
Սթարմերն աջակցել է Զելենսկիի որոշմանը հակամարտության ժամանակ ընտրություններ չանցկացնելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ խելամիտ է համարում զինված հակամարտության պայմաններում նախագահական ընտրություններ անցկացնելուց նրա հրաժարվելը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետն իր աջակցությունն է հայտնել նախագահ Զելենսկիին՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ուկրաինայի ղեկավարի, և ասել, որ միանգամայն խելամիտ է հետաձգել ընտրությունները հակամարտության ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Որպես օրինակ նա նշել է, որ նույն կերպ է վարվել նաև Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։Գրասենյակը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է «բոլոր կողմերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը»։ Նա նաև աջակցություն է հայտնել «Ուկրաինայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ էր արել։