
Միքայել Սրբազանը պետք է մնար իր ծանր տեղում և անհեթեթ բաներ չասեր. Սամվել Նիկոյան
«Ես ո՛չ 2-րդ նախագահի, ո՛չ 3-րդ նախագահի հետ անձնական խնդիր չունեմ, բայց այն գնահատականը, որը ես հնչեցրեցի՝ ասելով, որ 2-րդ և 3-րդ նախագահները վնասում են, դրանից հետո 3-րդ նախագահը դա ընդունեց սվիններով… Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է` կամ ես, կամ սրանք, կամ ոչ ոք իշխանության չի լինի»»,- News.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը՝ խոսելով քաղաքական գործընթացների և Գյումրիում մարտի 30-ի կայանալիք ընտրությունների մասին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Միքայել Սրբազանի այս խոսքերին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը նախ ցավ ապրեց Սրբազանի կողմից հնչեցված արտահայտությունների համար, ապա շարունակեց.
«Անհեթեթ մտքեր է Սրբազանն ասում։ Ես անձնապես նրա նկատմամբ դրական վերաբերմունք ունեմ, բայց երբ մարդիկ քաղաքական վերլուծություններ են կատարում, հաճախ հայտնվում են նման անհեթեթ իրավիճակներում։ Տեսե՛ք, թե ի՞նչ է նա ասում. նախ ասում է՝ ես համար մեկ ընդդիմադիրն եմ Գյումրիում, իսկ քանի որ ՏԻՄ ընտրությունների թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ինձ մոտ չի եկել, ուրեմն կեղծ ընդդիմադիր է։ Այսինքն, ինքն իր անձով է պայմանավորում թեկնածուի ընդդիմություն լինել կամ չլինելը։ Սա պարզունակ դատողություն է՝ առաջին հերթին քաղաքական իմաստով։ Ես չէի ուզենա, որ Սրբազանը նման բան ասեր։
Նույնը նաև Սերժ Սարգսյանի պարագայում է. նման դատողություն Սրբազանը չպետք է աներ, որովհետև դա անելու ո՛չ հիմքերն ունի, ո՛չ մասնագիտական կարողությունները, ո՛չ էլ՝ ինֆորմացիան։ Լավ կլիներ, եթե Սրբազանը մնար իր ծանր տեղում և չասեր բաներ, որոնք շատ խոցելի են»։
Նշենք, որ այսօր 168.am-ի լրագրողը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են իր ստվերի հետ դեռ կռվում մարդիկ, ինչին ի պատասխան՝ նա պատասխանել է.
«Այդ հարցին ե՞ս պիտի արդյոք պատասխանեմ: Այդ հարցին պիտի այդ մարդիկ պատասխանեն: Համենայնդեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվականը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։