
Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները

Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը հատեց եզրագիծը։ Այն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմի շրջանակում։ Մրցույթի գործընկերն էր Կոնվերս Բանկը:
«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել էին այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։
Մրցույթի ընթացքը բաժանված էր երկու հիմնական փուլի՝ դպրոցական և ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող էր ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։ Արդյունքում, միայն հիմնական փուլի համար ստացվել էր դպրոցական փուլը հաղթահարած գրեթե 700 շարադրություն։
Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած էր ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։
Արդյունքում հաղթող ճանաչվեցին Երևանի Մուրացանի անվան հ․18 հիմնական դպրոցի աշակերտ Էլեն Անտոնյանը, Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցի աշակերտ Եվա Ամիրյանը, Սարավանի հիմնական հանրակրթական դպրոցի աշակերտ Արտյոմ Մելքոնյանը և Գյումրու հ․ 40 հիմնական դպրոցի աշակերտ Գայանե Մկրտչյանը։
Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը:
Մարզերի դպրոցների դեպքում, կազմակերպիչները կապահովեն նաև հաղթող դպրոցների աշակերտների և ուսուցիչների տեղափոխությունը Երևան։ Այս գաղափարն ունի յուրահատուկ խորհուրդ, որն արդիական է մեր օրերում։
Մրցույթի պատվավոր ժյուրիի անդամ, սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով մրցանակակիրներին հանձնեց պատվոգրերը, իր խոսքում ընդգծեց, որ շատ հետաքրքիր շարադրություններ է կարդացել։
«Ձեզնից շատ բաներ կարելի է սովորել։ Շատ ուրախ եմ, որ կազմակերպվեց այս հրաշալի մրցույթը, որը ևս մեկ անգամ արդեն իսկ իրականացվել էր։ Կարծում եմ՝ առիթ կլինի նաև երրորդ անգամ կազմակերպել համահայաստանյան շարադրությունների մրցույթ։ Ճիշտ է՝ նման քանակի շարադրություններ կարդալը շատ բարդ էր, բայց բոլորիս համար շատ կարևոր էր իրականացնել այս մրցույթը»,-նշեց նա։
Մրցույթի կազմակերպիչ, պրոդյուսեր Վահան Գրիշկյանն էլ իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մրցույթի աջակիցներին ու հատկապես ժյուրիի անդամներին, բոլոր այն աշակերտներին, ովքեր մասնակցել են մրցույթին։