
Պնդումը, թե ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Պնդումը, թե Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչները ներխուժել են Հայաստանի ՆԳՆ ոստիկանության բաժին, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳ նախարարությունը:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։
Հայտնում ենք, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը։Հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Նա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից փետրվարի 13-ին հրավիրվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժին:
ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին (2015թ. Դուշանբե) կանոնակարգի շրջանակներում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները գտնվել են ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժնում։Նշված կանոնակարգի 7-րդ գլխի 48-րդ կետի պահպանմամբ՝ ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է նշված անձի փաստաթղթավորումը հետախուզման կապակցությամբ և խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում, հետախուզվողն ազատ է արձակվել»,- նշված է հայտարարության մեջ: