ազգակործանն իր քայլերթը սկսեց Գյումրիից, այնտեղից էլ կսկսվի իր կործանումը»:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Գագիկ Մինասյանը վերահաստատեց նախկինում ասվածը՝ սկսվել է Նիկոլ Փաշինյանի կործանումը:

«Այդ կործանումը որևէ բանով հնարավոր չէ կանխել: Կարող են տարբեր ձևերով դանդաղեցնել, ընդ որում՝ այդ դանդաղեցնելն էլ մեծ ջանքեր է պահանջում: Ես ձեր տաղավարում եմ ասել, որ ցավում եմ այդ Սարիկի համար. տարիներ շարունակ իրեն նորմալ էր պահել, և այս դեպի կործանում գնացող իշխանությունն արեց քայլեր, որ իր վարկը մի քիչ բարձրացնի, և այդպիսի նորմալ տղային բերեց՝ ճակատագրի վրա մեծ խարան դրեց: Ես վստահ եմ, որ առաջիկայում այդ քայլերը շարունակելու է: Հետևաբար, ես չեմ ցավում այն ՔՊ-ականների համար, որոնք ամբողջովին թաղված են այդ կեղտի մեջ, ինչ ուզում է՝ թող նրանց հետ տեղի ունենա, իրենք իրենց խաչը կրելու են մինչև վերջ, բայց եթե այնպիսի տղաներ, ինչպիսին Սարիկն է, գայթակղվեն րոպեական ակնկալիքներով, շատ կտուժեն իրենց ողջ կյանքում: Հետևաբար, սա նաև դաս է այն մարդկանց համար, որոնք կարող է հրապուրվեն, գնան այդ կործանվող նավը նստեն և դրա հետ միասին սուզվեն»,- ասաց նա:

Գագիկ Մինասյանի խոսքով՝ «7 տարվա ավերից հետո» այն քաղաքում, որտեղից Նիկոլ Փաշինյանն ու թիմը սկսել էին իրենց «մահաբեր արշավը» դեպի մայրաքաղաք, հենց այդ քաղաքից էլ կսկսվի նրանց կործանումը.

Կարդացեք նաև

«Այդ կործանումն արդեն իսկ դրսևորվում է. ամբողջ վարչական ռեսուրսի կիրառմամբ, իսկ դա մեր նման երկրներում ենթադրում է 15-20 տոկոս, խայտառակ բաներ անելով՝ նույնիսկ հարևան պետությունից մարդիկ բերելով և նրանց քվեարկել տալով, մեծ ճնշումների արդյունքում իրենց հաջողվեց ընդամենը 36 տոկոս հավաքել: Իսկ ընդդիմությունը, որը գտնվում էր տոտալ ճնշման տակ, կարողացավ մեծամասնություն հավաքել:

Սա չափազանց լավ ցուցիչ է: Եթե սրան գումարեն այն փայլուն հաղթանակը, որ ընդդիմությունը տարավ Փարաքարում, խոսում է այն մասին, որ իսկապես, այլևս իրենց անկումը որևէ բանով հնարավոր չէ կանգնեցնել: Եթե իրենք անդրադառնան իրենց այս ողբերգական վիճակին, պետք է հասկանան, որ իրենց ցանկացած հաջորդ քայլ իրենց մեղքերն ավելի է մեծացնելու, ու զայրույթը ժողովրդի մոտ էլ ավելի է մեծանալու:

Թերևս, ամենաճիշտը կլինի, որ նրանք ուղղակի հեռանան, ուղղակի հրաժարվեն իրենց պաշտոններից ու հեռանան: Այդ պարագայում երկու բան տեղի կունենա, նախ՝ ժողովուրդը կփրկվի այն մեծ աղետներից, որոնք պատրաստել են իրենք ժողովրդի համար, երկրորդ՝ կունենա հնարավորություն՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածում կասեցնելու այս անկումը, որը մեծ թափ է հավաքել, ու հետո կամաց-կամաց վերականգնել, և ըստ այդմ էլ երևի իրենց մեղքն ավելի մեղմ կգնահատվի ապագա անխուսափելի դատական պրոցեսների ժամանակ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս