Երկիրն ուզում են ներքաշել կոլապսի մեջ
Իշխանությունների որդեգրած եվրաինտեգրման ճանապարհին սպասվող վտանգները Հայաստանին լավ բան չեն խոստանում. Զգուշացնում են՝ պատրաստ լինել «դիմակայելու մի քանի ցուրտ ձմեռների»։ Պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում, պետք է հիշել 1990-ական թվականները, երբ Հայաստանը հայտնվել էր էներգետիկ ճգնաժամի մեջ։ Բնակչությունը գազ չէր ստանում, հոսանքը մի քանի ժամով էր, տնտեսությունը գրեթե կաթվածահար վիճակում էր, անգամ սոցիալական նշանակության օբյեկտները լիարժեք չէին գործում, ու դա երբեմն մարդկային կյանքեր էր արժենում։
Այսօրվա եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին նույն հեռանկարն են խոստանում, գուցե մի քիչ ավելի մեղմ տարբերակով, բայց դա կարծես իշխանություններին ավելի քիչ է մտահոգում, քան սեփական քաղաքական շահերն ու իշխանական աթոռները։ Պատրաստվում են մտնել մի գործընթացի մեջ, ինչը լուրջ սպառնալիք է տնտեսության համար։ Արդեն հնչում են հայտարարություններ, որ ԵԱՏՄ շրջանակներում կարող են կիրառվել սակագնային պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, ինչը, բնականաբար, կհանգեցնի Եվրասիական երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների լուրջ կրճատման։
Կասկած չկա, որ զրկվելով ԵԱՏՄ շուկայից՝ մեր տնտեսությունը կհայտնվի կոլապսի մեջ։
Այն, ինչ կառավարությունում փորձում են անել եվրոպական շուկաներում հայկական ապրանքների վերաինտեգրման համար լրացուցիչ խթաններ ստեղծելու ուղղությամբ, անիմաստ զբաղմունք է ու փողի անտեղի վատնում։
Հիշեցնենք, որ վերջերս կառավարությունը որոշում ընդունեց պետական բյուջեից 15 մլրդ դրամի կամ 37 մլն դոլարի համարժեք սուբսիդիա հատկացնել այն գործարարներին, ովքեր իրենց արտադրանքը կարտահանեն ԵՄ երկրներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա։
Մի կողմ թողնենք այն, որ նախատեսված օժանդակության գումարը կառավարությունում դեռ չեն կարողացել գտնել ու առկա բյուջետային խնդիրների պարագայում դժվար է ասել՝ ընդհանրապես կգտնե՞ն, թե՞ ոչ, բայց կառավարությունը հույս ունի, որ այս օժանդակությունը կօգնի, որպեսզի այդ երկրներում հայկական ապրանքները սպառման նոր շուկաներ ձեռք բերեն։
Գումարի շրջանակներում նախատեսում են սուբսիդավորել արտահանման մաքսատուրքերը և բարձրացնել հայկական ապրանքների մրցունակությունը, որը տուժել է հատկապես, այսպես կոչված՝ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի վերացումից հետո։ Այդ ռեժիմը, որը Հայաստանի տնտեսության համար ապահովել էին նախկին «թալանչի» իշխանությունները, դադարեց գործել այս իշխանության օրոք՝ 2022թ.։
Այդպես էլ ոչինչ չկարողացան անել, որպեսզի ԵՄ շուկաներում հայկական ապրանքների արտահանման համար, թեկուզ մասամբ, որոշակի արտոնություններ ստանան։ Ու դեռ հույս ունեն, որ եվրաինտեգրման ճանապարհին այդպիսի արտոնություններ կտրվեն Հայաստանին։
Մինչդեռ՝ նախկիններն, առանց եվրաինտեգրման խոստումների ու հիմնական գործընկեր երկրների հետ հարաբերությունները փչացնելու՝ հասել էին նրան, որ սկսած 2009թ. ԵՄ հետ առևտրային հարաբերություններում Հայաստանն օգտվում էր «GSP+» ռեժիմից, որի շրջանակներում ավելի քան 6,2 հազար ապրանքի համար մաքսային արտոնյալ ռեժիմներ էին գործում։ Այդ ապրանքների արտահանման վրա դրված էր ցածր կամ զրո տոկոս մաքսատուրք։
