Թրամփի վարչակազմն ազդարարեց միջնորդության մեկնարկը Երևանի և Բաքվի միջև, սակայն որքանով այն արդյունավետ կլինի՝ կախված է շատ այլ հարցերից․ Խրամչիխին

Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին Երևանի ու Բաքվի հայտարարություններից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Թրամփի աշխատակազմը որոշ ջանքեր է ներդրել այս ուղղությամբ։

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կազմակերպվեցին ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ Ուկրաինա-ԱՄՆ առաջին բանակցությունները, որոնք կողմերը կառուցողական որակեցին։

Այդ բանակցությունների ընթացքում Ուկրաինան պատրաստակամություն էր հայտնել ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար հաստատել, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին Սաուդյան Արաբիայում ամերիկյան կողմի բանակցություններից հետո ասաց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այժմ խաղաղության հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհայտնի, որ փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է։ Ռուսաստանը բարի կամք կդրսևորի, եթե հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու համաձայնություն տա»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Կարդացեք նաև

Այս հնարավորությունը ռուսական կողմի հետ բանակցելու նպատակով մարտի 13-ին Ռուսաստան մեկնեց Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Այս հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները կարծես շարունակվում են, և մարտի 18-ին, ըստ նույն Ուիթքոֆի, տեղի է ունենալու Պուտին-Թրամփ երկրորդ հեռախոսազրույցը։ Այդ օրերին Մոսկվայում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չեն զինադադարին, սակայն այդ հարցում ունեն որոշակի վերաբերմունք, ուստի կան նյուանսներ, որոնք հավելյալ քննարկումներ են պահանջում, գուցեև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուստի այս քննարկումները դեռ շարունակվում են։

Սակայն մեզ համար ուշագրավն այն տեղեկատվությունն էր, որը հայտնվեց մարտի 14-ին ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ուիթքոֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու։

Այդ հրապարակումների համաձայն, Մոսկվա ժամանած Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը մարտի 14-ի գիշերը լքել է Ռուսաստանը: Ինքնաթիռը Մոսկվայից օդ է բարձրացել առավոտյան ժամը 01:54-ին և վայրէջք կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում երկուսուկես ժամ անց՝ առավոտյան 04:30-ին։ Նշվում էր, որ այցն Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ գործակցության շրջանակներում է։ Այս մասին հրապարակումներ էին արել իսրայելական ԶԼՄ-ները։

Մարտի 13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։

Մարտի 16-ին էլ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Ուոլթսը X-ում գրառում արեց ռեգիոնի մասին։ Նա նշեց, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։

«Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։

Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարեցնի մեր ջանքերը, մինչև դա իրականություն չդառնա»,- գրել էր Ուոլթսը։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԱՄՆ պաշտոնյան իր այս գրառմամբ ազդարարում է Թրամփի աշխատակազմի հետաքրքրությունն այս հարցով ու հետևաբար՝ նաև տարածաշրջանում դիվանագիտական աշխատանք ծավալելու հեռանկարը։

Ըստ նրա, եթե մինչև վերջին զարգացումները թվում էր, թե ԱՄՆ այս վարչակազմը չի զբաղվելու այս հակամարտությամբ և կենտրոնանալու է գլոբալ ուղղությունների վրա, ապա այս գրառումն այն մասին էր, որ ԱՄՆ-ը ներգրավվելու է այս ռեգիոնի զարգացումների հարցերում և չի ցանկանում իրավիճակի հետագա էսկալացիա։

«Եվ քանի որ Թրամփը դիրքավորվում է՝ որպես խաղաղություն հաստատող ուժ, պայքարում է, իրենց իսկ խոսքով, պատերազմների հանգեցրած Բայդենի ժառանգության դեմ, պետք է փորձի հենց խաղաղության հաստատման համար աշխատել։ Սակայն սա դեռ հանձնառություն է, և մենք գիտենք, որ սա ամենաբարդ հակամարտություններից է, որը պահանջում է բավականին ինտենսիվ բարձրաստիճան միջնորդություն։ Արդյոք կա՞ այդ գիտակցումը, որ այս հակամարտությամբ պետք է այդ ինտենսիվությամբ աշխատել, և կա՞ արդյոք հաշվարկ, որ գուցե այդ աշխատանքը չհանգեցնի այն արդյունքին, որին ձգտում է ԱՄՆ ներկայիս իշխանությունը։ Իսկ գլխավոր պատճառն այս հակամարտության առանձնահատկություններն են, հակամարտությունը փոքր է, սակայն ամենաբարդերից մեկն է։ Ներկայումս ևս տեսնում ենք այդ բարդության դրսևորումը, երբ կա իբրև թե համաձայնեցված համաձայնագիր, սակայն պահպանվում են խնդիրները կողմերի միջև, և հայտնի չէ, թե երբ կողմերը կկարողանան ստորագրել այդ համաձայնագիրը»,- ասաց Խրամչիխինը՝ հավելելով, որ մեկ բան է հանձնառության մասին հայտարարելը, որոշ քայլեր ձեռնարկելը, այլ բան է՝ հասկանալ հակամարտության բոլոր վտանգավոր կետերը և, դրանք գիտակցելով, ներգրավվել գործընթացում։

Նրա կարծիքով, թեև դեռ վաղ է եզրակացություններ անելու համար, սակայն ԱՄՆ ներկայիս վարչակազմի դեպքում կա հանձնառությունը, բայց հակամարտության ողջ բարդությունը չի կարող ընկալելի լինել։

«Պատճառը նաև այն է, որ այս թիմը նոր է սկսելու զբաղվել այս հարցերով։ Բացի այդ, տեսնում ենք, որ Թրամփի վարչակազմը բոլոր ուղղություններով արագ լուծումների է ձգտում, սակայն այդ ճանապարհին կան բանակցություններ, որոնք, ինչպես Ուկրաինայի դեպքում, տեսնում ենք, որ հեշտ չեն, նույնիսկ կարճատև հրադադարի հաստատումը կարող է բարդ խնդրի վերածվել։

Ոչ պակաս բարդ է նաև հարավկովկասյան հակամարտությունը։ Ուստի սպասենք Թրամփի վարչակազմի քայլերին, սակայն, թե դրանք որքանո՞վ կհամապատասխանեն իրավիճակին ու կլուծեն առկա հարցերը, չափազանց բարդ է ասելը։ Ամերիկյան միջնորդի շահը խաղաղություն հաստատելն է ու դա ներկայացնելը՝ որպես հաղթանակ, իսկ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը, այդ թվում՝ ուկրաինական հարցում, իր շահերն ունի ու ձգտում է այդ շահերն իրացնել, հենց դրանով էլ բարդ են բանակցությունները»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս