
«Գյումրիից կսկսվի Փաշինյանի կործանումը. նա հեռացող աշխարհի ներկայացուցիչն է». Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը բնական է համարում ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հարաբերությունների լարումը, քանի որ, ըստ նրա՝ երկու երկրների նախագահները տարբեր աշխարհների ներկայացուցիչներ են:
«Զելենսկին հեռացող գլոբալիստական աշխարհի ներկայացուցիչ է, իսկ Թրամփը՝ նոր եկող պետական ու ազգային շահերով առաջնորդվող աշխարհի: Խնդիրն այն է, որ միշտ է աշխարհը առաջնորդվել ազգային և պետական շահով, սակայն, տևական ժամանակ այդ հիմնական շահը, որն առաջնորդող է եղել աշխարհի համար, քողարկված է եղել ինչ-որ ձևակերպումներով, կանոններով, որը միշտ այդ աշխարհի հզորները խախտել են: Դրանք երկակի ստանդարտներն են, որոնք իր հետ կտանի հեռացող աշխարհը, և կմնան հենց այն օրենքները, որոնք կիրառելի են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ եթե հեռացող աշխարհը մարտնչի նոր եկողի դեմ, երկու բան է հնարավոր՝ կա՛մ այդ երկրները պետք է փոխեն իրենց իշխանություններին, բերեն նոր աշխարհի գաղափարախոսությունը կրող ղեկավարներ, կա՛մ այդ հին գաղափարախոսությունը կրող ղեկավարները կկործանեն այդ երկրներին:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հեռացող աշխարհի ներկայացուցիչն է. «Այն ողբերգությունները, որոնք ինքը բերել է ու դեռ կբերի, եթե մնա իշխանության, իմ ասածի ֆոնի մեջ են մտնում: Այն, ինչ Թրամփն ասաց Զելենսկուն, որ՝ մեծ զոհեր ես ունենալու, եթե չանես այն, ինչն առողջ տրամաբանությունը հուշում է, հիշեք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանին էլ մի քանի անգամ առաջարկություն եղավ, որպեսզի կասեցնի պատերազմական գործողությունները, բայց նա մերժեց: Ամեն մերժումից հետո իր պատճառով ունեցանք նոր զոհեր և նոր տարածքային կորուստներ: Հիմա, Զելենսկին իր հին աշխարհի հովանավորող երկրների կողմից գնում է հենց այն ճանապարհով, որով արդեն գնացել է այս ազգակործան պատուհասը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.):
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին աջակցությունն ակնհայտորեն նվազել է, իսկ այս պայմաններում Գյումրիի ՏԻՄ ընտրությունները շատ բան կկանխորոշեն.
«Ինքը դեռ վերջնական արդյունքը ցույց չի տա, բայց կլինի այն ճանապարհային սկզբի քայլերից մեկը, որը կտանի դեպի այս վայ իշխանության կործանման: Տեսեք՝ ինչ եղավ. նույնիսկ Գյումրիում չգտան մի ՔՊ-կան ուսապարկի, որ դարձնեն իրենց թեկնածու: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խայտառակ վիճակ է: Հայաստանի երկրորդ քաղաքում այդ կուսակցությունը չունի մի թեկնածու: Գնաց, ման եկավ, մի նախկին ուրիշ կուսակցության անդամի, տվյալ պարագայում՝ անկուսակցական, որն իր ճակատագրի վրա էլ քար գցեց, որովհետև ինքն իր վրա պետք է վերցնի այն բոլոր մեղքերը, որ այս ազգակործաններն ունեցել են: Ես իրեն չեմ նախանձում, շուտով ինքն էլ իրեն չի նախանձի: Գյումրեցիները հասկանում են՝ իրենց վրա ինչ մեծ պատասխանատվություն է դրված: Տրամաբանական է, որ ազգակործանն իր քայլերթն սկսեց Գյումրիից, այնտեղից էլ կսկսվի իր կործանումը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում