Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՀՀ կառավարությանը վճարովի ծառայություններ է մատուցում. որքա՞ն գումար է նա ստանալու «խորհրդատվության» դիմաց
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի նախկին ոչ հաստիքային խորհրդական, ներկայումս՝ «Ռասմուսեն գլոբալ» խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ում արված թվացյալ հայամետ հայտարարությունները մեծ իրարանցում են առաջացրել ոչ միայն հայաստանյան քաղաքական՝ արևմտամետ շրջանակների, այլև տարածաշրջանային մամուլի շրջանակում:
Այցին հավելյալ ինտրիգ հաղորդեց այն, թե ինչ ժամանակահատվածում տեղի ունեցավ այս այցը՝ ՀՀ իշխանությունների ակտիվ հակառուսական քաղաքականության և արևմտամետ ռևերանսների ֆոնին, երբ թվում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձից «5 րոպե է պակաս»:
«Ի՞նչ առաքելությամբ, ո՞ւմ հրավերով և ի՞նչն էր ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարին բերել Հայաստան». այս օրերին հնչող հիմնական հարցերն էին:
Անձամբ Ռասմուսենը, ով հանդիպումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ, խոստովանեց՝ Հայաստանում է ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի փորձի ամրապնդել ՀՀ-Արևմուտք հարաբերությունները:
Սրանով կարծես Ռասմուսենը տվեց շատ հարցերի պատասխաններ՝ հաշվի առնելով իր հիմնադրած խորհրդատվական կազմակերպության գործոնն ու ոչ վաղ անցյալում Ուկրաինայի նախկին նախագահին մատուցած խորհրդատվական ծառայությունները:
Վերադառնալով այցի օրակարգին՝ հիշեցնենք, որ իր երկօրյա այցի ընթացքում նա եղավ նաև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից էականորեն տուժած Ջերմուկ քաղաքում և Լաչինի միջանցքի սկզբնամասում, որտեղ էլ բավականին կոշտ ուղերձներ փորձեց հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը:
Նա խորհուրդ տվեց Ալիևին չնմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր ավտորիտարությամբ:
Զուգահեռաբար՝ Ռասմուսենն առանձնահատուկ բարձր գնահատեց Նիկոլ Փաշինյանի «ճկունությունը», իր գնահատականներով, ըստ էության, իր տոտալ աջակցությունը հայտնեց փաշինյանական ԼՂ «անվտանգության և իրավունքների» պաշտպանության թեզին, ապա ասաց նաև, որ «անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»:
Թերևս, պատահական չէր նաև, որ այս այցից հետո Նիկոլ Փաշինյանը նախօրեի Կառավարության նիստում կրկնեց իր դեկտեմբերյան առաջարկը՝ մի փոքր փոփոխված.
«Հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, ապա պետք է դիմի ՄԱԿ ԱԽ՝ ահազանգելու Լաչինի միջանցքում և ԼՂ-ում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու մասին»:
Ըստ էության, Ռասմուսենի հայաստանյան այցի ընթացքում հնչած բոլոր թեզերը համահունչ էին ՀՀ իշխանությունների թեզերին, ինչն այս իշխանությունների դեպքում շատ հազվադեպ է պատահում: Սակայն հատկապես ուշագրավ ու աչք ծակող էր այն հանգամանքը, որ ՀՀ-ն հատկապես վերջին շրջանում նույնիսկ արևմտյան պաշտոնական շրջանակներից, որոնց փորձում է մերձենալ և որոնց փորձում է մատուցել աշխարհաքաղաքական անգնահատելի ծառայություն Հարավային Կովկասից ՌԴ-ի ռազմաքաղաքական դուրսբերման տեսքով, չի ստանում հրապարակային քաղաքական աջակցություն Արևմուտքի կողմից, որի ականատեսը եղանք Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ու Հարավային Կովկասում ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի վերջին հարցազրույցներից, իսկ Ռասմուսենը, ով ներկայումս չի ներկայացնում արևմտյան որևէ պաշտոնական շրջանակ, աջակցություն է հայտնում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը և ՀՀ-ից նույնիսկ կոշտ ուղերձներ հղում Ալիևին:
Իհարկե, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կողմից, ով այսօր նույնիսկ չունի որևէ պաշտոն Արևմուտքում, աջակցությունը Հայաստանին, կոչերը՝ ուղղված Ադրբեջանին, կդիտարկվեին Հայաստանի Հանրապետության համար զգալի արտաքին քաղաքական աջակցություն, եթե չլիներ այն հանգամանքը, որ սա Ռասմուսենի համար պարզապես աշխատանք է, որի դիմաց նա վճարվում է: Այսինքն՝ նա ժամանակ առ ժամանակ, ըստ աշխարհաքաղաքական անհրաժեշտության, վճարովի ծառայություններ է մատուցում այս կամ այն երկրի իշխանություններին:
Այս դեպքում, փաստորեն, նաև Փաշինյանի իշխանությանը:
Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում տեղակայված է տեղեկատվություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա մասին, որտեղ կազմակերպության այս տարվա հաճախորդների ցանկում ներառված է նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ տարվա կտրվածքով կազմակերպության եկամուտը կազմում է 150,000-399,999 եվրո:
Այս եկամուտը «Ռասմուսեն գլոբալ»-ը ստանալու է 7 հաճախորդից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Ուստի, երբ հայաստանյան արևմտամետ գործիչներն ու շրջանակները Ռասմուսենի այցը ՀՀ և նրա հայտարարությունները փորձում են ներկայացնել՝ որպես Արևմուտքի՝ Հայաստանի հանդեպ անկեղծության դրսևորում, հարկ է հիշեցնել, որ սա ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարի համար պարզապես բիզնես համագործակցություն է:
Ավելին՝ իրականում հայտնի էլ չէ, թե կոնկրետ ինչ խորհրդատվություն է մատուցում Ռասմուսենը ՀՀ իշխանություններին, և արդյո՞ք այդ խորհրդատվությունն արժի նման գումարներ, և ի՞նչ ազդեցություն է դա ունենալու, կամ՝ դա խորհրդատվությո՞ւն է, թե՞ պարզապես վճարովի լոբբինգ: