Բաժիններ՝

Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում քրոնիկ սրտային պրոբլեմների կտրուկ սրացման հարցում

Շատերի մոտ տարածված է այն տեսակետը, որ սիրտ-անոթային խնդիրները սրվում են հիմնականում աշնան և գարնան շրջանում: Բայց, ըստ վերջին շրջանում առկա տվյալների, սիրտ-անոթային խնդիրների ավելացում է նկատվում նաև ձմռան ամիսներին՝ հատկապես սեզոնային սուր շնչառական վիրուսներով պայմանավորված:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային համակարգի վրա սուր շնչառական վիրուսների ազդեցության հետևանքների, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս,  «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի հետ:

Մասնագետը նշեց՝արդեն վաղուց ապացուցված է, որ վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում քրոնիկ սրտային խնդիրների կտրուկ սրացման հարցում, այդ իսկ պատճառով ընդհանրապես քրոնիկ սրտային հիվանդներին՝ հատկապես միջին տարիքից բարձր, միշտ խորհուրդ է տրվում օգտվել հակավիրուսային միջոցներից, այսինքն՝ կիրառել հակագրիպային պատվաստանյութը:

«Ցավոք, գրիպի վակցինայի կիրառումը մեծ արձագանք չի գտնում մեր բնակչության մոտ, բայց ապացուցված է, որ այն ունի մեծ պաշտպանիչ հատկություն: Պատվաստանյութը   հասանելի է մեր հանրապետության բոլոր բուժհաստատություններում: Խրոնիկ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող, բայց պատվաստված  բուժառուների մոտ վիրուսի հետ հանդիպումը  էական թեթև ընթացք է ունենում: Նշեմ, որ հատկապես այս տարի շատ ծանր ընթացք և բարդություններ առաջացնող  վիրուսներ ունենք և՛ շնչուղիների, և՛ սրտային խնդիրների դրսևորումներով»,- ասաց Տերտերյանը:

Մասնագետը հորդորեց միանշանակ պատվաստվել՝ հաշվի առնելով, որ պատվաստանյութերն ամեն տարի թարմացվում են տվյալ սեզոնին առկա շտամների հիման վրա:

Հարցին, թե ինչպե՞ս ունենալ և պահպանել առողջ սիրտ, մասնագետը նշեց՝ չնայած մեր օրերում դժվար է, սակայն հնարավոր է առօրյայում շատ պարզ քայլեր կիրառել և ունենալ առողջ սիրտ։ Ըստ նրա՝ դա, իհարկե, նորմալ սննդակարգն է, ֆիզիկական ակտիվությունը՝ մասնավորապես սպորտով զբաղվելը և ընդհանուր առողջ ապրելակերպի խորհուրդներին հետևելը, ամբողջությամբ ծխախոտից հրաժարվելը, ինչպես նաև որոշակի տարիքից հետո պարտադիր է գանգատների դեպքում բժշկի դիմելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս