Պաշտպանության մասին 2024թ. կատարողականի «վախվորած» բովանդակությունը. ռազմական «տխուր» պատկեր Զինված ուժերի շուրջ

Անցած տարի 168.amանդրադարձել էր Պաշտպանության մասին 2023թ. կատարողականի «աղքատ» բովանդակությանը:

Երեկ կառավարությունը հաստատել է 2021-2026թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, և չնայած հաշվետու տարում հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգը, ընդունվել են զինված ուժերին առնչվող մի շարք օրենքներ, տարբեր երկրների հետ Հայաստանը պաշտպանական համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոշ դեպքերում՝ արդեն առկա համագործակցությունն ընդլայնելու շուրջ, ամեն դեպքում, առնվազն բովանդակության առումով, ՀՀ զինված ուժերի շուրջ և նրա հետ կապված ընդհանրական «տխուր» պատկեր է ստացվում: Եվ այսպես:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2024 թվականի՝ պաշտպանությանն առնչվող կատարողականում, մասնավորապես, նշվում է.

«Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետ՝ ամենամյա երկկողմ պլանների շրջանակներում»:

Կարդացեք նաև

Այսինքն, ռազմական բյուջեի ավելացումից, զենքի ձեռքբերման համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց և սպառազինության դիվերսիֆիկացիայից խոսող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կատարողականում նախընտրել են, մեղմ ասած, զսպվածություն կամ գուցե զգուշավորություն պահպանել:

Սակայն գաղտնիք չէ, թե Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ ինչ տեսակ պաշտպանական համագործակցություն ունի Հայաստանը, և հենց այս տրամաբանության մեջ էլ կարելի էր ձևակերպումներում այսքան «ժլատ» չլինել: Նշված չէ գոնե մի երկիր, որի հետ Հայաստանը փորձել է պայմանավորվածություններ ձեռք բերել, և որի հետ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի: Խոսքը, մասնավորապես, Սերբիայի, Բուլղարիայի մասին է:

Ի դեպ, այս օրերին Ադրբեջանը և Սերբիան փորձագիտական քննարկում են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին և 2023-ին Արցախում «հակաահաբեկչական օպերացիային» նվիրված թեմայով: Սա՝ առաջին:

Երկրորդ, կատարողականում նշվում է, որ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են ՍՌՏ միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, սակայն հաստատված կատարողականը թույլատրելի բավարար տեղեկություն չի տալիս հայրենական արտադրողներին տրված պատվերների ուղղությունների և ցուցանիշի մասին, ինչի վերաբերյալ իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ են արել և անում: Այլ հարց է՝ որքանով են հայտնած տեղեկությունները համապատասխանում իրականությանը, որովհետև ԲՏԱ նախարարության հայտնած տվյալները ռազմարդյունաբերության, այդ ուղղությամբ տրամադրված պետական միջոցների կատարողականի մասին՝ երբեմն չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա 2024 թվականի կատարողականում նախ նշվում է, որ «Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ ՀՀ-ում պլանավորվել և անցկացվել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունը», հետո շարունակվում է, թե՝ «այլ պետությունների և կազմակերպությունների հետ ՀՀ ԶՈՒ փոխգործունակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները և խմբերը մասնակցել են 7 զորավարժությունների և վարժանքների»:

Այստեղ ևս մանրամասնություններ չկան, որոշ դեպքերում՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, բայց պետք է ասել, որ անցնող տարում Ադրբեջանը մասնակցել է ավելի քան 20 երկկողմ ու համատեղ զորավարժությունների, որոնք նաև հարձակողական բնույթ են կրել:

Հավելենք, որ եթե 2023 թվականի կատարողականում թվային տվյալներ կային կառուցված կառավարման կետերի, նոր տեղակայման վայրերի ուղղությունների մասին, 2024 թվականի կատարողականում նմանօրինակ տվյալներ չկան:

Հիշեցնենք, որ 2024 թվականի Տավուշում իրականացված անօրինական կամ պիլոտային սահմանազատման գործընթացը, և այդ ուղղությամբ մարտական հենակետերի թիվը կրճատվել է՝ կամ Ադրբեջանին են հանձնվել, կամ՝ դրանք վերացվել են և ՀՀ սահմանապահ ուժերի ծառայության վայրի վերածվել:

Իսկ հաշվետու տարվա կատարողականում, բնականաբար, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ զինված ուժերում մարտական և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին:

«2023 թվականի համեմատ 2024 թվականին շուրջ 31%-ով նվազել են մահվան ելքով դեպքերը և շուրջ 17%-ով նվազել են ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները: 2024 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում մարտական պայմաններում զոհվել է 4 ԵԿՄ անդամ, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 36 զինծառայող (ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 23, իսկ ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13)»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Գլխավոր դատախազության հայտնած՝ 2024 թվականի ընթացքում բանակում մահվան դեպքերի տվյալների միջև հակասություններ կային։

Մասնավորապես, ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ 2024թ. հաշվետու ժամանակաշրջանում և այդ պահի դրությամբ 2023թ. նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են:

«Արձանագրվել է 33 մահվան դեպք, որից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով է, որից 7-ը կապված չէ ծառայության հետ»,- մանրամասնել էր նա:

Իսկ հոկտեմբերի 15-ին էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ուժային, քննչական և իրավապահ մարմինների մասնակցությամբ լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգտվելով իր ձեռքի տակ եղած գրավոր վիճակագրությունից՝ նշել էր. 

«2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, այո, 22 դեպք, որից 15-ը՝ Ազատ գյուղի կացարանի հրդեհի հետևանքով»:

Այնուհետև Աննա Վարդապետյանը շարունակել էր. «2024 թվականի հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ առնչվող մահերի թիվը 26 է, որից 6-ը՝ սպանություն, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթարինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերը 5-ն են, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու դեպք ունենք, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, գրանցվել է նաև դժբախտ պատահարի 1 դեպք և հիվանդության դեպք»:

Իսկ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե՝ «2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են», «Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով Գլխավոր դատախազի հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրած տվյալների վրա, որ՝ «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք», պնդել էր, որ ՊՆ խոսնակը սխալ թիվ է ներկայացրել:

Ավելի ուշ, սակայն, ինչպես գրել էր fip.am-ը՝ «հոդվածի հրապարակումից հետո գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Fip.am-ին ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում վրիպակ է թույլ տվել. 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել և ոչ թե 22, ինչպես նշել էր Աննա Վարդապետյանը»:

Մինչդեռ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է.

«2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող»:

Իսկ 168.am-ը փորձել էր նաև այս տվյալները ստանալ ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից մեզ հայտնել էին.

«2023 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինվորական ծառայության հետ կապված 35 զինծառայողների մահվան 19 դեպք:

Դրանցից 3-ը /3 զինծառայող/ յուրայինների կողմից կատարված սպանություն, 7-ը՝ /7 զինծառայող/ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ /2 զինծառայող/ ծառայության հետ կապված ավտովթար, 2-ը՝ /17 զինծառայող/ առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման դեպքեր, 2-ը՝ /2 զինծառայող/ դժբախտ պատահար և 4-ը՝ /4 զինծառայող/ հիվանդություն:

Նույն թվականին արձանագրվել են նաև ոչ մարտական պայմաններում զինվորական ծաոայության հետ չկապված ևս 5 զինծառայողների մահվան 4 դեպք, որոնցից 1-ը /1 զինծառայող/ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպք է, 2-ը /3 զինծառայող/ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը /1 զինծառայող/ դժբախտ պատահար:

2023 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մարտական պայմաններում հակառակորդի կողմից կատարված 19 զինծառայողի սպանության 13 դեպք:

2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինվորական ծառայության հետ կապված 19 զինծառայողների մահվան 15 դեպք:

Դրանցից 5-ը /5 զինծառայող/՝ յուրայինների կողմից կատարված սպանություն, 6-ը /6 զինծառայող/՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ /1 զինծառայող/ դժբախտ պատահար, 2-ը՝ /5 զինծառայող/ ծառայության հետ կապված ավտովթար, 1-ը՝ /2 զինծառայող/ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտում:

Նույն թվականին արձանագրվել են նաև ոչ մարտական պայմաններում զինվորական ծառայության հետ չկապված ևս 6 զինծառայողների մահվան 6 դեպք, որոնցից 3-ը՝ /3 զինծառայող/ ծառայության հետ չկապված ավտովթար, 3-ը՝/3 զինծառայող/ հիվանդություն»:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, ըստ էության, վարույթների հիման վրա է թիվ նշում:

Ինչ վերաբերում է զինված ուժերում ատեստացիայի հետ կապված 2024 թվականի կատարողականում նշված ցուցանիշին, ապա նշվում է՝ զինծառայողների ատեստավորմանը մասնակցել է շուրջ 13 500 զինծառայող, ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական, և, որ «ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվել է 205 հազարից 470 հազար դրամով»:

Այսինքն, 43 տոկոսն ատեստավորումը չի՞ հանձնել:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականի կատարողականի զեկույցում նշվում է. «2023 թվականին մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Ատեստավորմանը մասնակցել է շուրջ 5800 զինծառայող: Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է»:

2024-ի փետրվարին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում սրան արձագանքել էր՝ զեկույցն այնպես է կազմված, որ տպավորություն է ստեղծվում, թե 5800 զինծառայող ատեստացիան բարեհաջող հանձնել է և 205.000-470.000 գումար ավել է ստանում:

Պատգամավորը նաև հայտնել էր, որ ՊՆ-ին հարցում է արել, թվերին տիրապետում է, ուղղակի այդ թվերը գաղտնի գրությամբ է ներկայացվել, և դրանք հրապարակելու իրավունք չունեմ:

Ավելի ուշ, սակայն, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը գաղտնազերծել էր գաղտնի գրությամբ ներկայացված տվյալները:

Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանից հետաքրքրվել էր՝ «քանի՞ հոգի է մինչև հիմա մասնակցել կամավոր ատեստավորմանը և քանի՞սն է ստացել դրական, քանի՞սը՝ բացասական գնահատական», ինչին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել էր. 

«Դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել է 5783-ը, գերազանց է ստացել 91-ը, լավ՝ 583-ը, բավարար է ստացել 2152-ը, իսկ անբավարար՝ 2957-ը: Ընդհանուր առմամբ, ատեստավորվել է 2826 զինծառայող»:

Այսինքն, ատեստավորմանը մասնակցածների մոտ կեսը չէր անցել ատեստացիան, ինչը Կառավարությունը խնամքով թաքցրել էր, իսկ պաշտպանության նախարարը, խնամքով թե անփութորեն, գաղտնազերծել:

2024-ի կատարողականում այս առումով ամեն ինչ ավելի հստակ է ներկայացված, սակայն ատեստացիայի գործընթացի արդյունքները 2023 թվականից, ըստ էության, շատ չեն տարբերվում:

Տեսանյութեր

Լրահոս