Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելոգի հետ։ Այս մասին հաղորդագրությունը տարածվել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Հանդիպման ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է ԵՄ-ի կարևոր դերը Ուկրաինայի ֆինանսական կայունության և պաշտպանության ապահովման գործում՝ մատնանշելով 135 միլիարդ եվրոյի չափով օգնության հատկացումը (մոտ 145 միլիարդ դոլար), որը «ցանկացած այլ դաշնակցի տրամադրած օգնությունից ավելի շատ է»:

Ըստ հաղորդագրության՝ սա ներառում է 52 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացումը, ինչը հավասարազոր է ԱՄՆ-ի հատկացումներին:Ֆոն դեր Լայենը նաև մատնանշել է Եվրոպայի պլանները՝ մեծացնելու պաշտպանական արտադրությունն ու ծախսերը՝ ուժեղացնելով ինչպես եվրոպական, այնպես էլ ուկրաինական ռազմական հնարավորությունները:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև շեշտել է, որ ԵՄ-ն իրականացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու իր ամբողջ բաժինը և պատրաստ է անել ավելին։

Վերահաստատելով ԵՄ-ի հավատարմությունը արդար և տևական խաղաղությանը՝ ֆոն դեր Լայենը կրկնել է, որ ցանկացած բանաձև պետք է հարգի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ապահովված անվտանգության ամուր երաշխիքներով: Նա նաև հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունն՝ աշխատելու ԱՄՆ-ի կողքին՝ «վերջ դնելու արյունահեղությանը և օգնելու ապահովել արդար և կայուն խաղաղություն, որին Ուկրաինան և նրա ժողովուրդն իրավամբ արժանի են»:

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ այժմ «կրիտիկական պահ» է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս