
Փաշինյանին կհեռացնեն Սյունիքով միջանցքը տալուց հետո. Մավրն իր գործն արել է, Մավրը պետք է հեռանա. Հայկ Նահապետյան
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն հեռացնի. այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հունվարի 1-ի (2026 թ.,- Ա.Ս.) դրությամբ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ երկու տարի վճարումներ չեն արվել. երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,- ասել է նա՝ ընդգծելով՝ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։
Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանսավորում հատկացնել կառույցին և չի մասնակցում զորավարժություններին և նիստերին, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսել:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների մասին, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց՝ չեմ կարծում, որ անգամ պարտավորությունների չկատարումը կհանգեցնի ՀԱՊԿ-ից Հայաստանը հեռացնելու գործընթացին։
«Նույնիսկ Հայաստանի օրվա իշխանության նման կեցվածքը չի կարող ազդել ՀԱՊԿ-ի և այդ կառույցի առանցքային դերակատար Ռուսաստանի վրա, որովհետև ՀՀ-ն ունի ռազմավարական նշանակություն, կա վտանգ թուրքական միջանցք բացելու, իսկ դա Ռուսաստանի համար կարևոր խնդիր է։ Հետևապես, եթե Հայաստանը, անգամ պարտքով, գումարներ խնդրի ՀԱՊԿ-ից, Հայաստանը չեն հանի այդ կառույցից, հատկապես, որ Փաշինյանը հասկացել է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, այս դեպքում՝ Ռուսաստան»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դերակատարման անհրաժեշտությանը, երբ Հայաստանի տարածքում ռազմական գործողությունները բացառված չեն, ապա, ըստ Նահապետյանի, ՀԱՊԿ-ը պարբերաբար հայկական կողմին աջակցություն է առաջարկել, ինչից, սակայն, հրաժարվել է ՀՀ իշխանությունը։
«Հրաժարվելուն զուգահեռ՝ Փաշինյանը տեղեկատվական ֆոն է ստեղծում, որ՝ եթե Հայաստանի հարավը Ադրբեջանի կողմից օկուպացվի, օրինակ՝ Մեղրիի, կամ Գորիսի, կամ Ջերմուկից դեպի Երասխ հատվածներից, ապա այդ դեպքում կթիրախավորվի Ադրբեջանը, որովհետև կասվի՝ Հայաստանը պատրաստ է եղել ճանապարհները տալ, ինչին համաձայն չի եղել ադրբեջանական կողմը։ «Արմենպրես»-ում հրապարակված նրա վերջին հոդվածն այս քարոզչական ֆոնն ապահովելու համար էր»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ Փաշինյանը միջանցք տալուն դեմ չէ, բայց չթիրախավորվելու համար նախընտրում է, որ դա արվի ռազմական ճանապարհով, ուստի մինչև հիմա իրագործել է քայլեր, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում ադրբեջանական կողմի համար՝ Սյունիքում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։
«Սյունիքով Միջանցքը տրվելու է։ Փաշինյանի գոյության՝ լինելիության երաշխիքը պայմանավորված է Սյունիքով միջանցք տալով։ Հիշեք, որ այդ հատվածում կար ռուսական 17 հենակետ։ Ինչո՞ւ Փաշինյանը նրանց հեռացրեց, եթե կար վտանգ, որ ադրբեջանական կողմը հենց այդ հատվածներով կարող է անցնել ռազմական գործողությունների։
Ուշադրություն հրավիրեք այն հանգամանքի վրա, որ ես խոսում եմ ոչ թե սահմանապահների, այլ 102-րդ ռազմաբազայի հենակետերի մասին, որտեղ զինված մարդիկ էին, ոչ թե սահմանապահներ։ Ադրբեջանական ռազմական գործողությունների պարագայում ռուսական դրոշով ռազմուժի ներկայությունն արդեն զսպող գործոն էր լինելու, այնպես որ, Փաշինյանին կհեռացնեն Սյունիքով միջանցքը տալուց հետո. Մավրն իր գործն արել է, Մավրը պետք է հեռանա»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։