Այս անգամ ականջալուր կլինի՞ արդյոք Ալիևը Ռասմուսենին․ Ի՞նչ արժեք ու կշիռ ունի Ռասմուսենի խորհրդատվությունը Հայաստանին

Հերթական անգամ Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Իջևանում լրագրողների հետ կարճ հանդիպմանը նա փորձեց մի քանի ուղերձներ հղել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնցից մեկն Ադրբեջանին ուղղված խնդրանքն էր, պահանջը, խիստ զգուշացումը՝ ստորագրել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ։

Այս խնդրանքն արդեն մի քանի օր սոցցանցերի իր էջերով Ադրբեջանին ուղղում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Ռասմուսենն Իջևանում նշեց, որ երեք ուղերձ է ցանկանում փոխանցել, որոնցից մեկն այն է, որ՝ «մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում»:

Կարդացեք նաև

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով այս գործարքին»,- ասաց Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյայի երկրորդ ուղերձն այն էր, որ Հայաստանի և Եվրոպայի միջև կապերն ավելի ուժեղ լինեն, իսկ երրորդ ուղերձն այն է, որ ինքը շատ ուժեղ օժանդակում է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Նա բազմաթիվ հարցերի անդրադարձավ՝ շեշտադրելով ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը։

Ըստ նրա, հայկական կողմը զիջումներ է արել պահպանվող չլուծված հարցերի ուղղությամբ, ուստի համաձայնագիրը պետք է անհապաղ ստորագրվի, իսկ միջազգային հանրությունը պետք է պահանջի Ադրբեջանից ստորագրել։

Բացի այդ, Ռասմուսենը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ուղերձ հղի Ադրբեջանին և թույլ չտա հարձակում և ռազմագործողություններ։ Նա նաև գովերգեց Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ նշելով, որ այն բխում է Ադրբեջանի շահերից և ինչ օգուտներ այն կբերի Ադրբեջանին։

Ընդհանուր առմամբ Ռասմուսենը հերթական անգամ արտահայտեց իր աջակցությունը Փաշինյանին, Փաշինյանի արտաքին քաղաքական որոշումներին ու անհասկանալի ռեգիոնալ նախագծերին՝ այդ ամենը համեմելով Փաշինյանին ուղղված «համարձակ», «խիզախ» ու մի շարք այլ որակումներով։

Ռասմուսենի նմանօրինակ դիրքավորումը նորություն չէ և նույնիսկ ամենևին պատահական չէ։ Առաջին անգամը չէ, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ըստ էության, չունենալով որևէ պաշտոն Արևմուտքում, Հայաստանից Ադրբեջանին զգուշացումներ, կոչեր է ուղղում։

Նմանօրինակ կոչեր Ադրբեջանին Ռասմուսենն ուղղել էր դեռևս 2023 թվականի մարտի կեսերին, երբ իր ՀՀ կատարած այցի շրջանակում այցելել էր Ջերմուկ քաղաք և Լաչինի միջանցք, որը շրջափակված էր Ադրբեջանի կողմից։ Այս այցը մեծ էյֆորիա առաջացրեց Հայաստանի արևմտամետ ու իշխանական շրջանակներում, լայնորեն քննադատվեց ու ծաղրի արժանացավ Ադրբեջանում։

«Մենք բախվում ենք հումանիտար ճգնաժամի, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն օրինական չէ, շաբաթներ առաջ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ տրանսպորտի անարգել երթևեկությունը։ Այդ որոշումը պարտադիր է, և Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը։ Ես դիմում եմ նախագահ Իլհամ Ալիևին, անհապաղ դադարեցրեք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- 2023 թվականի մարտին հայտարարել էր Ռասմուսենը՝ միաժամանակ միջազգային հանրությանը հորդորելով չանտեսել այս խնդիրը և հորդորներ ուղարկել Բաքու։

Նա նույնիսկ Ալիևին ամեմատել էր Պուտինի հետ։

Այսօր էլ Իջևանում Ռասմուսենն Ադրբեջանին զգուշացնում է ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, քանի որ Հայաստանը զիջումներ է կատարել, և լուծել չլուծված հարցերը։ Սակայն ի՞նչ կշիռ ու արժեք ունեն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի, ներկայումս՝ քաղաքական խորհրդատուի հորդորները։

2023 թվականի նրա խիստ հորդորները հասարակության շրջանում, իհարկե, լայն արձագանք գտան, չէ՞ որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայության համար ականջահաճո հայտարարություններ է անում, սակայն այդ հայտարարություններից ընդամենը կես տարի անց Ադրբեջանը նախաձեռնեց հարձակում երկար ժամանակ շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախահայության դեմ, հայաթափելով Արցախը, էթնիկ զտման ենթարկելով այն։

Իսկ այսօր Ռասմուսենը միայն ասաց, որ «ցավում է», և իր ներկայիս ուշադրության կենտրոնում ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման հարցն է։

Քաղաքական խորհրդատվությունն այդպիսի ծառայություն է, թեմաներն արագ են փոխվում, «ֆոկուսները»՝ ևս, ըստ իրավիճակի, պետք է շուտ-շուտ փոխել դրանք, բայց դրանք պետությունների ու ժողովուրդների ճակատագրեր են արժենում։

Վերջին տարիներին ՀՀ իշխանություններն աշխատում են այս կազմակերպության հետ, և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը ՀՀ կառավարությունից գումար է ստանում իր խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև հանրային անդրադարձերի համար։ Դեռևս 2023 թվականի մարտի 18-ին 168amգրել էր, որ Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում տեղակայված է տեղեկատվություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա մասին, որտեղ կազմակերպության հաճախորդների ցանկում ներառված էր նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ տարվա կտրվածքով կազմակերպության եկամուտը կազմում էր 150.000-399.999 եվրո:

Այս եկամուտը «Ռասմուսեն գլոբալը» ստանալու էր 7 հաճախորդից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից:

Այսինքն՝ Ռասմուսենը ՀՀ կառավարությանը մատուցում էր վճարովի խորհրդատվական ծառայություններ՝ քաղաքական խորհրդատվություն, ռիսկերի գնահատում, ինչպես նաև հանրային աջակցություն։ Սակայն ժամանակը կարծես ցույց է տալիս այդ խորհրդատվության իրական որակն ու բովանդակությունը, հաշվի առնելով հանգամանքը, թե 2023-ին ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ու ինչ զարգացումներ հաջորդեցին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալում, անհաջող արտաքին քաղաքական շրջադարձ՝ աշխարհաքաղաքական տհաճ հետևանքներով։

Ռասմուսենն Իջևանում հայտնեց, որ վաղը հանդիպելու է Փաշինյանին, և քննարկելու մի շարք թեմաներ կան։

Նրա թվարկած թեմաները, իհարկե ակտուալ էին, հետաքրքիր հայաստանյան հանրությանը, սակայն այդ քննարկումների հնարավոր արդյունքը՝ խիստ կասկածելի, քանի որ տպավորություն է, որ Ռասմուսենը Հայաստանի դեպքում զբաղվում է ոչ թե խորհրդատվությամբ, այլ Փաշինյանի արտաքին քաղաքականության և նրա նախագծերի լոբբինգով, քանի որ անկախ այդ քաղաքականության զրոյական արդյունքից, Ռասմուսենը գովերգում է Փաշինյանի քաղաքականությունն ու նրա նախագծերը։

Ինչպես հայտնի է, Փաշինյան-Ռասմուսեն վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մյունխենի Անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը»,- նշել էր ՀՀ կառավարությունն այդ հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս