Ի՞նչ է զգուշացրել Սերժ Սարգսյանը թիմակիցներին. Սամվել Նիկոյանն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում

ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը բացասական է գնահատում ընդդիմության ներսում առկա լարվածությունը, միմյանց նկատմամբ հնչող մեղադրանքները:

«Դա ինձ սպառում է, դա ինձ ներսից քանդում է, որովհետև ես չեմ հասկանում՝ ինչ խնդիր է լուծվում: Ես դա չեմ ընդունում: Մենք ունենք ներքին և արտաքին թշնամի, և ցանկացած քայլ, որը դուրս է այս նպատակից, ես չեմ ընդունում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ մի խոսք որ ասում է, պետք է ունենա նպատակ, իսկ նպատակը հետևյալն է՝ ի՞նչ եմ անում իմ պետության առջև ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ: 2018-ի իրադարձությունների ժամանակ եղել եմ Սերժ Սարգսյանի կողքին, ես նրան տեսել եմ ներքին տանջանքի ու տառապանքի մեջ, մի՛ ասեք, որ նա է բերել, գոնե ասեք, որ բավարար վճռականություն չեք ունեցել թույլ չտալու համար:

Ես համաձայն եմ, որ միգուցե եղել է վճռականության պակաս: Իմ երկրի Երկրորդ նախագահն է Ռոբերտ Քոչարյանը, ես նրան հարգանքով եմ վերաբերվում, Սերժ Սարգսյանն իմ կուսակցության ղեկավարն է, հարազատ է ինձ համար, բայց այս ամենին պետք է վերևից նայել ու ասել՝ էս ի՞նչ ենք անում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ ազգային ուժերի թվաքանակն այնքան է քչացել, որ որևէ կորուստ, որևէ ջլատում անթույլատրելի է:

«Մարդիկ, որոնց ներդրումն ավելի քիչ է, քան իրենց պատճառած վնասը, ինչ-որ պահի պետք է կարողանան լռել: Ղեկավարները պետք է մի քիչ էլ ավելի կոշտ, հստակ ուղերձներ հղեն իրենց թիմակիցներին»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Սամվել Նիկոյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց այն մասին, թե ինչ է զգուշացրել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցներին. «Գոնե իմ ներկայությամբ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է՝ չափավոր՝ Երկրորդ նախագահի հետ կապված: Ինձ նույնիսկ մեկ անգամ ասաց՝ շատ էմոցիոնալ ես խոսում, կարծում եմ՝ պետք չէր: Խոսքս էմոցիոնալ էր և կարող էր Երկրորդ նախագահը դրական բաներ չստանալ, չնայած՝ ես այդպես չեմ համարում, բայց ինձ զգուշացրել է. բոլորին է զգուշացրել: Ես մտածում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո բոլորի հետ մենք փողոցում ենք լինելու, ուս ուսի տված ենք լինելու, միմյանց աչքերին նայելու ենք, դրա համար ես ուզում եմ արդար լինել, ազնիվ լինել բոլորի հանդեպ»:

Նա անդադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ գաղափարական տրանսֆորմացիաների վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ Փաշինյանը կարողանում է ժողովրդին շատ լավ խաբել.

«Ընդդիմությունը պետք է նախ՝ միասնական լինի, երկրորդ՝ նոր ձևավորվող աշխարհակարգին համահունչ ծրագրեր և քաղաքականություն որդեգրի: Հայաստանն այսօր գտնվում է անվտանգային վակուումի մեջ: Ընդդիմության գործը պետք է լինի անվտանգային համակարգի ձևավորումը և կազմակերպումը»:

Հարցին՝ ինքը խոսում է հնարավոր իշխանափոխությունից հետո անելիքների մասին, բայց մինչ այդ ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը, որ իշխանափոխություն տեղի ունենա, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Կներեք, այս պահին մտածում եք՝ ես կարող եմ ապագայի գործողությունների ծրագիրն ասե՞լ ձեզ: Ես գիտեմ, որ դուրս եմ գալու փողոց, կանգնելու եմ բոլորի կողքին, ասելում եմ՝ ես ձեզ հետ եմ, ձեր ընկերն եմ: Եթե բոլորն այդպես ասեն, չանդրադառնան՝ ինչ է եղել 2008թ., 2018թ. և չգիտեմ որ թվականին, գիծ քաշեն և ասեն՝ ունենք այս խնդիրը… Դրա համար պետք է միասնականություն, համատեղ ծրագրերի մշակում և իրականացում: Ես ուզում եմ՝ բոլորը մրցակցությունը տեղափոխեն մեր երկրի թշնամիների դեմ պայքարի դաշտ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս