«Թող իրերը հավաքի ու գնա. Նորմալ երկրում ցանկացած ղեկավար նման բաներ ասելուց հետո պետք է ասեր՝ կներեք, ժողովուրդ, ես գնացի տուն». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»,- իր հերթական հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ««Արևմտյան Ադրբեջան» խոսույթը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:

Մատնանշելով Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքները` միևնույն ժամանակ Փաշինյանը հարցազրույցի վերջում ասել է նույն հարցազրույցի սկզբում ասածի ճիշտ հակառակը՝ շեշտելով՝ Հայաստանի դեմ էսկալացիայի հիմք չկա։

«Ինչ ասեմ՝ դասական նիկոլիզմ է սա, ուրիշ ոչինչ։ Հարցազրույցի սկզբում ասում է մի բան, վերջում՝ տրամագծորեն հակառակը։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այս հարցազրույցն Ադրբեջանի կողմից սպառնալիքների մասին է։ Այս ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև խաղաղությունը կնքում են երկու կողմերը, իսկ Ալիևը չի ցանկանում խաղաղության տանգո պարել Նիկոլի հետ, կամ էլ՝ ուզում է, բայց միայն իր պայմաններով։ Այնպես որ՝ այս հարցազրույցն Ալիևից խաղաղություն աղերսելու մասին էր»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվող սպառնալիքներին և, միևնույն ժամանակ, առաջարկվող Խաղաղության օրակարգին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանություն է արել առ այն, որ իր առաջարկած Խաղաղության օրակարգը ձախողվել է։

«Նորմալ երկրում ցանկացած ղեկավար նման բաներ ասելուց հետո պետք է ասեր՝ կներեք, ժողովուրդ, ես գնացի տուն։ Կարիք չկա նման հոդվածից հետո, որ ընդդիմադիրները ներկայացնեն, թե ինչ արհավիրք է բերել հայ ժողովրդի գլխին այս մարդը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ Փաշինյանն իր վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը դարձրել է աշխարհից մեկուսացված մի երկիր։

«Վճռական մենակն է դարձել, թող իրերը հավաքի ու գնա, պետության ղեկավարը նրա համար չէ, որ պետությունը դարձնի իզոլացված… Նիկոլ Փաշինյանի պես քաղաքական թյուրիմացությունն է Հայաստանի գլխին կանգնած։ Կրկնում եմ՝ Փաշինյանի այս հարցազրույցն այն մասին է, որ իր Խաղաղության օրակարգը հավասար է զրոյի»,- ասաց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է իշխանությանը կողմից իրականացված աղետալի սխալների բարձրաձայնումը ռևանշիզմի ցանկություն որակելուն, որի մեջ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ապա ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց.

«Ասում են՝ պատերազմ եք ուզում. ո՛չ, չենք ուզում, բայց Նիկոլի բերած խաղաղությունն էլ չենք ուզում։ Արցախում էլ հիմա խաղաղություն է, բայց հայ չկա։ Ալիևին իր ուզածը տվեց, Էրդողանին էլ՝ իր ուզածը, տակը Հայաստան չի մնալու, այնպես որ, թող իր իրերը հավաքի, գնա տուն, տեսնենք, Հայաստանը մնո՞ւմ է, թե՞ ոչ։ Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը նիկոլիզմն է՝ Ալիևին և Էրդողանին հավասար սպառնալիք»,- խոսքը եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս