![](/banners/BeFunky-design.jpg)
Հավատում եմ, եթե ոչ ես, ապա 3 որդիներս ոչ միայն տեսնելու են, այլև պայքարելու են այդ երազանքի համար. Հերմինե Ավագյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Hermine-Avagyan-3.jpg)
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն, գրող Հերմինե Ավագյանի ստեղծագործությունները համացանցում սկսեցին ավելի շատ հնչել 2023 թվականից հետո, երբ Ադրբեջանն էթնիկ զտման ենթարկեց արցախահայերին և բռնի տեղահանեց։
Բոլորը սկսեցին փնտրել Հերմինե Ավագյանի ստեղծագործությունները, որոնք սիրո, արժանապատվության և անսահման կարոտի մասին են։
Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասիր» պատմվածքների ժողովածուի հիման վրա բերմադրված «Արևի մարդիկ» ներկայացումը՝ ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի բեմադրությամբ։
168.am-ի հետ զրույցում Հերմինե Ավագյանն անկեղծացավ՝ ներկայացման փորձերին և դրանից հետո գալիս է այն դիտելու՝ ավելի շատ իր թերությունները գտնելու համար, և ամեն դիտելուց հետո ինքն իրեն խմբագրում է։
«Ինչ արած, չեմ կարողանում գրողի դերից տեղափոխվել հանդիսատեսի, ամեն անգամ նոր զգացողություններ եմ ունենում։
Իմ պատվածքների գիրքը լույս է տեսել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից ընդամենն օրեր առաջ։ Իհարկե, այս պատվածքները դժվար էր վերածել պիեսի ու ներկայացնել բեմից, քանի որ այն ի սկզբանե թատրոնի համար չէր գրված։
Գիտեք, երբ ասում ենք՝ Արցախ, մարդիկ միանգամից պատկերացնում են պատերազմ, հակամարտության գոտի, սահման։ Իհարկե, այդ ամենը կար, բայց ուզում էի, որ մարդիկ տեսնեին՝ Արցախում ապրում էին նաև մարդիկ, բոլորիս նման սովորական մարդիկ։ Նրանք էլ ունեին խաղաղ ապրելու նույն երազանքը, ինչ աշխարհի բոլոր մարդիկ։ Նրանք ուզում էին ապրել իրենց սեփական, պապական հողի վրա, տուն կառուցել, զավակներ ունենալ ու երբեք չկոտրվել ընկույզի նման։ Նրանք երբեք չեն մտածել, որ իրենց ապրելու երազանքը մի օր իրենցից կխլեն։ Չեմ ուզում առանձնացնեմ, այս պատվածքները ոչ թե միայն արցախցիների, այլ բոլորի մասին է՝ «մենքի» ու մեր ապրելու մասին է»,- նշեց գրողը։
Հերմինե Ավագյանի խոսքով՝ ի հեճուկս ճակատագրի դառնությունների ու կորուստների, արցախահայերը և առհասարակ մարդը կառչում է ապրելու հավատից և գնում դեպի արև, պարզապես ուզում են ապրել։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանն ամբողջովին շրջափակել էր Արցախը, Հերմինե Ավագյանը Երևան էր եկել ու այդպես էլ չկարողացավ վերադառնալ Արցախ։
«Շրջափակման առաջին օրը ես Երևանից գնում էի Ստեփանակերտ ու այդպես էլ չկարողացա հասել։ Ամեն օր Երևանում սպասում էի, որ հնարավորություններ կստեղծվի, ու ես Արցախ կվերադառնամ, ու այդպես ամիսներ ձգվեցին։ Փաստորեն մի մեծ հոգևոր աշխարհը մնաց կամրջից այն կողմ, քանի որ Արցախը միայն հող չէ, այն մեծ հոգևոր տարածք է, որտեղ իմ մանկությունն ու երիտասարդությունն է, երազանքները։ Ես կամրջից այս կողմ էի, իմ հարազատները՝ այն, և կարոտի զգացողությունը, անզորությունը, որ չեմ կարողանում գնալ Արցախ, ստիպեցին, որ ավելի շատ ստեղծագործեմ։ Սկսեցի գրել պատմվածք-նամակներ, բանաստեղծություններ՝ կարոտներս, հույզերս արտահայում էի նամակների միջոցով։
Որոշ ժամանակ անց համացանցում տեսա, որ մարդիկ, որոնք կամրջից այն կողմում էին ու հացի հերթում սպասում էին, կամ հիվանդանոցի հերթերում էին, այդ գրածներս կարդում են, արձագանքում, հետաքրքրվում, թե նոր բան չե՞մ գրել։ Զարմանում էի, թե մարդն ինչքան ուժեղ կարող է լինել, որ հացի հերթում կանգնած բանաստեղծություններ կարդա։ Հասկացա, որ այդ ցավի մեջ արցախահայերը հոգևոր սննդի կարիք ունեն, ինձ ավելի պարտավորված էի զգում ու ավելի շատ սկսեցի ստեղծագործել»,- նշեց Հ. Ավագյանը։
Ըստ նրա, այս ամենի արդյունքում ծնվեց 2 ժողովածու. բանաստեղծությունների ժողովածուն՝ «Կապույտ տանիքներ»-ը, պատմվածքների ժողովածուն՝ «Հրաժեշտի աչքեր»-ը, կներկայացվի փետրվարի 16-ին։
Գրողն Արցախը համեմատում է մեծ արևի հետ, իսկ արևը չի կարող լույսի, հավատի խորհրդանիշ չլինել։
«Ես չեմ կարող այս ամենին չհավատալ ու չստեղծագործել, որքան էլ իրականությունը դառը լինի, ու ես հասկանամ այդ իրականությունը։ Եթե մի օր չհավատամ Արցախ վերադարձին, այդ միացյալ Հայաստանին, չգիտեմ, թե ինչ կլինի, որովհետև ինձ մանկուց այդպես են սովորեցրել, որ Հայաստանն իմ հայրենիքն է, և առաջին բանաստեղծությունը, որ հայրս ինձ սովորեցրել է՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է։ Ես Արցախը չեմ դիտարկում առանձին, ես ավելի մեծ երազանք ունեմ՝ դա միացյալ Հայաստանն է։ Ես հավատում եմ, որ եթե ոչ ես, ապա իմ 3 որդիները տեսնելու են միացյալ Հայաստանը, և ոչ միայն տեսնելու են, այլև դրա համար պայքարելու են»,- ընդգծեց մեր զրուցակիցը։