
Համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի հետ. Փաշինյանն Արցախը հանձնելու նպատակով է եկել. Հրանտ Միքայելյան
Երկարատև լռությունից հետո այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ արտաքին և ներքաղաքական զարգացումներին:
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում առանձնացրեց ասուլիսի կարևոր ուղերձները: Նա նախ ուշադրություն հրավիրեց Երկրորդ նախագահի հրապարակած այն փաստի վրա, որ Արցախում կորցրած ամբողջ հարստությունը 80-100 մլրդ դոլար է:
«Ես նման հաշվարկներ չեմ արել, բայց կարող եմ ասել, որ միայն վերջին տարվա Արցախի ՀՆԱ-ն 600 մլն դոլարից ավելի էր, իսկ եթե գումարեինք այն հնարավորությունները, որոնք կային, և այն կորուստները, որոնք ունեցել էինք նաև 2020թ., ապա հսկայական թիվ է ստացվում ցանկացած պարագայում: Ցավոք, շատերը մոռացել են դրա մասին, և շատ լավ է, որ Երկրորդ նախագահը հիշեցրեց դա»,- ասաց նա:
Հրանտ Միքայելյանը կարևոր ուղերձ համարեց այն, որ չնայած ՀՀ ներկայիս իշխանությունները, Բաքվի վարչակարգը, ՌԴ իշխանությունները և այլ երկրների ներկայացուցիչներ ասում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ցրելու ժամանակն է, Ռոբերտ Քոչարյանը շեշտեց՝ չպետք է դա թույլ տալ:
«Իհարկե, պարզ է, որ այս իշխանությունները շտապում են Արցախի կորուստը դարձնել ինչքան հնարավոր է անդառնալի, և շատ լուրջ հաջողություններ ունեն այս ճանապարհին, բայց ամեն դեպքում շատ լավ է, որ դրա մասին խոսվեց»,- ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունների հիմնական ծրագիրը 2018-ին հենց եղել է Արցախի հանձնումը. «Սա 2018-ից մինչև հիմա չփոփոխվող ծրագիր է, ուղղակի մեդիասպասարկումն է փոխվել»:
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանն այս թեմային անդրադառնալիս՝ նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն դրել էր Ռեմբոյի տեղը, բայց վերածվեց աշխարհաքաղաքական Գիքորի, և հրաժարվեց կոնսպիրոլոգիաների դաշտ մտնել, նա արձագանքեց. «Այստեղ ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի հետ: Փաշինյանն իրեն երբեք Ռեմբոյի տեղը չի դրել, նա ուղղակի տանում էր պոպուլիստական քարոզ Հայաստանում այն ժամանակ, երբ նախադրյալներ էր նախապատրաստում, որոնք նպաստեցին այս կործանարար վիճակին: Ինչ վերաբերում է կոնսպիրոլոգիային, իհարկե, իմ հայտնած դիրքորոշումը կարող է ընկալվել՝ որպես կոնսպիրոլոգիա, բայց հետևյալը կասեմ. Եթե կա քաղաքականություն, ապա այն ենթադրում է հետևողականություն: Այս պահի դրությամբ Փաշինյանը բոլոր տեղերից փորձում է Արցախը ջնջել: Փաշինյանը դա որոշել է ո՞ւշ, թե՞ շուտ:
Եթե բացենք նրա գիրքը, թերթի հոդվածները, որոնք գրել է 1999թ., 2000թ., և այլն, ապա մենք կտեսնենք, որ սա եղել է հետևողական գիծ: Եթե վերլուծենք քաղաքականությունը, այլ ոչ թե հայտարարություններ, ապա կտեսնենք, որ Փաշինյանը միշտ հակաարցախյան դիրքորոշում է ունեցել, բայց երբ 2015-ից սկսեց իշխանության պատրաստվել, նա որդեգրեց պոպուլիստական գիծ՝ հայտարարելով, որ ոչ մի զիջում չի անելու: 2018-ից նրա կադրային քաղաքականությունը ցույց է տալիս, որ Արցախը հանձնելու նպատակ եղել է: Այն, որ Քոչարյանը դա չի ուզում ընդգծել, գուցե իր բնավորությունից, ունեցած տեղեկատվությունից կամ դիրքորոշումից է, բայց ես իմը կարող եմ ասել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում