
Մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի, հանրաքվեի մասին չեմ կարող ասել. Գալյան
ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Կառավարման մոդելի փոփոխություն չի սպասվում։ Այս պահին չեմ կարող ասել, թե Սահմանադրության որ գլխի վրա են աշխատում, որ հոդվածներն են այս պահին մշակվել, որոնք են քննարկվել։ Ընդհանուր կոնցեպտն է քննարկվել, տեքստի ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացվել։ Մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում, օրինակ` սոցիալիական իրավունքների շեշտադրումներն են պակաս։ Նոր տեքստում շեշտադրվելու են մարդու իրավունքները, այդ թվում նաև սոցիալական իրավունքների տեսանկյունից»,- նշեց Գալյանը։
Նա ընդգծեց, որ պետական մարմինների կազմակերպաիրավական ձևերի տեսանկյունից որոշակի խնդիրներ կան այսօրվա Սահմանադրությունում։ Ըստ նախարարի` պետք է հստակեցվի, թե անկախ կամ ինքնավար մարմիններն ինչ դեր ու կառուցվածք ունեն։
Դիտարկմանը` արդյոք հնարավոր են փոփոխություններ Սահմանադրության առաջին 3 հոդվածում, որոնք փոփոխման ենթական չեն, նախարարը վստահեցրեց` եթե դրանք փոփոխման ենթակա չեն, ապա տրամաբանությունից շեղում չի լինի։
Հարցին` սպասվո՞ւմ են վարչապետի լիազորութունների փոփոխություններ, Գալյանը պատասխանեց` այս պահին չի կարող ասել, բայց նախագահի լիազորությունների հարցը կքննարկեն։