Ռուսաստանը նոր թափ է հաղորդում արտաքին քաղաքականությանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ֆոնին

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն օրերս Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել էին իրավիճակը Հարավային Կովկասում։ Բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ֆիդանի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում համագործակցության ընդլայնմանը, կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում։

Լավրովի գնահատմամբ՝ Ֆիդանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ շատ արդյունավետ էր։

ՌԴ ԱԳ նախարարը փետրվարի 23-ին ուշ երեկոյան էր մեկնել Անկարա՝ քննարկելու միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Նա վերջին անգամ Թուրքիա էր այցելել 2024-ի հոկտեմբերի 18-ին «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։ Այսօր էլ ՌԴ ԱԳ նախարարն Իրանի Իսլամական Հանրապետությունում է, որտեղ բանակցություններ է վարելու իր իրանցի պաշտոնակցի հետ։

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ Լավրովի այս այցերը տեղի են ունենում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ամերիկյան թիմի հետ բանակցություններից հետո։ Բացի այդ, օրերս Շվեյցարիա կատարած այցի շրջանակում էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր հանդիպում ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ, ըստ էության ռուս-իրանական բանակցությունների շեմին։

Այս այցերից օրեր առաջ՝ փետրվարի 20-ին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Պետդումայում ելույթի ժամանակ, ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների, ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցվածքային կազմակերպության»։ Լավրովը պաշտպանել էր նաև պատգամավորների առաջարկը՝ ստեղծել «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ լրացուցիչ համագործակցության մեխանիզմներ կազմակերպելու համար։

Զուգահեռաբար նույն օրը թեմային անդրադարձել էր նաև Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Բաքվում Ադրբեջանի ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը նա ասել էր, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանում օտար ուժերի որևէ միջամտություն, և տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև։ Նա հավելել էր, որ տարածաշրջանային հարցերը կարող են առաջ մղվել «3+3» հանդիպումների մակարդակով, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին՝ նշել է, որ Ադրբեջանն աջակցում է «3+3» բանակցությունների քաղաքականությանը։ ԻԻՀ խորհրդարանի նախագահն ըստ էության կրկնել էր այն, ինչ դեռևս 2023 թվականին Երևանում առաջարկել էր ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը, որն ավիավթարի զոհ դարձավ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի և թուրքական, և իրանական այցերը չափազանց կարևոր են՝ ինչպես ռեգիոնալ, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական կոնտեքստում։

Ըստ նրա, իհարկե, ամենակարևոր հանգամանքն այն է, որ այս այցերը տեղի են ունենում Թրամփի պաշտոնյաների հետ առաջին բանակցություններից հետո, ինչպես նաև ավելի բովանդակային բանակցություններից առաջ։

«Կարելի է ասել, որ ռուսական կողմը փորձում է որոշ դիրքորոշումներ հստակեցնել, համաձայնեցնել, որոնք կապ ունեն աշխարհաքաղաքական նոր իրավիճակի ու այդ ֆոնին ՌԴ արդեն թարմացած, փոփոխված մոտեցումների հետ։ Գլխավոր թեմաները, կարծում եմ, վերաբերում են Ուկրաինայի հարցին, Մերձավոր Արևելքին, ինչպես նաև Իրանի հանդեպ Թրամփի քաղաքականությանը։

Բնականաբար և ռուս-իրանական, և ռուս-թուրքական հարաբերություններում առկա է հարավկովկասյան օրակարգը և այդ ռեգիոնում ազդեցության ճիշտ բաժանման, հետևաբար՝ նաև շահերի բաշխման հարցը։ Սակայն Թուրքիայում գլխավոր հարցը, իհարկե, Ուկրաինայի շուրջ բանակցություններն էի։ Գիտենք, որ ռուս-ամերիկյան բանակցություններին զուգահեռ՝ Զելենսկին մեկնել էր Թուրքիա, որտեղ խոսեց՝ ինչպես խաղաղության իր պատկերացումներից, այնպես էլ՝ Թուրքիայի անվտանգային երաշխավորի կարևորությունից Ուկրաինայի համար։ Եվ այստեղ Թուրքիան հավելյալ հավակնություններ ունի, թեև դեռ լիովին հասկանալի չէ, թե թուրքական շահն ու միջնորդությունն այս ամենում ինչպես կարտացոլվեն, հաշվի առնելով այն կրքերը, որոնք կան այսօր ԵՄ-ում և ԵՄ-ԱՄՆ, ԵՄ-ԱՄՆ-Ուկրաինա հարթություններում»,- նման մեկնաբանություն արեց Ֆյոդոր Լուկիանովը։

Նա նշեց, որ այս հարցերի ֆոնին Հարավային Կովկասը լիովին երկրորդական պլանում է։ Սակայն, այնուամենայնիվ, ըստ նրա, հարավկովկասյան թեմատիկան, Հայաստանի հետ կապված հարցերը քննարկվում են։

«Ինչպես նկատում ենք, ենթակառուցվածքների բացման թեման բխում է գրեթե բոլոր կենտրոնների շահերից»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, նրա խոսքով, այստեղ ևս զգայուն հարցերի պակաս չկա։

«Այդ զգայուն հարցերից մեկը վերաբերում է հենց ՀՀ-ի շուրջ իրավիճակին, ճանապարհների խնդրին, որոնց շուրջ նկատվում են տարաձայնություններ։ Կարծում եմ՝ քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան»,- ասաց Լուկիանովը։

Փորձագետը կրկնեց, որ այս ամենը պետք է դիտարկել ԱՄՆ-ի հետ վերսկսված չափազանց կարևոր բանակցությունների ֆոնին։

«Այդ ամենն իր փոփոխություններն է մտցնում ՌԴ-ի, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի  քաղաքականության մեջ։ Ուստի ուշագրավ կլինի տեսնել, թե ինչ կոնսենսուս կստացվի ձեռք բերել նաև վեցակողմ ձևաչափի հարցում։ Այն վստահաբար քննարկման առարկա կդառնա նաև Թեհրանում, սակայն վստահ չեմ, որ այս փուլում այդ հարցով կհաջողվի կոնսենսուս ձեռք բերել և ընդլայնել այդ հարթակի լիազորությունները»,- նկատեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս