
Աբխազիայի հայերի հասցեին սպառնալիքների գործով նոր կասկածյալներ են հայտնվել․ ՌԴ ՔԿ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ Աբխազիայի ընտրատեղամասի վրա հարձակման դեպքից հետո, հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի և դրան հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ նոր հարձակումներ են տեղի ունեցել։ «Արձանագրվել է կյանքին սպառնացող և կամարտահայտմանը խոչընդոտելու մի քանի դեպք, մասնավորապես՝ քվեատուփերը վնասելու միջոցով։ Մի դեպքում կրակ է բացվել իրավապահների վրա»,- ասել է Պետրենկոն։
Նա նշել է, որ հարձակվողներից մի քանիսը բերման են ենթարկվել, պարզվել է նրանցից մեկի ինքնությունը։ Նա վիրավորվել է աբխազական անվտանգության ուժերի պատասխան կրակից և այժմ գտնվում է հիվանդանոցում։ «Այս հանցագործության մյուս մասնակիցների նույնականացումը շարունակվում է»,- հավելել է նա։
ՌԴ Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ արդեն իսկ քննվում է Աբխազիայում բնակվող ռուսաստանցիների, հայերի և աբխազների դեմ ուղղված սպառնալիքների փաստը։ «Քննությամբ զգալի զարգացումներ կան, մասնավորապես, նախկինում նշվածներից բացի նոր կասկածյալներ են հայտնվել»,- պարզաբանել են կոմիտեից։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ ոչ ուշ, քան փետրվարի 16-ը, համացանցում են հայտնվել այդ ազգությունների մարդկանց հետապնդման, նրանց նկատմամբ զանգվածային բռնաճնշումների և այլ անօրինական գործողությունների մասին փաստեր, այդ թվում՝ հայերի նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր։ Հարուցվել է քրեական գործ՝ բռնության սպառնալիքով ատելություն և թշնամանք հրահրելու դեպքի առթիվ։
Շաբաթ երեկոյան Աբխազիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Գագրայի շրջանի թիվ 2 միջնակարգ դպրոցում զինված անձինք հարձակվել են ընտրատեղամասի վրա։ Արդյունքում վնասվել են քվեատուփն ու փաստաթղթերը։ Հարձակվողներին չի հաջողվել փախչել իրենց մեքենաներով, իսկ այն բանից հետո, երբ ոստիկանները պահանջել են կանգ առնել, հանցագործները կրակ են բացել։