
Իտալիայի Սենատը բանաձև է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անելով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին

Իտալիայի Սենատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին բանաձև է ընդունվել։ Այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Իտալիայի Սենատում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը փետրվարի 19-ի երեկոյան միաձայն ընդունվեց Իտալիայի Սենատի կողմից:
Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը, մասնավորապես, պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, ուժեղացնել հանձնառությունը՝ հորդորելու երկու երկրներին ապագայում հրաժարվելու ուժի կիրառումից և պահպանելու խաղաղ, կառուցողական և բաց դիվանագիտական երկխոսություն, առարկայական կերպով աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը՝ նպաստելով դրանում վստահության ամրապնդմանը, որդեգրել տնտեսական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետ ինտենսիվ և հավասարակշռված տնտեսական հարաբերությունների հասնելուն»,- հայտնեցին դեսպանությունից։