
Ադրբեջանը դիմում է սադրանքի. Ո՞րը կլինի Փաշինյանի փրկության գինը

2024 թվականի դեկտեմբերին 168.am-ը՝ «Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանեց այլ փոխշահավետ գործարքով. Փաշինյանը կարող է Ադրբեջանի դատախազության նախաձեռնությանը դրական ազդակներ ուղարկել» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարական գործարք կնքելու Ալիևին արված առաջարկին և Ադրբեջանի դատախազության գործարք-պատասխանին, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է համագործակցեն իրենց հետ Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:
«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- նշվում էր ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։
Նշենք, որ դրանից առաջ՝ 2024թ. հոկտեմբերին, Ալիևը հայտարարել էր՝ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին», այն համարելով երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը:
Բազմիցս գրել ենք, որ այս գործարք-առաջարկը կամ պահանջը Ադրբեջանը շարունակելու է առաջ տանել՝ որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման, և, որ նման զարգացում լինելու է ադրբեջանական մյուս պահանջների դեպքում, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերին առնչվող, հատկապես, երբ Բաքվի դատարանում Ադրբեջանի պետական մեղադրողների հայտարարությունները և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունն» արդեն իսկ ցույց է տվել, որ այն իրականում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ՀՀ զինված ուժերի է։
Իսկ գուցե Փաշինյանին ձեռնտո՞ւ է, որ ադրբեջանական այս հիմնավորումներն օգտագործի և շարունակի ՀՀ զինված ուժերին պարտադրել լեգիտիմ խնդիրներ, որոնք ընկալելի կլինեն աշխարհի և միջազգային իրավունքի համար:
Բայց հարց է՝ ո՞ր կամ ի՞նչ միջազգային իրավունքի, ո՞ր աշխարհի: Այն, որ փլվո՞ւմ է, վերաձևավորվո՞ւմ, այն, որտեղ ուժն է ծնում իրավո՞ւնք, և գնալով ավելի շա՞տ:
Այն աշխարհի, որը, օրինակ, ստիպում է ԱՄՆ նախագահ Թրամփին մտածել ԱՄՆ-ում «Ոսկե գմբեթ» նոր հակահրթիռային վահան տեղակայելու մասի՞ն, կամ՝ ԵՄ առաջնորդներին համաձայնության գալ Եվրոպան ռազմականացնելու 800 միլիարդ եվրոյի ծրագրի շո՞ւրջ:
Վերադառնալով բուն թեմային, նշենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով Բաքվի «դատավարության» հայաստանյան «քարոզչական արշավին»՝ հայտարարել է, թե «դատական գործընթացը» լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության շրջանում, ինչն անվանել է «Ադրբեջանի ներքին գործերին միջամտել»:
Ադրբեջանի, ինչո՞ւ չէ՝ Թուրքիայի դեպքում, որոնք ամեն պատեհ կամ անպատեհ առիթի փորձել են միջամտել ՀՀ ներքին հարցերին, այդ թվում՝ Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության օրերին, նման գնահատականը, մեղմ ասած՝ ծիծաղելի է:
Իսկ Փաշինյանն անձամբ, իհարկե, մտահոգվելու պատճառներ ունի, սակայն ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունն է կրելու Փաշինյանի որոշումների պատասխանատվությունը՝ որպես երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի:
«Հուսով ենք, որ Հայաստանը՝ որպես ՄՔԴ անդամ, կճանաչի իր պատասխանատվությունն այս համատեքստում կատարված «ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների համար (չակերտները։- Մ.Պ.)»: «Դատավարության» դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման անկեղծ ձգտումը կապացուցի Հայաստանի պատրաստակամությունը՝ եթե նա ընդունի իր պատասխանատվությունը և հանձնի այն անձանց, ովքեր մեղադրվում են «ռազմական հանցագործությունների մեջ», հատկապես նրանց, որոնք թաքնվում են ՀՀ տարածքում»,– X-ում գրել է Ալիևի օգնականը՝ հավելելով, որ Հայաստանը սխալվում է, եթե մտածում է, որ իր «կատարած հանցագործությունները» ժամանակի ընթացքում մոռացվելու են, «անհրաժեշտ են իրական քայլեր արդարության և խաղաղության հասնելու, և ոչ թե պոպուլիստական հռետորաբանություն»:
Այսինքն, Ադրբեջանը, ինչպես նշեցինք, Բաքվի «դատավարությունն» օգտագործում է Հայաստանի դեմ՝ նաև որպես բանակցություներում ճնշման գործիք, և «դատական նիստերի» ժամանակ հիշատակում նաև այն ժամանակահատվածները, որի ժամանակ Հայաստանի ղեկավար և գերագույն հրամանատարը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել՝ հուլիսյան մարտեր, 44-օրյա պատերազմ, «Գյանջայի դեպքեր»:
Ի դեպ, անցած տարի Ալիևն իր օգնականի միջոցով Հայաստանից պահանջել էր հետաքննել «Գյանջայի դեպքերը»:
Իսկ արդեն 2025-ին Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր ցուցմունքներում խոսել էր «Գյանջայի դեպքերից», հետո ևս մեկ անգամ էր անդրադարձել՝ ասելով, որ ինքը որոշում կայացնելու լիազորություն չի ունեցել, և երկրորդ անգամ սլաքն ուղդել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղղությամբ։ Եթե անգամ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Արայիկ Հարությունյանի ցուցմունքն իրականություն էր, ապա չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ ներկայանում էր որպես գերագույն հրամանատար:
