
«Սա տկար կառավարման և հանցավոր անգործության հետևանք է. չարված աշխատանքների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է». Քրիստինա Վարդանյան

Երեկ Երևանում տեղացած ձյունը կոլապսի էր ենթարկել ամբողջ մայրաքաղաքը, հանրային տրանսպորտը գրեթե չէր աշխատում, իսկ աշխատող ավտոբուսներն էլ ճանապարհի կեսից մարդկանց իջեցնում էին փողոցում՝ հայտարարելով, որ անվտանգությունից ելնելով՝ չեն կարող վարել, քանի որ անվադողերը ձմեռային չեն։ Իսկ այդ ընթացքում, երբ քաղաքացիները բքին տուն էին գնում ոտքով, և որևէ փողոցում ձյուն մաքրող տեխնիկա չէր աշխատում, քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փաշինյանի հետ մասնակցում էր ՔՊ նախաձեռնող խմբի նիստին։
Միայն ժամեր անց, երբ քաղաքացիները ոտքով հասան իրենց տները, Տիգրան Ավինյանը ձնամաքրող մեքենաների ֆոնին ուղիղ ֆեյսբուքյան եթեր մտավ և հայտարարեց, որ «ջանք ու եռանդ չեն խնայի» փողոցները մաքրելու համար, տնտեսվարողներին էլ հորդորեց մաքրել իրենց գրասենյակների տարածքները՝ միաժամանակ գուժելով, որ այսօր ավելի ծանր օր է սպասվում։
Դրանից հետո ԿԳՄՍ նախարարն ուշ գիշերին ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ դպրոցներում այսօր դասեր չեն լինելու, այնուհետև նման հայտարարություն արեց ԵՊԲՀ ռեկտորը, իսկ այսօր առավոտյան էլ, երբ շատերն արդեն փողոցներում էին՝ փորձելով հասնել դասի, նման գրառում արեց ԵՊՀ-ն։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը դժվարանում է ասել, թե քաղաքային իշխանությունն ինչի վրա է իր հույսը դրել, սակայն գիտի, որ հիմնարկը, որը պարտավոր էր իրականացնել աշխատանքներ, տարեցտարի ավելացնում է բյուջեն ու վատացնում մատուցվող ծառայությունները։
«Երեկ ես ոչ միայն հետևել եմ իրավիճակին, այլև ինքս եմ եղել այդ վիճակում՝ 1 ժամում չէի կարողանում Բժշկական համալսարանից հասնել մեր տուն, որն ընդամենը 5 կմ է։ Ճանապարհներն անանցանելի էին, իսկ ավելի ուշ ուղղակի փակվեց Արմենակյան փողոցը։
Այն, ինչ տեղի է ունենում, տկար կառավարման և հանցավոր անգործության հետևանք է։ Նախապես քաղաքային իշխանությունները տեղյակ են եղել, նաև գործակարգավարական նիստին մենք լսում էինք, թե ինչքան լավ են պատրաստված, ամեն ինչ ունեն և այլն, կարելի էր հնչեցնել ծափահարություններ, որ քաղաքային իշխանությունն այդքան լավ պատրաստվել է ձյան տեղումներին։ Բայց երբ տեղումները եղան, արդեն տեսանք իրական պատկերը, ինչպես գարնանն անձրևների հետևանքով մեքենաներն էին մնում ջրի տակ, հիմա էլ ձյան հետևանքով եղավ այս խայտառակ պատկերը»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Քրիստինա Վարդանյանը։
Մեր զրուցակիցը վկայակոչեց Մոսկվայի օրինակը, որտեղ ձյունը երբեմն արտասովոր քանակի է գալիս, նշելով, որ քաղաքային իշխանությունները հորդորում են բնակիչներին օգտվել հանրային տրանսպորտից և անձնական մեքենաներով չերթևեկել, որովհետև այնտեղ հանրային տրանսպորտն անխափան աշխատում է, պատրաստված է ցանկացած սեզոնի։ Այնտեղ երբեք նման խնդիրներ չեն առաջանում։
«Երբ Երևանում հնձում էին ծառերը, պետք է հասկանային, որ այդ ծառերն իրենց ճյուղերի վրա պահում էին ահռելի քանակությամբ ձյուն։ Բայց հիմա Երևանի կենտրոնը վերածվել է սահադաշտի, իրենք իրենց համար խնդիրներ են առաջացնում։ Այս ամենն ընդամենը սխալ կառավարման և տոտալ ֆիասկոյի հետևանք է։ Նախորդ տարի էլ հայտարարում էին, թե «ձյունը Ֆեյսբուքում» է, մենք անտեսանելի աղ ենք գցել», հիմա բա ո՞ւր է աղը, տեսանելի չէ, միայն ձյունն է տեսանելի և մարդկանց մղձավանջը, որի միջով երեկ անցնում էին։ Ես չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մարդկանց իջեցնեն հանրային տրանսպորտից՝ անվտանգությունից ելնելով, որպեսզի նրանց կյանքը չվտանգեն, և մարդիկ ոտքով հասել են իրենց տներ»,- հավելեց ավագանու անդամը։
Նրա բնորոշմամբ, եթե տնտեսվարողը չի մաքրում իր գրասենյակի տարածքը, ինչը պետք է կազմակերպված աշխատանք լինի, կրկին մեղավոր է քաղաքային իշխանությունը, քանի որ նորմալ չի կազմակերպել այդ ամբողջ գործընթացը։
«Այն աշխատանքները, որոնք չեն արվում, դրա թիվ մեկ պատասխանատուն Երևանի քաղաքապետն է, որովհետև նա է կառավարման բոլոր գործընթացների ղեկավարը։ Գրագետ մենեջերը չպետք է լինի դեպքի վայրում ու կանգնի մեքենաների մոտ ու քաղաքացիներին ցույց տա, թե իր հետևում մեքենաներ կան։ Գրագետ մենջերը պետք է աշխատանքներն այնպես կազմակերպի՝ հմուտ թիմի հետ, որ նստած տեսնի, թե ինչպես են այդ աշխատանքները կատարվում»,- շեշտեց Ք. Վարդանյանը։
Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտը 150 դրամ դարձնելուն, Քրիստինա Վարդանյանն ասաց՝ ևս մեկ անգամ համոզվեցին, որ երբ քաղաքային այս իշխանությունն ասում է՝ բարեփոխում, դա վերաբերում է միայն տրանսպորտի գներին։
«Դու կարող է ունենաս ամենալավ ավտոբուսները, բայց եթե դու չես կարողանում կառավարել ճանապարհը, որով այդ տրանսպորտը պետք է երթևեկի, բարեփոխման մասին խոսք լինել չի կարող։ Բազմիցս ենք ասել, որ բարեփոխումը վերաբերում է համակարգին, ոչ թե ավտոբուսներին, որոնք բերել են։ Ավելի լավ է՝ լինեին «գազելներ», նրանք տեղաշարժվեին անխափան, և մարդիկ չանցնեին այն սարսափելի վիճակի միջով, որով անցան»,- ընդգծեց Քրիստինա Վարդանյանը։