
Այլևս տանելի չէ այս իշխանությունների վարքագիծը. Նելլի Գրիգորյան

Արցախի ԱԺ պատգամավոր Նելլի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրային ցասման է արժանի Հայաստանի իշխանությունների, արդեն հաճախակի դարձած ոչ պատշաճ, իսկ երբեմն անօրինական վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։ Արցախցիները, ովքեր ստիպված լքել են իրենց հայրենիքը, այսօր Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն չեն ստանում պատշաճ աջակցություն, այլև հաճախ ենթարկվում են ճնշումների, անհարգալից վերաբերմունքի և խտրականության՝ միայն այն բանի համար, որ նրանք արցախցի են։
Եվ սա դրսևորվում է պետական մարմիններում ու ոստիկանության բաժանմունքներում՝ ծեծի, ֆիզիկական բռնության և ծաղրանքի տեսքով, ինչը բացարձակ անընդունելի է։
Օրեցօր ոստիկանների անպատժելիությունը ծնում է նոր և ավելի ծանր դեպքեր:
Վերջերս Վանաձորում արցախցու հետ տեղի ունեցածը ևս մի ապացույց է արցախցու նկատմամբ տածած ատելության և արհամարանքի: Այլևս տանելի չէ այս իշխանությունների վարքագիծը, օր առաջ պետք է սրանք դադարեցնեն այս խտրական և նվաստացուցիչ վերաբերմունքը և պարտավոր են անհապաղ ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խախտում են օրենքն ու մարդկային արժանապատվությունը։ Միևնույն է Արցախը երբեք չի լռելու, և նրա զավակները երբեք չեն հաշտվելու անարդարության հետ»,-գրել է Նելլի Գրիգորյանը: