
Թուրքիան ԱՄՆ կարտահանի 22.000 տոննա ձու

ԱՄՆ-ում թռչնագրիպի համաճարակի պատճառով ձվի մատակարարումը կրճատվել է, ինչի հետևանքով գները ռեկորդային մակարդակի են հասել: Այս իրավիճակը Թուրքիայի համար նոր հնարավորություն է ստեղծել՝ երկիրը պատրաստվում է ԱՄՆ արտահանել 22.000 տոննա ձու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի «Հավկիթի արտադրության կենտրոնական միության» նախագահ Իբրահիմ Աֆյոնը հաստատել է, որ արտահանումն արդեն սկսվել է և նախատեսվում է շարունակել մինչև հուլիս:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կուղարկվի 1000 կոնտեյներ ձու (22 հազար տոննա), իսկ լրացուցիչ 320 կոնտեյների համար բանակցությունները դեռ ընթացքի մեջ են:
Աֆյոնը նշել է, որ արտահանումը կիրականացվի բարձր ստանդարտներին համապատասխանող ընկերությունների կողմից, և առայժմ երեք ընկերություններ արդեն պայմանագիր են կնքել: Գործարքի արդյունքում Թուրքիան կարող է ունենալ մոտ 37 միլիոն դոլարի եկամուտ:
Նշենք, որ Թուրքիայի ձվի արտադրությունը գերազանցում է ներքին պահանջարկը և արտահանումը ներքին շուկայի գների վրա բացասական ազդեցություն չի ունենա:
Աֆյոնը խոսքով, Ռամադանի (մուսուլմանական պահքի ամիս) ընթացքում ձվի գները կմնան կայուն, և որևէ գնային աճ չի լինի:
Նշենք, որ ԱՄՆ-ում վերջին 2 տարում թռչնագրիպի պատճառով 162 միլիոն թռչուն է ոչնչացվել, ինչը հանգեցրել է ձվի մատակարարման (ներքին սպառման համար) կտրուկ նվազման: Վերջին 1 տարում ձվի գները ԱՄՆ-ում աճել են 51%-ով և այժմ մեկ ձվի տուփի արժեքը հասնում է 5,29 դոլարի: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ 2025 թվականին ձվի գները կարող են ևս 20%-ով աճել: