
«Սա Փաշինյանի կողմից բեմականացում էր. այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև մարդիկ շոկի մեջ են». Սամվել Լուլուկյան

Փետրվարի 16-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով, որ հանդիպել է Գերմանիայում ապրող հայերի հետ։
Թե ովքեր են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիայի հայ համայնքից՝ հայտնի չէ, քանի որ Գեմանիայում հայ հոգևոր, հասարակական ու քաղաքական գործիչներից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել։
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում է, թե իբր հանդիպում է ունեցել Գերմանիայի հայ համայնքի հետ, ինչը ճիշտ չէ։
«Գերմանիայում գտնվող հայկական կարևորագույն կազմակերպություններից որևէ մեկը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես Գերմանահայոց թեմն է, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Հայ ակադեմիական միությունը, Հայ գործարարների միությունը, Հայկական հիմնադրամը, Հայկական օգնության ֆոնդը և այլն։ Այդ հանդիպմանը ներկա է եղել ընդամենը մեկ հոգի, որը Մյունխենի հայ համայնքի նախկին նախագահն է եղել, և մեկ հոգի էլ, ով համայնքի ներկայիս վարչության անդամ է։
Այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից բեմականացում է, շոուի տեսքով, որ հանդիպել է հայ համայնքի հետ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նյութին կից գրել էր, որ հանդիպել է Գերմանիայի մի խումբ հայրենակիցների հետ։ Այդ հանդիպմանը հիմնականում եղել են Գերմանիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները, Փաշինյանի աշխատակազմից ներկայացուցիչներ։ Կրկնում եմ՝ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն ամբողջական այդ հանդիպմանը ներկա չեն եղել»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Սամվել Լուլուկյանը։
Հարցին՝ արդյո՞ք Գերմանիայում հայկական կազմակերպությունները միասնաբար են որոշել չհանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, Սամվել Լուլուկյանը պատասխանեց, որ բոլորի անունից չի կարող խոսել, սակայն հիմնական կառույցները, որոնց հետ շփվել է, նրանցից որևէ մեկը ցանկություն չի ունեցել հանդիպել Փաշինյանի հետ։
«Նրանք բոլորը բոյկոտում են որևէ հանդիպում։ Հատկապես Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, որը կապված էր Հայոց ցեղասպանության ժխտման հետ, Գերմանիայի հայ համայնքում մեծ բողոքի ալիք է բարձրացել, այս ամենը մեզ համար անընդունելի է։
Այդ հայտարարությունից հետո մեր համագործակցությունը Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ կասեցրել ենք։ Հատկապես ապրիլի 24-ի միջոցառումները դեսպանատան հետ էինք կազմակերպում, Փաշինյանի հայտարարությունից հետո դեսպանն արդեն համակազմակերպիչ չէ, համագործությունը դադարեցրել ենք նրա հետ։
Այո, Գերմանիայում գտվող հայկական կարևոր կառույցները չեն ցանկանում հանդիպել Փաշինյանի հետ ու նրան տեսնել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև շեշտեց, որ Փաշինյանի հետ հանդիպելու որևէ հրավեր չեն ստացել, սակայն ունեցել են տեղեկություններ, որ նրա հետ ինչ-որ հանդիպում են կազմակերպելու։
«Իմ տեղեկություններով, այնպես են կազմակերպել, որ շատերն այդ հանդիպման մասին չիմանան, գիտեմ նաև, որ հրավեր չեն ուղարկել Գերմանիայի հայոց թեմին»,- նշեց Սամվել Լուլուկյանը։
Նա նաև ընդգծեց, որ վերաբերմունքը, որին Գերմանիայում արժանացել է Նիկոլ Փաշինյանը, դեռ սկիզբն է։
«Ցյուրիխում Հայոց ցեղասպանության մասին նրա վերջին հայտարարությունը և Վաշինգտոնում արված հայտարարությունները մեծ բողոքի ալիք են բարձրացրել։ Այս հայտարարությամբ նա ջուր է լցնում թուրքական քարոզչության վրա, տասնամյակներ Թուրքիան նույն թեզերով է առաջ շարժվել, թե «ինչո՞ւ ու ինչպե՞ս եղավ Ցեղասպանությունը, եկեք քննենք», և այլն։ Թուրքիան միշտ նախապայման է դրել, հատկապես վերջին ժամանակաշրջանում, որ, եթե ուզում ենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, պետք է հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցից, ինչն այժմ անում է ՀՀ օրվա իշխանությունը։
ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց առաջնային հարցերից չէ, ու երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դնում ենք կողք կողքի՝ ստանում ենք այն, ինչը պահանջում է Թուրքիան։
Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև մարդիկ շոկի մեջ են։ Մեր կողմից եղավ հայտարարություն, որով դատապարտում էինք Փաշինյանի հայտարարությունը, մինչ այդ մենք հանդիպում կազմակերպեցինք Գերմանիայում կարևորագույն կառույցների հետ, նաև հայ մտավորականներ էին ներկա, քննարկեցինք այս հարցը։ Մենք՝ որպես սփյուռքում հայկական կառույցների ներկայացուցիչներ, նման բան չէինք տեսել, տասնամյակներ շարունակ պայքարել ենք թուրքական ժխտողականության դեմ, բայց այսօր մենք արդեն քննարկում ենք ՀՀ ղեկավարի ուրացման քաղաքականությունը»,- ասաց Սամվել Լուլուկյանը։
Նա նշեց, որ սփյուռքում շատերի հետ շփվելիս՝ հասկանում է, որ նրանք փորձում են թմբիրից արթնանալ, հասկանում են, որ ՀՀ իշխանությունն անցել է «կարմիր գծերը», ինչը մեծ վնաս է հասցնում հայոց պետականությանը, արժեքներին։
«Նա իր հայտարարություններով փորձում է պառակտում մտցնել սփյուռքի մեջ։ Բայց իմ շփումները տարբեր երկրների հայկական կառույցների հետ ցույց են տալիս, որ մարդիկ մարտական են տրամադրված ու պայքարելու են ժխտողական քաղաքականության դեմ։ Մեր հայտարարության մեջ ևս նշել ենք, որ պետք է միասնական լինել ու միասնաբար մեր պահանջն առաջ տանենք, պայքարենք։ Սրանք գեղեցիկ խոսքեր չեն, Փաշինյանի իշխանությունն այս քաղաքականությամբ արդյունքի չի հասնի։
Մյունխենում տեղի ունեցածը պարզ բեմականացում էր, այնպես, ինչպես հեծանիվ է վարում, ձվածեղ է պատրաստում։ Իր վարկանիշը շատ ցածր է, նման շոուներով փորձում է սեփական վարկանիշը բարձրացնել»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Սամվել Լուլուկյանը։