Արայիկ Հարությունյանն ասել է՝ «ես այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ինձ այլևս չի լսում, ես պետք է հրաժարական տամ»․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 24News-ի տաղավարում անդրադարձել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ՔՊ-ականների շահարկումներին՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ինքն այլևս չի տիրապետում իրավիճակին և ուզում է հրաժարական տալ։

«Ես գիտեմ, որ երեք անգամ թե՛ Արցախի նախկին նախագահները, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը համոզել են Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա հրաժարական չներկայացնի։ Վերջում Արայիկ Հարությունյանն ասել է՝ «ես այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ»․․․ Վստահ եք, չէ՞, որ Սամվել Շահրամանյանը չէր երազում դառնալ Արցախի նախագահ։ Ես կարծում եմ՝ մեր հասարակության տրամաբանող հատվածն էլ է վստահ, որ Սամվել Շահրամանյանն այդ իրավիճակում ինչո՞ւ պետք է մտներ այդ բեռի տակ, որովհետև ոչ մի երաշխիք չկար, որ չէր լինելու այն, ինչ եղավ։ Արայիկ Հարությունյանն ասել է՝ եթե ես մնում եմ, Արցախը կորցնելու են, որևէ շանս չկա։ Որոշում է կայացվել, Արայիկ Հարությունյանն էլ այդ որոշման ջատագովն է եղել, որ Արցախի նախագահ ընտրվի Սամվել Շահրամանյանը, ով փորձել է անել ամեն ինչ, որ լուծի Արցախի ու Արցախի բնակչության հարցերը»,- ասել է Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ երբ 2023-ին Ադրբեջանը ներխուժեց Արցախ, Սամվել Շահրամանյանին ադրբեջանական կողմը փոխանցել է ռուսալեզու փաստաթուղթ։

«Թղթում առաջին տողում գրված է եղել՝ նոր իրողությունների պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, հիմա որոշում պետք է ընդունել, որ այլևս չկա այդ պետությունը։ Սամվել Շահրամանյանն էլ դիմել է խորամանկության, ասել է, որ չի կարող ԱԺ-ում այդ որոշումն անցկացնել, որովհետև քվորում չունենք, պատգամավորներն այստեղ չեն։ Որովհետև Արցախի Հանրապետությունը կարող էր լուծարվել միայն ԱԺ որոշմամբ։ Նախագահի հրամանագիրը որևէ իրավական ուժ չուներ։ Ադրբեջանի ուղարկած պահանջը ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին․ Փաշինյանը որևէ արձագանք չի տվել, ասել է՝ ինչ ուզում եք, արեք։ Դրանից հետո Սամվել Շահրամանյանը երկար բանակցությունների արդյունքում հասել է նրան, որ ստեղծվել է մի հրամանագրի տեքստ, որը ոչ մեկ չի տեսել, հայտարարել են, որ կա։ Ինչո՞ւ չենք տեսել, որովհետև այդ փաստաթուղթը չկա, դա արվել է միայն մի բանի համար, որ ապահովվի արցախցիների անվտանգությունը։ Սամվել Շահրամանյանը նախ՝ բանակցել է անվտանգային հարցերի շուրջ, որպեսզի Արցախի բնակչությանը չկոտորեն։ Երկրորդ՝ ասել է՝ ճանապարհները բացեք»,-ասել է նա՝ շեշտելով, որ ՀՀ-ում Սամվել Շահրամանյանը չեղարկել է այդ հրամանագիրը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս