
«Սա մեծ պլան է, միգուցե այս պահին դա չի զգացվում Երևանի փողոցներում. Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ մարդիկ սուրճ էին խմում Փարիզի կենտրոնում և չէին հասկանում պահի լրջությունը». Գառնիկ Քերքոնյան

Ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) այն կարծիքին է, որ Հայաստանը չպետք է լուծարի իր ջանքերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը:
«Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու չպետք է դա անենք, այն է, որ 1.5 տարվա ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 23-ից, վերադարձի որոշման իրավական հիմնավորման հարցը ներառվել է միջազգային իրավական փաստաթղթերում, Եվրախորհրդարանի որոշումներում, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներում, մասնավորապես՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի վերաբերյալ: Մենք ունենք բազմաթիվ էական իրավական հիմքեր այդ վերադարձն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ ձեր քարտերը սեղանին թողնելն ու հեռանալն ավելի վատ է, քան պահանջների բավարարումը: Դա նշանակում է՝ մեջքով շրջվել իրավունքի ուժին և միջազգային իրավական համակարգին»,- 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գառնիկ Քերքոնյանը նկատեց՝ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումներում շատ կոնկրետ խոսվում է վերադարձի իրավունքի մասին, Լաչինի միջանցքով մուտքի և ելքի մասին, որոնք ուժի մեջ են այսօր:
«Կարևորն իրավական որոշումները և նշումները դիվանագիտական և աշխարհաքաղաքական հաղթանակների վերածելն է, որում թերանում ենք: Վերադարձի իրավունքի հիմքերը կան: Մենք ընդգծել ենք բազմաթիվ կարևոր սյուներ, փաստացի, կարող եմ դրանք ամփոփել երեք կետերով: Առաջին՝ վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական, երկրորդ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ականատես ենք Բաքվից եկող ցեղասպան մտադրությունների հռետորաբանության, դա պետք է միջազգային անվտանգության երաշխիքների ներքո լինի: Եվ երրորդ՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց հիմնարար իրավունքներով, որը ներառում է կյանքի իրավունք և ինքնորոշման իրավունք»,- ասաց նա՝ ընդգծելով՝ դա սեղանին թողնելն ու հեռանալը հետքայլ է ոչ միայն միջազգային իրավական հարթությունում այս հարցում կատարված աշխատանքից, այլև անհարկի նահանջ է, որը կազդի Հայաստանի անվտանգության վրա:
«Ադրբեջանից լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանություն, «Արևմտյան Ադրբեջան» նրանց վերադարձի մասին հայտարարություններ, հրապարակում են քարտեզներ, որտեղ հայկական քաղաքները ներկայացված են ադրբեջանական անվանումներով: Սա ցուցիչն է այն հոգեվիճակի, այն մտադրությունների, որը գալիս է Բաքվից: Եթե խոչընդոտներ չստեղծենք՝ մեր տնից ավելի հեռու, գործ կունենանք այդ սպառնալիքների հետ մեր սահմանների ներսում, ինչը հենց այն է, ինչ ապրում ենք հենց հիմա»,- ասաց նա:
Անդրադառնալով գործող իշխանությունների միակողմանի զիջումներին և Ադրբեջանին հաճոյանալուն միտված քայլերին՝ նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի հարգում իր իսկ ստորագրած համաձայնագրերից որևէ մեկը:
Միջազգային իրավունքի մասնագետը զուգահեռներ անցկացրեց Միացյալ Թագավորության վարչապետ Նևիլ Չեմբեռլենի և Հիտլերի հանդիպման և պայմանավորվածությունների և հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա ներկայիս իրավիճակի միջև.
