«Եթե հայ ժողովուրդն ընտրում է Սիրիայի ճակատագիրը՝ թող ընտրի Նիկոլին». Արմեն Պետրոսյան

«Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Սիրիայում մարտի 6-ից սկիզբ առած քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունները, որոնք տեղի են ունենում 21-րդ դարում՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, ինչ-որ առումով հիշեցնում են 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը, երբ ադրբեջանցի զինվորները սպանում էին խաղաղ բնակիչներին, երեխաներին։ Դա նաև ցայտուն օրինակ է, որ արցախահայերը ևս կարող էին զանգվածաբար սպանվել, եթե մնային Արցախում։

«Ամբողջ աշխարհն օնլայն տարբերակով տեսնում է, թե ինչ է կատարվում Սիրիայում, սա անգործության հետևանք է, տեղի ունեցողը միանշանակ ցեղասպանություն է։ Այստեղ կա Արևմուտքի ձեռագիրը, և սա ցուցադրական օրինակ է այն բանի, թե ինչ կլիներ արցախահայերի հետ 2023 թվականի սեպտեմբերին, եթե բոլորը որոշեին, որ մնալու են Արցախում։

Թեզը, որն այսօր ՀՀ իշխանությունը փաթաթում է մեր ժողովրդի վզին, թե՝ «արցախահայերը պետք է մնային տեղում, դուրս չգային, եթե արցախահայերն այնտեղ չեն, էլ ի՞նչ Արցախի հարց», զուտ քայլ է, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։

Նա շեշտեց՝ 2023 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանցի զինվորներն Արցախում երեխաներին էին սպանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե՝ «Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին ուղիղ վտանգ չի սպառնում», արդարացնելով իր անգործությունը, քանի որ Հայաստանն էր հանդիսանում Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ ազատ արձակեց Ադրբեջանի ձեռքերը՝ գնալ հանցագործությունների, էթնիկ զտման հիմքեր տվեց Ադրբեջանին։ Փաշինյանն իր ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար ամեն ինչ արել է և շարունակում է անել։ Ադրբեջանն Արցախում իրականացրել է էթնոցիդ, ցեղասպանությունը միայն կյանքից զրկելը չէ, Ադրբեջանը մեզ զրկել է նաև մեր հայրենիքից, մեր մշակութային հուշարձաններից։

Հիմա էլ Հայաստանը կանգնեցրել են ընտրության առաջ՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք, պարզ է, չէ՞, որ դեպի Արևմուտք Հայաստանի ճանապարհն անցնելու է Թուրքիայով։ Հայաստանի համար Արևմուտք մուտքի դարպասը Թուրքիայում է։ Հիմա հայ ժողովուրդը կանգնած է ընտրության առաջ՝ ընտրելու է Սիրիայի ճակատագի՞րը, թե՞, օրինակ, Բելառուսի նման պետության ճակատագիրը։ Եթե հայ ժողովուրդն ընտրում է Սիրիայի ճակատագիրը՝ թող ընտրի Նիկոլին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շատ են վախենում 2026 թվականի ընտրություններից, և այդ ամենի վառ ապացույցն այն է, որ Գյումրու համայնքապետի ընտրությունները վերածել են մեծ մասշտաբի ընտրությունների։

«Ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանը գնաց Գյումրի, ցույց տվեց, թե իշխանական լծակները որ թեկնածուի օգտին են օգտագործվելու»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս