
Երևանի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր գողացած անձինք հայտնաբերվել են

Փետրվարի 16-ի ժամը 20.56-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Հայտնում են ՆԳՆ-ից:
Նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ից ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի սեղանի վրայից գողացել երկու ոսկյա մատանի՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 31-ամյա և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Փետրվարի 17-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, որտեղ 26-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Երիտասարդները ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: