Բաժիններ՝

«Ազատություն»-ը ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան

«Ազատություն» ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM), ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ՝ կանխելու Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը։

Ռադիոկայանը հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:

Գործը քննվելու է Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում:

«Հիմա Ամերիկայի թշնամիների քարոզչությանն ու գրաքննությանը զիջելու ժամանակը չէ։ Մենք կարծում ենք, որ օրենքը մեր կողմն է, և ամբողջ աշխարհում բռնակալների կողմից մեր վախճանը տոնելը վաղաժամ է», – հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

Սթիվեն Կապուսը հայտարարեց, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս