
«3 տարի հասարակությանը «կտում» էին, թե մեծ տեմպերով բարեփոխումներ են ընթանում ոստիկանությունում. մարդուն խոշտանգելու դեպքը պետք է պետությունը բացահայտի, ոչ թե խոշտանգվողը». Նինա Կարապետյանց

Մարտի 15-ին Վանաձորի ոստիկանական բաժնում ծեծի էր ենթարկվել Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանները ծեծի միջոցով փորձել են իրեն ստիպել, որպեսզի խոստովանի չկատարած գողությունը։
Այս միջադեպից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում հորդորել էր չշտապել, քանի որ ամեն ինչ պետք է դեռևս ապացուցվի։ Չնայած դրան, Տիգրանն իր փաստաբանի և բազմաթիվ քաղաքացիների հետ 3 օր շարունակ բողոքի ակցիա իրականացրեցին Քննչական կոմիտեի մոտ։ Սակայն մինչև այս պահը ոստիկաններից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ այս ամենը ցավալի բացառիկ դեպքերից չէ, եթե տարիներ առաջ կարող էին պնդել, որ խոշտանգումների դեպքերը Հայաստանում նվազել են, ապա վերջին տարիներին բռնության, խոշտանգումների դեպքերը որակական ու քանակական առումով ավելացել են։
«Առհասարակ ինչի՞ մասին կարող է խոսք լինել, երբ եղել է 2 հայտարարություն 2 տարբեր անձանց կողմից, որոնք ահազանգել են՝ իրենց խոշտանգել են։ Մեկի՝ Տիգրան Առաքելյանի դեպքում վնասվածքի արձանագրում կար, ով պնդում էր, որ իր խոշտանգմանը, նվաստացմանը մասնակցել է Քննչական կոմիտեի նախագահը։ Մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, համարժեք որևէ գործընթաց իրականացված չէ։
Խոսել Տիգրան Ուլուբաբյանի դեպքի մասին, որը խոցելի խումբ է, ծնողներ չունի, հասարակությանն այդքան հայտնի չէ, առնվազն անտրամաբանական է։ Այստեղ պետք է շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքեցին այդ միջադեպին։ Մենք ունենք Եվրոպայի չեմպիոն մարզիկ, ով Հայաստանի դրոշը բարձրացրել է, մեդալ է բերել, անգամ նրա խոշտանգման գործով առաջընթաց չունենք, գործը տեղից չի շարժվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի հայ հասարակությունը հասկանա, որ ամեն մեկը՝ պատահականության սկզբունքով, կարող է հայտնվել ոստիկանության ձեռքին ու արժանանալ այն բախտին, ինչին Տիգրան Ուլուբաբյանը և մյուսները։
«Մենք ունենք դեպք, երբ մարդը վարույթ իրականացնող մարմնի շենքի պատուհանից իրեն ցած է գցել։ Չգիտեմ, գուցե հասարակությունը մտածում է, որ ինքը երաշխավորվա՞ծ է, ապահովագրվա՞ծ է նման դեպքերից, անձամբ ես նման երաշխիք չունեմ։ Պետք է լինի համահասարակական պահանջ, որպեսզի խիստ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք դիմում են խոշտանգումների։ Թեպետ, պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը քիչ է, որովհետև օրերս տեսա ՆԳ նախարարի ելույթը, որտեղ «լուրջ հիմնավորումներ» էր բերում՝ ցույց տալով «սուտ մատնության» համար հոդվածը։ Այս գործիքն օգտագործել են բոլորը, որի արդյունքում մարդիկ վախեցել են դիմել իրավապահներին՝ ասելու, որ իրենց խոշտանգել են, մեծ մասամբ նման դեպքերը չեն բացահայտվել, և որպես պատժիչ գործիք՝ օգտագործվել է նշածս հոդվածը։
Մարդուն խոշտանգելու դեպքը պետք է պետությունը բացահայտի, ոչ թե խոշտանգվողը, ամեն գործիքով պիտի պետությունն ապացուցի, որ իր քաղաքացին խոշտանգվել է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ոստիկանության բարեփոխումներին, որի մասին ամեն օր բարձրաձայնում է ՀՀ իշխանությունը, Նինա Կարապետյանցը շեշտեց.
«Հարցը պետք է տալ քաղհասարակության այն ներկայացուցիչներին, որոնք 3 տարի շարունակ հասարակությանը «կտում» էին, որ մեծ տեմպերով բարեփոխումներ են ընթանում ոստիկանությունում։ Բայց հետո ստիպված եղան կանգնել ու ասել՝ չէ, բարեփոխումներն այդքան լավ չեն ընթանում, դուրս ենք գալիս գործընթացից և այլն։ Մեկը կար, անմոռաց հասարակությանը մոլորության մեջ պահեց, հետո ասաց՝ բարեփոխում չկա։ Հետո նորից որոշեց, որ վերադառնում է համագործակցության։
Ինքս հենց սկզբից ասել եմ, որ այն փոփոխությունները, որոնք անում են, չեն կարող ոստիկանությունում բերել բարեփոխումների։ Ես նման կարծիք էի կազմել 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն իշխանության էին ու փակեցին այն բոլոր գործերը, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ չէին փակվել. դրանք տարբեր գործեր էին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք, ճիշտ է՝ չունեին առաջընթաց, բայց չէին փակվել»։
Նինա Կարապետյանցը նաև շեշտեց՝ երբ այդ գործերը փակվեցին, այն ժամանակ էլ ինքը վստահ էր, որ ինչ-որ ժամանակ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն է ունենալու օգտագործելու ոստիկանությանը։ Դրա ապացույցը տեսանելի եղավ 2020 թվականից սկսած։
«Նախկինում ոստիկանության գործողությունները դատապարտվում էին այսօրվա պատգամավորների կողմից, որոնք այն ժամանակ պատգամավոր չէին։ Հիմա փաստորեն այդ ամենն իրենց դուր է գալիս, բարձրաձայնում են, թե շատ պրոֆեսիոնալ և որակյալ աշխատանք են անում ոստիկանները»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։