Թեհրանն աջակցություն է հայտնել Անդրկովկասի շուրջ բանակցությունների «3+3» հարթակին

Իրանի Իսլամական խորհրդատվական խորհրդի (խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Բաքու այցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը լիովին պաշտպանում է «3+3» հարթակը, որը կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Փետրվարի 20-ին Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) խոսնակ Սահիբա Գաֆարովան Բաքվում հանդիպել է իր իրանցի գործընկեր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, որը մասնակցել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստին։

«Հանդիպմանը քննարկվել է մեր խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը` որպես միջպետական ​​հարաբերությունների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համագործակցության կարևոր ասպեկտ:

Կողմերը նաև քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ կապակցությամբ Ղալիբաֆը հայտնել է Իրանի լիակատար աջակցությունը «3+3» հարթակին և վստահությունն այն բանում, որ այս հարթակը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նշվել է, որ արտաքին երկրների ներգրավումը տարածաշրջանում անընդունելի է», – «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունում։

Փետրվարի 20-ին ավելի վաղ Իրանի խորհրդարանական պատվիրակությանն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 2023 թ. հոկտեմբերի 3-ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպումը: «3+3» ձևաչափը ստեղծվել է որպես Հարավային Կովկասի երեք երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և երեք խոշոր տարածաշրջանային տերություններին՝ Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային միավորող հարթակ։ Վրաստանը հրաժարվել է «3+3» ձևաչափով հարթակին մասնակցությունից։

Տեսանյութեր

Լրահոս