
#ՀԻՄԱ. ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Արտաքին քաղաքականություն
1. Նախագահ Թրամփը ուղղակի ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը և այն գործիքակազմը, որով այդ գաղափարախոսությունը առաջ էր մղվում աշխարհով մեկ։
2. Արտաքին քաղաքականության դաշտում Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում։ Պարտադիր չէ թռչել Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը։ Կարելի է որպես գործընկեր ճիշտ քաղաքականություն վարել ՌԴ-ի հետ և չթշնամանալ Արևմուտքի հետ։ Բայց մենք սխալներ ենք գործում և գցում դա Ռուսաստանի վրա։
3. Ամենավտանգավոր և ամենաանհարմար պահին Հայաստանը հայտարարել է, որ փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը և գնում է դեպի ակնհայտ թուլացող կենտրոն՝ հեռանալով ուժեղացող կենտրոնից։
4. Չեմ կասկածում, որ մոտակա ժամանակներում Հայաստանի վարչապետը շատ արագ կոշիկները փոխելու է, զանգելու է Ռուսաստանի նախագահին և սկսի կենացներ ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին։
5. Այն հանգամանքը, որ Սյունիքում մենք չենք ունեցել ավելի մեծ պրոբլեմներ, կապված է Իրանի դիրքորոշման հետ, հակառակ դեպքում Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա։ Կարո՞ղ է Իրանի վերաբերմունքը փոխվել։ Այո, կարող է։
6. ԵՄ-ն չի փլուզվելու, բայց կա իմաստային և առաջնորդության ճգնաժամ, այն ստիպված է լինելու բավականին լուրջ բարեփոխման ենթարկվել։ Այդ ընթացքում անդամագրվելու բոլոր գործընթացները սառեցվելու են։ Նախընտրական շրջանում սա լինելու է ամենամեծ դրոշը, այլ նպատակ չեմ տեսնում։
7. Հայաստանը պետք է ահազանգեր ռազմական բալանսի խախտման մասին, ինչը կբերի պատերազմի, և այդ դեպքում ռիսկերը զսպելու համար պետք է այս զենքը։ Իմ բանակցություններով Հայաստանը Ռուսաստանից անվճար զենք է ստացել մեծ քանակի, և բոլորը աշխատող, մարտունակ։
Լեռնային Ղարաբաղ
1. Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով․մեկը՝ 2018-2020 թթ․, մինչև պատերազմը, և երկրորդը՝ 2020 թվականից հետո, մինչև 2023 թ․ սեպտեմբեր։ Վարչապետն առհամարհել է 2019 թ․ շատ հետաքրքիր և ընդունելի առաջարկ և ասել է, որ սկսում է զրոյական կետից։ Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի։ Հետո ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ եթե Արցախը Հայաստան է և վերջ, ապա ինչի մասին կարող են բանակցել։ Սա կոչ էր պատերազմին։ Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիզական ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր։
2. Ինչո՞ւ չստացվեց խուսափել պատերազմից։ Մեծամտությունը, անընդունակությունը չկարողանալ հաշվարկներ անել գոնե երկու-երեք քայլ առաջ և արկածախնդրությունը։
3. Պրահայում սկսվեց Ղարաբաղի հանձնման երկրորդ փուլը՝ վարչապետի այն հայտնի հայտարարությամբ, որով նա Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա դատավճիռ էր Ղարաբաղի նկատմամբ։ Այս որոշումով զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը։
4. Շատերը նեղացած են Ռուսաստանից, բայց փորձեք այս ամենին նայել ՌԴ-ի տեսանկյունից, որտեղ տեսնում էին, որ կատարվողը կարելի է կանգնեցնել միայն ուժային միջամտությամբ։ Բայց ո՞ւմ համար, Հայաստանի՞, որը ճակատագրական պահին անցել է քո թշնամիների ճամբար։ Որևէ մեկն իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞։
5. Ամենահամեստ հաշվարկներով, այս իրադարձությունների հետևանքով նյութական կորուստները միայն Ղարաբաղում կազմել են 80-100 մլրդ դոլար։
6. Արայիկ Հարությունյանն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք մի գուցե պատրաստ կլինեին ստանձնել պատասխանատվությունը և իշխանությունը վերցնել։ Սամվել Շահրամանյանը միակը չէր․ առնվազն 3 հոգու հետ նա խոսում էր։ Նիկոլ Փաշինյանն էլ ամեն ինչից տեղյակ էր, գիտեր, որ Հարությունը հրաժարական էր ուզում տալ։
7. Ես առաջնային մանդատ եմ ունեցել Ղարաբաղում, որից հրաժարվել եմ, եկել Հայաստան, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն էր ինձ խնդրել գալ, վարչապետի պաշտոնը զբաղեցնել։ Նույնիսկ եթե հետո ինքը ինձ ազատեր այդ պաշտոնից, ես միևնույն է կպայքարեի Ղարաբաղի համար։
8. Առաջին պատերազմում հաղթել ենք և համոզիչ հաղթանակ ենք ունեցել, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել անհարգալից վերաբերմունք, հայտարարություն Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի որևէ ղեկավար այդպիսի բան իրեն թույլ չի տվել։ Հիմա Ալիևը Փաշինյանի մասին շատ հանգիստ ասում է, որ հարբեցող կլոուն է։ Դա նորմալ չէ։ Այսօր նաև նախկինում կատարվածի հետևանքների հետ գործ ունենք։
9. Եթե տվյալ պետությունն ինքն իր հողերի համար պատրաստ չէ կռվել, ինչ-որ մեկը գալո՞ւ է իր փոխարեն կռվի։ Կարելի է պարտվել պատերազմում, բայց եթե դու արդեն պարտվել ես քո ուղեղում, ոչ թե պարտված ես, այլ արդեն չոքած ես, ոչ մեկը չի գալու քեզ հետ կռվի, որովհետև դու արդեն վստահելի գործընկեր չես դիտվում։ Այսօր արցախցիների՝ Արցախ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմնբերի 9-ի հայտարարությունից կառչելն է։ Եթե Ադրբեջան ասում է՝ ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել․ այդ ճանապարհն ընդամենը մեկ կետ է այդ եռակողմ հայտարարության մեջ։ Սա միակ ճանապարհն է, որով ղարաբաղցիների վերադարձը կարելի է հետ բերել բանակցային գործընթաց։ Այս փոքրիկ հնարավորությունն էլ պետք է օգտագործել։
10. Առանց որևէ միջազգային երաշխիքի ոչ մի ղարաբաղցի չի վերադառնա։ Եթե այդ հարցն ընդհանրապես չես քննարկում, ուրեմն ինքնակամ հրաժարվում ես Ադրբեջանի վրա ազդելու այդ լծակից։ Հարցի քննարկումը նշանակում է էթնիկ զտման հարցը բերել բանակցային սեղան։
11. Բանավեճի ենթակա թեմա չկար։ Ղարաբաղի հարցով վիճելու բան չկար ինձ համար։ Իշխանական ներկայացուցչի համար մասնակցության չափորոշիչն է, թե մեկ րոպեում իրար հետևից քանի սուտ կարող է ասել, որ դիմացինը չհասցնի պատասխանել։
12. Այսօր Բաքվում դատվում է ոչ միայն Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դատվում է նաև Հայաստանի Հանրապետությունը։
13. 2023 թ․ սեպտեմբերին, երբ մարդիկ հրապարակում էին, ես օրը 5-10 անգամ կապի մեջ եմ եղել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։ Տարբերակներ եմ առաջարկել նրանց այնտեղից հանելու։ Այդ պահին իմ մտահոգությունը դա էր։
14. Մարդկանց սրտերում մնացել է դառնությունը, բայց այն, որ մարդիկ հաշտվել են Արցախի կորստի հետ, այստեղ ճշմարտության մեծ բաժին կա։ Բայց հաշտվել, չի նշանակում, որ անվերապահ են հաշտվել։ Ենթադրում եմ, որ դա կարող է տրիգեր հանդիսանալ քաղաքական որոշակի ակտիվ պրոցեսների համար։ Դժվար է ասել, ինչ չափի նստվածք է, և կպայթի՞ արդյոք։
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին
1. Բանակցային որևէ փաստաթուղթ իմ ժամանակ և ինձանից առաջ գաղտնիության գրիֆ չի ունեցել։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա երկու փաստաթղթերը հրապարակված են, ընդհանուր պետության մասին փաստաթուղթը՝ նույնպես, Մադրիդյան սկզբունքները հրապարակված են։ Որքան գիտեմ, հրապարակված են նաև Կազանյան սկզբունքները։ Հրապարակված չեն միայն 2019 թ․ առաջարկը և Քի Վեսթի փաստաթուղթը։
2. Բանակցությունների արդյունքում եկել էինք նրան, որ լինելու էր սուվերեն ճանապարհ, որի զգալի մասը ենթադրում էր թունել-էստակադա։ Պայմանը հետևյալն էր՝ Հայաստանի տարածքի անընդհատությունը չպետք է կտրվի։ Այդ ճանապարհի օդը, ընդերքը, հողը մնում էր Հայաստանին։
3. Պատերազմը զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր, և պետք են երաշխավորներ, հատկապես, որ այսօր մենք հավասար պայմաններում չենք։ Չկա հակառակ կողմը զսպող մեխանիզմ։ Այն, ինչ նկարել է վարչապետը, տուպիկ է, բայց վաճառում է հանրությանը որպես խաչմերուկ։ Անլուրջ և անհարգալից է դա ներկայացնել պաշտոնական հանդիպումներին մարդկանց, որոնք իսկապես բան են հասկանում։
4. Այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթացին, հիմարություն է։ Մինսկի խումբը պետք է ամեն գնով պահել, եթե այն հիմա լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի նման կարգի միջազգային ֆորմատ ունենալ։
5. Ես երբեք բանակցային որևէ գործընթացից չեմ հրաժարվել, չեմ վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերեն, որը չեմ կարող բարեփոխել։
6. Ընդհանուր պետության առաջարկին ո՛չ այո եմ ասել, ո՛չ էլ՝ ոչ։ Զուտ չեմ ուզել իրավիճակը սրել։ Բայց 100 տոկոսով համոզված եմ եղել, որ Հեյդար Ալիևը չի ընդունելու։ Պրիմակովը վստահ էր, որ կհամոզի Հեյդար Ալիևին։ Ես ասեցի, որ այս գործընթացում ամենադժվար կողմը չեմ լինի․ եթե Ալիևին համոզեք, կոնստրուկտիվ կքննարկենք։ Ալիևը կտրուկ մերժել էր այդ տարբերակը, իսկ հետո ասել, որ դա ամենավատ տարբերակն էր։
7. Արցախը երբեք բանակցային գործընթացից դուրս չի մնացել, սա կեղծ թեզ է, որն իմ դեմ է օգտագործվել։ Մինսկի խմբի շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ։ Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ։
Մեղրիի մասին
1. Մինչև 1999 թվականը համանախագահները ինչ առաջարկ բերում էին, փորձում էին տարածքային ամբողջականության իրավունքը “ամուսնանցել” ինքնորոշման սկզբունքի հետ։ Ու հանկարծ Վաշինգտոնում Ալիևը առաջարկեց դրանք տարանջատել։ Ես ասում էի, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Ալիևն ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին։ Այդ պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու, իսկապես դա այդպե՞ս է, թե՞ չէ, և Ալիևի ընկալումներն այդ բանակցություններից և մեր ընկալումները նու՞յնն են, թե՞ ոչ։ Չի եղել առաջարկ, որ մենք ասենք, ընդունում ենք կամ չենք ընդունում, կամ ընդունում ենք վերապահումներով։ Երկու տարի տևած գործընթացի արդյունքում համանախագահների կողմից հնչած միակ առաջարկը եղել է Քի Վեսթում։ Ուրիշ գրավոր առաջարկ երեք համանախագահների կողմից չի եղել։
2. Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից, ամեն ինչից, նա հանրապետության վարչապետն էր, խորհրդարանական մեծամասնության ղեկավարն էր, որևիցէ լուծում առանց իր համաձայնության հնարավոր չէր: Եվ ինքը առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը մասնակցել է այդ հանդիպմանը:
3. Ինչո՞ւ է Մեղրիի թեման տաքացել հիմա։ Որովհետև կա միջանցքի կամ ճանապարհի հարց, և Հայաստանի իշխանությունն այսօր մի ցանկություն ունի՝ անել այդ զիջումը և հայտարարել․ ես ի՞նչ կապ ունեմ, եթե այն ժամանակ դա քննարկված չլիներ, այս թեման ընդհանրապես չէր լինի։
Ներքին քաղաքականություն
1. Հայաստանի իշխանությունները բավարար կամք են դրսևորել միայն աթոռը պահելու հարցում։ Այլ թեմայում բավարար կամք դրսևորելու որևէ օրինակ չգիտեմ։
2. Պետք է կոնսոլիդացնել հանրությանը, լրջորեն զբաղվել բանակաշինությամբ և հզորացնել տնտեսությունը։ Եթե այս երեք կոմպոնենտը միասին լինեն, քեզ հետ հաշվի կնստեն։ Իսկ այսօր ուղղակի “Գիքորաստան” են կառուցում։
3. Սփյուռքի հետ կապված Հայաստանը պետք է վերադառնա իր նախկին մոտեցումներին։ Հայաստանը Սփյուռքի հետ և առանց Սփյուռք տարբեր քաշային կատեգորիաներում են։
4. Ո՛չ նշանակովի ընդդիմություն է լինում, ո՛չ նշանակովի առաջնորդ։
5. Չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ վախենալու։ Այս իշխանությունից ամեն ինչ սպասում եմ, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մի օր պատասխան տալու ժաամանակը գալիս է։
6. «Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի փողոցային պայքար, թե ընտրություններ։ Ամենապրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել։
7. Իմ համակիրների մի մասը չի ընդունում երրորդ նախագահին, նույնն էլ երրորդ նախագահի թիմում է։ Ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։ Միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացվում, օրինակ 5+5 -ը դառնում է 12, 14։ Եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Մեր մոտ պատկերն այնպիսին է, որ սիներգիան չի աշխատելու։ եթե մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որը չի ընդունում երրորդ նախագահին, կհեռանա։
8. Այո, ես համարում եմ, որ կարելի է ընտրությունների ճանապարհով այս իշխանությանը հաղթել։ Եթե ասեմ, որ հնարավոր չէ, ապա, ինչ եմ անում այստեղ։
9. Հենց ընտրական պրոցեսներն սկսվեն, մարդիկ սկսելու են կողմնորոշվել՝ իրենք սատարում են ստապետության շարունակությանը, թե՞ փորձում են այլ ընտրություն ունենալ։ Կարծում եմ, վիճակը հասունացած է այլ ընտրություն ունենալու համար։
10. Վեհափառի հետ հանդիպումների նախաձեռնողը ես չեմ եղել և չեմ կարող ասել՝ ինչու դրանք չշարունակվեցին։
11. Այն, ինչ այստեղ անում էր USAID-ն, հատուկ ծառայություն չէր, բայց նպատակը նույնն էր, մի գուցե ավելի արդյունավետ՝ փափուկ ուժի կիրառման գործիքակազմով:
12. 2021թ․-ին իշխանությունը հնի-նորի և պատերազմով վախեցնելու հանգամանքը միացրել էր իրար։ Կարո՞ղ են այս անգամ նույնը փորձել անել։ Այո, կարող են։ Հիմա Թրամփը, որը պարտվել էր Բայդենին, իսկ հետո ավելի համոզիչ հաղթանակ է տարել, նո՞ր է, թե՞՝ հին։
13. Մեզ չի հաջողվել կուտակել այն էներգիան և ունենալ ակտիվ գործողությունների պատրաստ մարդկանց այն քանակը, որը կբերեր իշխանափոխության։ Սխալի արդյունք էր, թե ժամանակավրեպ ակտիվություն էր, չգիտեմ։ Հիմա հասարակության դժգոհության աստիճանը շատ ավելի մեծ է։
Տնտեսություն
1. Իմ կառավարման ժամանակ միջին աշխատավարձն աճել է 5 անգամ, ինֆլյացիան եղել է 3 տոկոս, իմ կառավարման տարիները եղել են ամենախաղաղ տարիները։ Չի եղել մի դեպք, որ համանախագահողների առաջարկին Հայաստանն “ոչ” ասի, իսկ Ադրբեջանն՝ այո։ Իսկ որոշ դրվագներ պարզապես տիրաժավորվել են այն ժամանակվա ընդդիմության, ներկայիս՝ իշխանության կողմից:
2. Փոքր և միջին բիզնեսը վերահսկելու բազմաթիվ մեթոդներ կան, պետք չէ ընկնել ժողովրդի հետևից։ Սա պրակտիկ քաղաքականության մոտեցում է, որի շնորհիվ իմ կառավարման տարիներին միջինում ունեցել ենք 10,1 տոկոս տնտեսական աճ։
3. Ո՞վ է խանգարում քաղաքային իշխանությանը որակյալ ծառայություն մատուցել էժան գներով։ Քաղաքային տրանսպորտը բիզնես չի։ Եթե մատչելի գինը 50 դրամ է, պետք է 50 լինի, 100 դրամ է, պետք է 100 լինի, մնացածը պետք է սուբսիդավորել։ Եթե տրանսպորտը լավ է աշխատում, քաղաքում բոլոր բիզնեսները սկսում են լավ աշխատել։
4. Համընդհանուր հայտարարագրումը կոռուպցիան վերացնելու հետ կապ չունի ընդհանրապես։ Պաշտոնատար անձինքն հայտարարգրում են իրենց եկամուտները։ Վերահսկելու համար մեխանիզմները պետք է ուժեղացնել։ Սա մեկ նպատակ է հետապնդում․ մտնել ամեն մարդու գրպանը, արդեն մարդկանց ննջարանն են մտնում։ Տեսնելու են տրանսֆերտների գումարը, արդյունքում գույքագրելու են և հարկեն։
5. Օտարերկրյա ներդրումները տնտեսության մեջ համարյա չկան, և պատճառնեևից մեկը կառավարության կողմից «փայ» մտնելն է։ Սա պետական ռեկետ է, որն անում են տվյալ ձեռնարկությունում ազդեցության լծակ ունենալու համար։
Միֆերի մասին
1. Տարիներ շարունակ իշխանությունը տարբեր երկրներ հարցում է ուղարկել, որ պարզի, որտեղ ինչ ունեցվածք ունենք։ «Սպայկա», Քաջարանի կոմբինատ, «Զվարթնոց» օդանավակայան, 5 հատ բանկ։ Ոչինչ չեն բացահայտել։ Իմ նկատմամբ հարուցված քրեական գործում ներկայացված է կադաստրով պետական գրանցում ունեցող գույքը։
2. 4 մլրդ դոլար ունեցվածքի փուչիկը, որ երկար տարիներ ընդդիմադիր, և ոչ միայն, մամուլի կողմից փչվում էր, դատախազությունն ինքը կոտրեց։
Ռոբերտ Քոչարյան