
Դատախազության հայցերով ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքում ապօրինի օտարված 17,3 հա հողամասերի նկատմամբ

Կոտայքի մարզում ապօրինի օտարված, հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի վերաբերյալ, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ներկայացվել է 18 հայց։
Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից նշեցին, որ հայցերը վերաբերում են շուրջ 54,6 հա մակերեսով հողամասերի աճուրդների անվավերությանը: 18 հայցերից 11-ը բավարարվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն (մասնակիորեն բավարարված հայցերով դատական ակտերը դատախազության կողմից բողոքարկվել են):
«Օրինական ուժի մեջ է մտել 11 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 7 վճիռ, որոնց հիման վրա գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը շուրջ 17,3 հա մակերեսով հողամասերի նկատմամբ, որոնց ընդհանուր շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիարդ 114 միլիոն 604 հազար դրամ է»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից։