Պաշտպանության փոխնախարարը գաղտնի գրությամբ տվյալներ է հայտնել. 2023թ. կատարողականի զեկույցում այն թաքցվել էր

Օրերս ՀՀ կառավարությունը հաստատել էր 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որտեղ անդրադարձ կա Զինված ուժերում ատեստացիայի գործընթացին:

«2023 թվականին մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Ատեստավորմանը մասնակցել է շուրջ 5800 զինծառայող: Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է»,– նշվում է Կառավարության զեկույցում:

Զեկույցի հրապարակումից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով.

«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ Զինված ուժերում ատեստավորման գործընթացին մասնակցել է 5800 զինծառայող:

Կարդացեք նաև

Նույն զեկույցում նշվում է, որ ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205.000-470.000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է։

Ամեն ինչ, միգուցե, դրական կթվար կամ ուրախության առիթ լիներ, եթե կառավարությունն ակնհայտ կեղծիքի չգնար:

Զեկույցն այնպես է կազմված, որ տպավորություն է ստեղծվում, թե 5800 զինծառայող ատեստացիան բարեհաջող հանձնել է և 205.000-470.000 գումար ավել է ստանում:

Խնամքով թաքցվել է, թե ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել և այդ 5800 զինծառայողից քանիսի աշխատավարձն է բարձրացվել:

Սա ես գրում եմ, որովհետև մեկ ամիս առաջ ՊՆ հարցում արել եմ և թվերին տիրապետում եմ, ուղղակի այդ թվերը գաղտնի գրությամբ է ներկայացվել, և դրանք հրապարակելու իրավունք չունեմ:

Կառավարությունը ՊՆ զեկույցի նվազագույնն այս հատվածի շարադրմամբ մոլորեցնում է հասարակությանը, միայն կասեմ, որ այդ ցուցանիշների մանրամասն ծանոթանալն ինձ մեծ անհանգստություն և մտահոգություն է պատճառել»։

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը գաղտնազերծել է, ըստ էությամբ, գաղտնի գրությամբ ներկայացված տվյալները:

Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանից հետաքրքրվել է՝ «քանի՞ հոգի է մինչև հիմա մասնակցել կամավոր ատեստավորմանը և քանի՞սն է ստացել դրական, քանի՞սը՝ բացասական գնահատական», ինչին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է. 

«Դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել է 5783-ը, գերազանց է ստացել 91-ը, լավ՝ 583-ը, բավարար է ստացել 2152-ը, իսկ անբավարար՝ 2957-ը: Ընդհանուր առմամբ, ատեստավորվել է 2826 զինծառայող»:

Այսինքն, ատեստավորմանը մասնակցածների մոտ կեսը չի անցել ատեստացիան, ինչը Կառավարությունը խնամքով թաքցրել էր, իսկ պաշտպանության նախարարը, խնամքով թե անփութորեն, գաղտնազերծեց:

Տեսանյութեր

Լրահոս