Հիմա ստիպված են 15 մլրդ դրամ պետական բյուջեից հատկացնել, որպեսզի հայկական ապրանքները զրոյական մաքսատուրքերով հասնեն եվրոպական երկրների շուկաներ, երբ նախկինում այդ հնարավորությունն անվճար էր տրված, առանց բյուջեից որևէ լումա ծախսելու։
Թեպետ անգամ պետության կողմից տրամադրվող մի քանի տասնյակ միլիոն դոլարի սուբիդավորման շրջանակներում մաքսատուրքերը զրոյացնելուց հետո, մեծ հարց է, թե որքանո՞վ կհաջողվի հայկական ապրանքների մրցունակությունն ապահովել եվրոպական երկրների շուկաներում։ Հատկապես որ, խնդիրն այս պարագայում եվրոպական շուկաներում հաստատված բարձր ստանդարտներն են։
Եվրոպական շուկա մտնելու համար ոչ թե պետք է փող տալ բիզնեսին՝ մաքսատուրքերը զրոյացնելու համար, այլ պետք է մտածել եվրոպական շուկաների ստանդարտներին համապատասխան ապրանք արտադրելու մասին։ Եթե չկան այդպիսի ապրանքներ, մաքսատուրքերի սուբսիդավորումը ոչինչ չի տալու։ Լինելու է բյուջեի միջոցների անիմաստ վատնում, կառավարության հերթական ձևական ու ոչինչ չտվող որոշումը։
Իսկ որ Հայաստանում եվրոպական շուկաներին համարժեք շատ քիչ ապրանքներ կան, նորություն չէ։ Պատահական չէ, որ տարիներ շարունակ այս շուկաներում Հայաստանի արտահանումը բաժին է ընկել հիմնականում հանքահումքային ապրանքներին, որոնք, պահանջարկով պայմանավորված՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում։
Մյուս ապրանքների պարագան այլ է. դրանք ոչ միայն մրցունակ չեն գնային սեգմենտում, այլև որակապես հեռու են եվրոպական չափանիշներից։ Ու քանի դեռ Հայաստանը չի կարողացել եվրոպական շուկաների պահանջարկին համարժեք ապրանքներ արտադրել, ինչը, բնականաբար, տարիների հեռանկարում լուծվող հարց չէ, նման հատվածական միջոցառումները ոչինչ չեն տալու տնտեսությանն ու արտահանման դիվերսիֆիկացմանը, բացի գումարների անիմաստ վատնումից։
Մեր տնտեսությունը կիլոմետրերով հետ է մնում եվրոպական երկրների արտադրողականությունից, ու նման պայմաններում միամտություն է՝ հույս ունենալ, թե ժամանակավոր միջոցներով հնարավոր է տեղ զբաղեցնել այդ երկրների շուկաներում, կամ մրցակցային առավելություններ ստանալ, ինչքան էլ կառավարությունն իր վրա վերցնի մաքսատուրքերի բեռը։ Տարեվերջին կտեսնենք, որ հերթական ձախողված նախաձեռնությանն ենք բախվել՝ որից, ինչպես արտահանման դիվերսիֆիկացումը, այնպես էլ՝ տնտեսությունը ոչինչ չի ստացել։
Տնտեսության վերաինտեգրումը դժվար ու երկար պրոցես է, որը քաղաքական հետաքրքրությունների ու որոշումների, անձնական կապրիզների, սրան-նրան ինչ-որ բան ապացուցելու հետ քիչ կապ ունի։ Քանի դեռ մեր տնտեսությունն այս վիճակում է, անիմաստ է հույսեր փայփայել, որ ԵՄ շուկաներում տնտեսական ինտեգրացում կարող է լինել։
Այս պայմաններում, զրկվել գործող հիմնական շուկայից, չունենալով հեռանկար այլ շուկաներում, նշանակում է՝ տնտեսությունը կանգնեցնել կոլապսի առաջ։
Անկախ նրանից, թե այս պարզ իրողության հետ որքանով են հաշտ եվրոպական կեղծ արժեքներով առաջնորդվող երիտհեղափոխականները, դրանից փախչել հնարավոր չէ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