
«Ասում են՝ հանդիպումների մեջ ենք ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, բայց որևէ հստակ պատասխան չկա». Արցախում բենզինի պայթյունից զոհվածների հարազատներ

Օրերս Արցախում վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների հարազատները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ՀՀ վարչապետին և ՀՀ պաշտպանության նախարարին։
Բաց նամակի տակ ստորագրել են 93 հոգի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները։
«Պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով 219 անձ զոհվեց, 22-ը մինչ օրս անհայտ կորած են։ Սակայն զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ մենք՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։
Բազմաթիվ գրավոր դիմումներ ենք ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ Վարչապետի աշխատակազմին, պաշտպանության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։
Սակայն, ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»։
Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ իրավական հիմքերին ու հիմնավորումներին, որոնք ևս փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է»,- նշված է բաց նամակում:
168.am-ի հետ զրույցում անհետ կորած անձանց հարազատներն ասացին, որ իրենց բաց նամակի վերաբերյալ դեռևս որևէ գերատեսչությունից չեն արձագանքել։
«Մեզ որևէ ռեալ պատասխան չեն տալիս։ Երեկ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ, ասել է՝ աշխատում ենք, աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ասում են՝ հանդիպումների մեջ ենք ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, բայց որևէ հստակ պատասխան չկա, այսինքն՝ որևէ արդյունք դեռ չկա։ Մնում է սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- նշեցին մեր զրուցակիցները։
Նրանք նաև ասացին՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո մինչև օրս իրենց բարձրացրած հարցի առնչությամբ որևէ դրական տեղաշարժ չկա, որը կարող են մատնանշել։
Հիշեցնենք, որ պայթյունից հետո անհետ կորածների հարազատները նախորդ տարի ամռանը մի քանի անգամ բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ հենց նա է բանակցում Ադրբեջանի հետ։ Ակցիային մասնակցում էին նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում զոհված և Արցախում հուղարկավորված անձանց հարազատները, նրանք էլ պահանջում էին, որպեսզի Կառավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի իրենց զոհված հարազատների մարմիններն Արցախից հանեն ու Հայաստանում վերահուղարկավորեն։ Սակայն նրանցից որևէ մեկին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չընդունեց։