Ավելին, երբ հուլիսյան մարտերի օրերին հասարակությունը հաղթանակների հեղինակ համարում էր այդ ժամանակվա ռազմական ղեկավարությանը և ՀՀ 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, Փաշինյանը խանդից ելնելով՝ իշխանական շրջանակների հրահանգել էր գեներացնել, թե առանց երկրի ղեկավարի իմացության՝ ոչինչ չի կարող լինել: Եվ հիմա, ինչպես նշեցինք՝ Բաքվի «դատավարության» ժամանակ չեն անտեսվել նաև հուլիսյան մարտերը:
Այդ մասին հիշատակում կա նաև 2021 թվականի հունվարին ՄԱԿ ուղարկված ադրբեջանական նամակ-զեկույցում, որտեղ Ադրբեջանը հուլիսյան մարտերը համարում է ոչ թե «ինքնաբուխ միջադեպ», այլ նախապես հաշվարկված՝ «նպատակ հետապնդելով լարվածության նոր աղբյուր ստեղծել տարածաշրջանում և վտանգել Ադրբեջանում ռազմավարական էներգետիկ և ենթակառուցվածքային գերնախագծերը, որոնցում նաև այլ երկրների մասնակցություն կա»:
«Փորձնական հարձակումը Հայաստանը ձախողել է, և, ամեն դեպքում, շարունակել է սադրանքը և ակտիվացրել նոր հարձակման նախապատրաստությունը»,- նշվում է զեկույցում:
Այսինքն, մի կողմից, Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններ սադրելու համար, մյուս կողմից, ըստ էության, ընդունում է, որ հարձակում չի եղել:
168.am-ը հուլիսյան մարտերի օրերին առնչվող հոդվածում («Հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները. 44-օրյան սպասելի՞ էր») հիշեցրել էր, որ 2020 թվականի հուլիսի 18-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում էր ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այս հանդիպմանը Փաշինյանը հուլիսյան մարտերի համատեքստում ասել էր.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու»:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, կրկնել էր Փաշինյանի պնդումը.
«Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»:
2020 թվականի հոկտեմբերի կեսերին էլ, երբ արդեն 44-օրյա պատերազմն էր, նախագահ Արմեն Սարգսյանը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր.
«Խոսում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք պաշտպանելու համար: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Եթե այդ ժամանակ հարվածեին, այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և՝ Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և այդ գումարներն օգտագործելով՝ գնել զենք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ»:
Իսկ 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը, ըստ էության, ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հրահանգով և համաձայնությամբ ոչ միայն չթիրախավորեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը, այլև ռազմական նշանակության շատ օբյեկտներ:
Ի դեպ, մի առիթով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ակնարկել էր, որ Արցախի երկրորդ պատերազմը կարող էր սկսվել 2020 թվականի հուլիսին, բայց սկսվեց ամիսներ հետո՝ սեպտեմբերի 27-ին:
Վերադառնալով Հաջիևի վերջին հայտարարությանը, որում նա հղում է արել 2020 թվականի փետրվարին ՄԱԿ ուղարկված զեկույցին՝ հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր հայտարարություն անել, որ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան:
Արտաքին գործերի նախկին նախարարի այս պահանջը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համարել էր սադրանք:
«Այսինքն՝ որ կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են… Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես դա գնահատում եմ որպես սադրանք, գնահատում եմ դա որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- շեշտել էր Սիմոնյանը՝ մոռանալով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմում պատանդների, գերիների, այլ պահվող անձանց մասին կետ կա (8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում), իսկ Բաքվի բանտում էլ 44-օրյա պատերազմի օրերից պահվող մարդ կա:
Հետաքրքիր է՝ ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ալիևի առաջարկը, որ Հայաստանը պետք է ընդունի իր պատասխանատվությունը «կատարված ռազմական հանցագործությունների» տրամաբանության մեջ և հանձնի այն անձանց, ովքեր մեղադրվում են դրանց մեջ, և դրանով իսկ ապացուցի, որ պատրաստ է իր պատրաստակամությունը խաղաղության հասնելու, սադրանք չէ՞:
Իսկ ինչպե՞ս են իշխանությունները պատրաստվում պատասխանել դրան՝ սադրանքին ընդառաջ գնալո՞վ… իսկ եթե Ալիևը մի օր էլ Նիկոլ Փաշինյանի՞ն պահանջի…
Վստահ են, որ նման բան չի լինի՞, իսկ ո՞րն է այդ վստահության հիմքը կամ գուցե գի՞նը… Ադրբեջանի դեմ միջպետական գանգատները միակողմանի հետ կանչե՞լը, թե՞ նախկին նախագահներին կամ բարձրաստիճան զինվորականությունից ինչ-ինչ մարդկանց հանձնելը…