«Նևիլ Չեմբեռլենը 1938-ին գնացել էր Մյունխեն, զրուցել Հիտլերի հետ և վերադարձել Լոնդոն՝ ասելով՝ գիտե՞ք, ես նայեցի Հիտլերի աչքերին և տեսա մարդու, ում կարելի է վստահել, և նա պատրաստվում է խաղաղություն բերել Եվրոպային: Այդ պահի յուրօրինակությունն այն է, որ հանդիպումը տեղի էր ունեցել Հիտլերի գրաված Սուդետների մարզում: Նևիլ Չեմբեռլենը վերադարձել էր խաղաղության պայմանագրով և ասում էր՝ Հիտլերը մեզ խաղաղություն կտա: Ի՞նչ պատահեց դրանից հետո. Հիտլերը ոչ միայն Եվրոպային խաղաղություն չտվեց, այլ այն, ինչ տվեց, Ցեղասպանություն էր: Հիմնվելով նրա վրա, ինչ տեսել եմ, Արցախը Բաքվի «Սուդետների մարզն» է, նրանք չեն ավարտել, և սա շատ կարևոր կոնցեպտ է, որ պետք է հիշել: 1938-ին և 1939-ին մարդիկ սուրճ էին խմում և հանգստանում էին Փարիզի փողոցներում, և չէին հասկանում պահի լրջությունը, որում գտնվում էին: Մենք գործընթացների մեջտեղում ենք: Հաճոյակատարությունը չի կարող աշխատել միջազգային հարաբերություններում, սա հիմնարար դասն է Երկրորդ համաշխարհայինի հետպատերազմական իրավիճակում: Դա չի աշխատել Արցախի գրավումից հետո, դրա արդյունքը խաղաղությունը չի եղել, այլ ռազմական օկուպացիան՝ Հայաստանի սուվերեն սահմաններից ներս, Տավուշի տարածքների գրավումը, որը ևս չի բերել խաղաղության»:
Գառնիկ Քերքոնյանն Արման Թաթոյանի հետ երկու տարի առաջ եղել է Շուռնուխ և Ներքին Հանդ գյուղերում, Սյունիքի բազմաթիվ այլ բնակավայրերում, և այնտեղ տեսածը համարում է շոկային. «Սյունիքում, և այն, ինչ տեսանք, շոկային զարգացումներ էին: Հայ աշակերտների՝ երեխաների, տեսադաշտում ադրբեջանական ռազմաբազաներն էին, ուսուցիչները դպրոց էին գնում՝ «Շուռնուխքենդի» անվանումով նշանների կողքով անցնելով, նաև Ադրբեջանի դրոշներն էին ծածանվում»:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մի անհանգստացեք, ծառեր կտնկենք, նա արձագանքեց. «Կարծում եմ, որ դա ավելին կպահանջի, քան ծառերը: Սյունիքի օդանավակայանում կարող է տպավորություն ստեղծվել, թե այն գտնվում է Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում. 500 մետր այն կողմ ադրբեջանական դիրք է: Ի՞նչ օդանավեր են թռչելու այնտեղ: Դա արդեն ազդել է Հայաստանի ներքին կյանքի վրա՝ ֆիզիկական իմաստով: Միգուցե, այս պահին դա չի զգացվում Երևանի փողոցներում, բայց պետք է հասկանանք, որ սա գործընթաց է»:
Նա շեշտեց, որ տեղի ունեցողը միայն եռակողմ պայմանագրի խախտման առանձին դեպք կամ միայն միջանցքի վերաբերյալ քննարկում չէ, այս ամենն ավելի մեծ ծրագրի մասնիկներ են. «Սա խոսում է մտադրության մասին: Սա միայն բռնի տեղահանության մասին չէ, սա ցեղասպանության մասին է, երբ մտածում ես, թե որն է մտադրությունը: Մարդիկ իրար միշտ էլ սպանում են, բայց դրա հետևում եղած պատճառը չափազանց կարևոր է: Մեծ պլանն այստեղ ամբողջովին ուժի մեջ է, Հայաստանի սուվերեն ներկայության վերացման ռիսկը տեսանելի է»:
Հ.Գ. Գառնիկ Քերքոնյանը սովորել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի (HARVARD UNIVERSITY – AB in Government, magna cum laude) միջազգային հարաբերությունների և քաղաքական փիլիսոփայության բաժնում, դոկտորականը պաշտպանել է ԱՄՆ Չիկագոյի համալսարանում (UNIVERSITY OF CHICAGO LAW SCHOOL – Juris Doctorate and Law Review)՝ իրավաբանություն և տնտեսություն մասնագիտացմամբ, հետդոկտորական կրթությունը՝ միջազգային իրավունք մասնագիտացմամբ՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում (CAMBRIDGE UNIVERSITY (England) – Dipl. in Public International Law):