Վիզաների ազատականացումը ե՞րբ կլինի. ցավոտ հարց է, վիճակը գոհացուցիչ չէ, ժամկետ չենք կարող ասել

Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ։ Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ վիզաների ազատականացման ժամկետների առումով։

«Դուք արդեն 1 տարի կամ 1 տարուց ավելի բանակցում եք, ինչ-որ որոշակիություն կա՞, թե երբ է այդ հարցը լուծում ստանալու։ Թե՞ մենք ամեն տարի պիտի հավաքվենք այստեղ ու ասենք, որ մենք ինտենսիվ բանակցում ենք, և դա կարող է տևել 2, 3, 4, 5 տարի։ Դուք` որպես հայկական կողմի բանակցող, ի՞նչ խնդիր եք դրել ժամկետների առումով»,- ասաց Գևորգյանը։

Հովհաննիսյանը նշեց՝ ԵՄ վիզաների դյուրացման պայմանագրի ոչ լիակատար իրականացման ոլորտում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում։
«Բողոքները բազմաթիվ են և չեն նվազում։ Փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ, կարծում ենք, որոշակիորեն բարելավվել է նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում։ Այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ»,- ասաց Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ժամկետներին, ԱԳ նախարարի տեղակալը նշեց՝ կցանկանար ժամկետներ ասել, բայց ԵՄ պաշտոնյաներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց։ Հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ գործընթացը միջինում տևում է 3-5,6 տարի։

Տեսանյութեր

Լրահոս