
Իրանն ուշադրության տակ է պահում իրավիճակը Երևանի ու Բաքվի միջև․ Փեզեշքիանը զրուցել է Ալիևի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի Երևան կատարած այցից օրեր անց կայացել է ԻԻՀ նախագահի հեռախոսազրույցն Իլհամ Ալիևի հետ։
Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռևս տարածել է միայն ադրբեջանական կողմը, նշելով, որ զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ «Կողմերը մտքեր են փոխանակել նաև տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ Իրանն ակտիվացրել է շփումները Երևանի և Բաքվի ուղղությամբ՝ կողմերի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու, ինչպես նաև սահմանին կրակահերթերի մասին տեղեկությունների ֆոնին։
Պատահական չէր թերևս, որ օրերս Երևանում ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հնարավոր համարեց ռեգիոնալ էսկալացիան։ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Արաղչին իրական էր համարել էսկալացիան և հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ այդ ռիսկը նվազագույնի կհասցվի, և տարածաշրջանում կայունություն կհաստատվի, որում շահագրգռված են բոլոր կողմերը։ Նա հիշեցրել էր, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին։ «Այս համաձայնագիրը շատ կարևոր է Կովկասում կայունության և խաղաղության համար, շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների համար: Հուսով ենք, որ խնդիրները մոտ ապագայում կլուծվեն, և այդ համաձայնագիրը կստորագրվի»,- ասել էր Արաղչին:
Հետաքրքրական է, որ Ալիև-Փեզեշքիան հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ ադրբեջանական հաղորդագրությունում չկա որևէ խոսք ռեգիոնալ իրավիճակի շուրջ քննարկումների մասին։ Քիչ հավանական է, որ թեման քննարկված չլինի այս շփման ընթացքում, հաշվի առնելով Իրանի մտահոգությունները, ինչը, թերևս, գուցե տեղ գտնի իրանական կողմի ապագա հաղորդագրությունում։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ իրանական կողմը մտահոգ է ռեգիոնալ հնարավոր զարգացումներով, որը փայլուն տեսանելի դարձավ Աբբաս Արաղչիի՝ Երևան կատարած այցի ընթացքում։
Նա հիշեցրեց, որ այդ այցի ընթացքում Իրանը հստակ գնահատականներ ու մտահոգություններ հնչեցրեց, դրանով ցույց տալով Իրանի ուշադրությունը զարգացումների ուղղությամբ։
«Չնայած այն հանգամանքին, որ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի հետ դիրքորոշումների փոխանակման փուլում, որն ուղեկցվում է մի շարք բարդություններով, ինչպես միշտ, սակայն չի մոռանում նաև հարևանության՝ Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի մասին, քանի որ Հայաստանի հետ սահմանը չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Դա նշանակում է, որ, երբ կան վտանգներ, կա կողմերի միջև տարաձայնություն ու անկայուն իրավիճակ, կա պատրաստ համաձայնագիր, սակայն այն չի ստորագրվում, Իրանը՝ որպես մտահոգ գործընկեր ու հարևան, նախաձեռնում է քայլեր՝ նաև նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը և թույլ չտալ իրավիճակի էլ ավելի լուրջ սրում։ Իրավիճակի վտանգը ոչ միայն կողմերի միջև հակամարտությունն է ու տարաձայնությունները, որոնք խոր արմատներ ունեն, այլ նաև աշխարհաքաղաքական իրավիճակը և ըստ էության բոլոր աշխարհաքաղաքական առանցքային խաղացողների գլոբալ օրակարգերով զբաղվածությունը»,- նման կարծիք հայտնեց Ալի Սալամին։
Նրա կարծիքով, Իրանի ու Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցում ամենայն հավանականությամբ քննարկվել է համաձայնագրի ստորագրման և իրավիճակը կայունացնելու անհրաժեշտության թեման։
«Երևանի ու Բաքվի միջև իրավիճակը ներկայումս ռեգիոնալ ամենակարևոր հարցն է՝ ինչպես կողմերի, այնպես էլ՝ Թեհրանի համար։ Որքան էլ բարդ զարգացումներ կան Իրանի շուրջ, այս հարցն ամենակարևորներից է Իրանի համար»,- ասաց նա։
Ներկայումս մյուս կարևոր հարցը, Ալի Սալամիի խոսքով, վերաբերում է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին և Իրանի հանդեպ հնչող վերջնագրերին ու սպառնալիքներին։ «Իրանը և դիվանագիտական, և անվտանգային զգոն քաղաքականություն է վարում, փորձելով թույլ չտալ էսկալացիա, զսպելով վտանգները, որոնք տարբեր կողմերից են։ Իրանը դեմ չէ բանակցություններին միջնորդավորված, հնարավոր միջնորդներ կան, տեսնենք՝ ինչպես կընթանան զարգացումները, վերջնագրերն Իրանը չի ընդունում»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է արդյոք միջնորդություն պաշտոնական Երևանի կողմից, Ալի Սալամին պատասխանեց, որ նման առաջարկ կարծես պաշտոնական հնչել է։
«Սակայն չգիտեմ՝ դիտարկվո՞ւմ է նման տարբերակ, թե՞ ոչ, երբ նման բանակցություններն այս պահի դրությամբ մերժվում են ԱՄՆ-ի կողմից»,- նկատեց նա։
Օրերս Երևանում Աբբաս Արաղչիի հետ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր․
«Այսօր հնարավորություն ունեցանք հանգամանալից քննարկել նաև միջազգային օրակարգի մի շարք այլ խնդիրներ։ Ես ընդգծել եմ Երևանի պատրաստակամությունը՝ մեր ավանդը բերելու մեր այլ բարեկամ պետությունների և Իրանի միջև երկխոսությանը»։
Հիշեցնենք, որ Թրամփը մարտի 12-ին նամակ էր ուղարկել Իրանին՝ առաջարկելով բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար, միաժամանակ սպառնալով, թե դրա այլընտրանքը խնդրի ռազմական լուծումը կլինի։ Անցած շաբաթավերջին Իրանը պատասխանեց Թրամփի նամակին։ Երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ պատրաստ են անուղղակի շփումների՝ մերժելով Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասաց, որ Թեհրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները։
Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել NBC News-ին: Նա սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և նոր մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ։ «Եթե նրանք համաձայնության չգան, ռմբակոծություններ կլինեն։ Կլինեն այնպիսի ռմբակոծություններ, որոնց նմանը նրանք երբեք չեն տեսել։ Եթե նրանք համաձայնության չգան, հնարավոր է՝ ես երկրորդային մաքսատուրքեր սահմանեմ նրանց նկատմամբ, ինչպես արել էի չորս տարի առաջ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ 2 շաբաթ ժամանակ կտա Թեհրանին՝ մտածելու համար։
Նա նաև շեշտել է, որ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները շփվում են, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Թեհրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից հարձակման հնարավորությանը, իսկ եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա: