
Ռուսաստանից ստացել ենք նաև անվճար և աշխատող զենքեր. տեսեք՝ Ուկրաինայում ինչո՞վ են կռվում. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Լրագրողները հարց են հնչեցրել Հայաստան-ՌԴ, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների և ՀԱՊԿ-ի արածի և չարածի մասին:
«Եթե դու պատրաստ չես կռվելու քո տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար և մտածում ես, որ ուրիշն է դա քո տեղն անելու, դա չի աշխատում»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Ադրբեջանը և՛ անձնական, և՛ միջպետական ավելի լավ հարաբերություններ ունի, քան Հայաստանը՝ միգուցե բացառությամբ Ռուսաստանի հետ մինչ այդ պահը:
«Օրինակ, Բելառուսի հետ այս հարաբերություններն ինձ համար հասկանալի չեն: 10 տարի նախագահ եմ եղել, և 10 տարի միջազգային տարբեր ատյաններում բոլոր քվեարկություններում Բելառուսը մեր կողքին էր, մեզ աջակցում էր: Երբեք որևէ խնդիր Բելառուսի հետ չենք ունեցել իմ 10 տարվա նախագահության ժամանակ: Երկկողմ հարաբերությունների ճանապարհով դու հարաբերություններ ես զարգացնում՝ և՛ անձնական, և՛ միջպետական: Հիմա ասեք, Հայաստանի վարչապետը ո՞ր երկրի առաջնորդի հետ ունի նաև ընկերական հարաբերություններ, Մակրոնի՞, նա սիրուն հայտարարություններ է անում, բայց Ֆրանսիան այստեղ կենսական շահեր չունի: Ֆրանսիան այն երկիրն է, որի հետ հարաբերությունների զարգացման առումով ես լուրջ դերակատարություն եմ ունեցել և շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ժակ Շիրակի հետ, բայց Ֆրանսիան այստեղ կենսական շահեր չունի:
Ֆրանսիան ամենաշատն ի՞նչ է անելու, լավ հայտարարություն է անելու Մակրոնը, որովհետև հայ համայնքի հետ հարաբերությունները կարևոր են ներքաղաքական իմաստով, և միգուցե մի քանի զրահամեքենա տան, որը կարող է ավելի շատ ինկասացիայի համար օգտագործվել, քան ռազմական գործողությունների ժամանակ»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ անվտանգային տեսանկյունից սա լուրջ բան չէ:
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ պետք էր անձնական, միջպետական հարաբերություններ զարգացնել: Պաշտոնական այցերի առումով ինչ է եղել այս ընթացքում մինչև ձեր ասած այդ պահը՝ 2018-2020 թվականը: Անգամ կենցաղում մարդկային հարաբերությունները երկար ժամանակում են կառուցվում, ընկերանում են շատ երկար ժամանակում, թշնամանում՝ մեկ վայրկյանում:
Նույնը միջպետական հարաբերություններում է, կարող է այնպիսի սխալ թույլ տաս, որ լավ հարաբերությունները միանգամից քայքայես»,- շարունակեց նա և հավելեց, որ ՀԱՊԿ-ում չկա սահմանափակում՝ ում զենք վաճառեն, ում՝ չվաճառեն: Այսինքն, Ադրբեջանին զենք վաճառելով՝ ՌԴ-ն խախտում չի արել:
Քոչարյանը շեշտեց՝ ինչո՞ւ այդ հարցն Ադրբեջանին զենք վաճառող այլ երկրներին չի տրվում, որովհետև Ռուսաստանի հետ այլ հարաբերություննե՞ր են:
«Հիմա մեզ համար չափազանց կարևոր է, որ այդ զենքը չլինի՞ ՌԴ-ում արտադրած զենք, թե՞, որ այնտեղ ընդհանրապես զենք չլինի: Մենք այս հարաբերությունները սև-սպիտակի չպիտի վերածենք: Հայաստանը Ռուսաստանին պետք է հետևյալն ասի՝ էսքան զենք է վաճառվում Ադրբեջանին, հիմա սա կխախտի բալանսն առաջնագծում, և մեր պահանջն է, որ փորձեք կոմպենսացնել այդ վտանգները, որոնք կարող են առաջանալ մեր նկատմամբ այս գործարքի արդյունքում: Ես այդպես կանեի»,- շեշտեց Քոչարյանը՝ նկատելով, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ ՌԴ-ն որոշակի ազդեցություն է ունենում նրա վրա, և, որ ՌԴ-ից Հայաստանը մեծ քանակի անվճար զենք է ստացել և նորմալ աշխատող: