
Իսրայելը դադարեցնում է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը

Իսրայելը մարտի 2-ից դադարեցնում է մարդասիրական օգնության ներկրումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին։
Գազայի հատվածում 42 օր տևած համաձայնեցված հրադադարի ավարտից հետո մարտի լույս 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա տարաձայնությունները: Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը` ոչ։
«Պատանդների հարցով գործարքի առաջին փուլի ավարտից հետո և բանակցությունները շարունակելու համար Ուիթկոֆի առաջարկած և Իսրայելի համաձայնությունը ստացած ձևաչափը ընդունելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու համատեքստում վարչապետ Նեթանյահուն որոշում է ընդունել այսօր առավոտից Գազայի հատված մատակարարումները դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իսրայելը առանց պատանդներին ազատելու հրադադար թույլ չի տա:
«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել առաջարկված ձևաչափից, դա լրացուցիչ հետևանքների կհանգեցնի»,-նախազգուշացրել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից:
Նոր ծրագրով նախատեսվում է հրադադարի ռեժիմը երկարաձգել Ռամադանի և Փեսախի ժամանակահատվածների համար, այսինքն՝ ևս մեկուկես ամսով: Ծրագիրը ենթադրում է Գազայի հատվածից իսրայելցի պատանդների կեսի ազատ արձակում դրա իրականացման հենց առաջին օրը։ Մշտական հրադադարի մասին համաձայնության հասնելու դեպքում ազատ կարձակվեն մյուս բոլոր առևանգվածները։
Հունվարի 19-ից մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ էր գործում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու մասին համաձայնագրի շրջանակներում: Վեց շաբաթվա ընթացքում պաղեստինյան խմբավորումները ազատ են արձակել 30 կենդանի պատանդի և ութ զոհվածի մարմին են հանձնել: Դրանց դիմաց Իսրայելն ազատ է արձակել մոտ 1,7 հազար պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածների, իսկ բանակը լքել Է Գազայի հատվածի ներքին շրջանները:
Ներկայում ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է Գազայում պահել ևս 59 պատանդների, որոնց մոտ կեսը պաշտոնապես մահացած են ճանաչվել: Զինադադարի սկսվելուց հետո զգալիորեն ավելացել էր մարդասիրական օգնության ներմուծումը Գազայի հատված։
Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: