Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում «Ադրբեջանի» իշխանությունների կողմից պատմա-ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի, բնակելի թաղամասերի ոչնչացմանը զուգահեռ իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն: Այս քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայկական մշակութային ժառանգության աղվանականացումը: Այս մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

«1950- ական թվականների վերջին և 1960- ական թվականների սկզբին «Ադրբեջանում» սկիզբ է առել հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների աղվանականացման գործընթացը: Այս քաղաքականության հիմքում դրված է Զիա Բունյաթովի տեսությունը, ըստ որի Արցախի և Ուտիքի պատմամշակութային հուշարձանները, որոնք ստեղծվել են հայ ժողովրդի կողմից, ունեն «աղվանական ծագում»։ Նշված տեսությունը հետագայում զարգացրել են Ֆարիդա Մամեդովան և այլ «ադրբեջանցի» կեղծարարներ։ Համաձայն ադրբեջանական պետական քարոզչական այս թեզի ` «Կովկասյան Աղվանքը Ադրբեջանի Հանրապետության տարածքում պատմականորեն ամենավաղ «ադրբեջանական պետություն» պետությունն է»։ Քարոզչական և հակագիտական նման թեզերին զուգահեռ տեղորոշիչ քարտեզների վրա Արցախի մի շարք եկեղեցիներ և վանքեր նշվում են որպես «աղվանական»: Այդ քաղաքականությունը մինչ օրս էլ շարունակվում է՝ ունենալով պետական աջակցություն՝ ի դեմս նախագահ , ռազմական հանցագործ և պատմական փաստերի գլխավոր կեղծարար Իլհամ Ալիևի:

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ադրբեջանի» պետական մակարդակով իրականացվող աղվանականացման քաղաքականությունը դուրս է եկել Արցախի, Ուտիքի և Նախիջևանի տարածքներից՝ թիրախավորելով և յուրացնելով Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքներում գտնվող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաներ: Մասնավորապես՝ Տաթևի վանական համալիրը, Գոշավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հառիճավանքը, Հաղպատի վանական համալիրը, Հաղարծին վանական համալիրը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վրաստանի Բոլնիսի շրջանի ադրբեջանաբնակ Դեմիրլի (այժմ՝ Խախալջիվարի) գյուղից 500 մ հարավ-արևելքում գտնվող 1655 թ. կառուցված հայկական եկեղեցին(https://www.facebook.com/photo?fbid=10158892306391503… ) և այլն:

Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին: Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին <>: Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: ( https://monumentwatch.org/hy/monument/խաչեն-գյուղի-սբ․-ստեփանոս-եկեղեցին/ ) : Տեղորոշիչ քարտեզների վրա Սուրբ Ստեփանոս եկեղեցու ներկայացումը որպես «աղվանական»` խեղաթյուրում է պատմական իրականությունը ։

«Ադրբեջանի» աղվանականացման քաղաքականությանը գումարվեց հայկական որոշ եկեղեցիների ուղղափառացման քաղաքականությունը: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչը, ինչպես նաև ներկայացնում են որպես աղվանական Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամը) եկեղեցինները :

Հարկ ենք համարում ընդգծել, որ իսկությունը խեղաթյուրված պատմա-ճարտարապետական հուշարձաները ևս դառնում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ:

Հիմնովին ոչնչացված է «Ադրբեջանի» պետական քարոզչամեքենայի կողմից որպես «աղվանական» ներկայացված Ջուղայի խաչքարերը, որի տարածքում զորավարժարան է կառուցվել, Ծիծեռնավանքի խորանը և եզակի շուրֆը պղծվել են, հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, հիմնովին ավիրվել է, որպես ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացվող Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին: Չնայած այն հանգամանքին, որ բազմակի վանդալիզմի թիրախ դառնալուց հետո հիմնովին ավիրվեց Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին «Ադրբեջանի Հանրապետության մշակույթի» նախարարության http://heritage.gov.az կայք էջում այն ներկայացված է, որպես «Օրիորդաց վանք»:

Ներկայացվածը ընդամենը մի քանի օրինակներ են այն հազարավոր փաստագրված դեպքերից:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի նպատակն է հիմնովին ոչնչացնել և յուրացնել բռնազավթված հայկական բնակավայրերի համամարդկային մշակութային ժառանգությունը»,-գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս