ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ Արմեն Գևորգյան
Գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է նրա հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջութամբ․
«Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։ Կա վտանգ, որ եվրոպական գաղափարի քաղաքական շահարկումը և օգտագործումը՝ Արևելքի հետ առճակատման առումով, ինչպես նաև ներքաղաքական նպատակներով, կհանգեցնի այդ գաղափարի վարկաբեկմանը։ Եվրոպական գրավչության և հեռանկարների նկատմամբ հասարակ քաղաքացիների ընկալումը աստիճանաբար «կփչանա», քանի որ սպասելիքները չեն համընկնի իրականության հետ, իսկ անդամակցությունը կմնա անհասանելի։ Արդյունքում սա կհանգեցնի հայկական հասարակության նոր հիասթափությանը։
Ինքը՝ օրենքը, կարող է վերածվել հակահայկական գործիքի, այլ ոչ թե զարգացման սահմանները ընդլայնելու հնարավորության։ Ճիշտ այնպես, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը. այն որևէ օգուտ չբերեց, միայն նոր լարվածություն առաջացրեց Ռուսաստանի հետ, իսկ Բաքուն ակտիվորեն օգտագործում է այդ հանգամանքը (հրաժարվել հայցերից միջազգային դատարաններում)՝ որպես պատրանքային խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման։
Օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով։ Մինչդեռ այն երկրները, որոնք ունեն ռազմավարական շահեր տարածաշրջանում (Չինաստան, Իրան, Հնդկաստան), կհասկանան Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները և կարձանագրեն, որ դրանք հստակ ԲՐԻԿՍ-ի կամ տարածաշրջանի շրջանակներում չեն։ Բոլորը կխոսեն Հայաստանի ինքնիշխան ընտրության իրավունքից, բայց իրականում առաջնորդվելու են այն հաշվարկով, որ այդ ընտրությունը պետք է համապատասխանի կոնկրետ պետությունների և դաշինքների շահերին։
Բացի ամեն ինչից, չպետք է մոռանալ նաև Եվրամիության ներսում գոյություն ունեցող պրո-ադրբեջանական «գազային» կոալիցիայի մասին։ Դրանք այն երկրներն են, որոնք ստանում են ադրբեջանական գազ, դրանով իսկ սպասարկում Ալիևների ընտանիքի աշխարհաքաղաքական շահերը և խոչընդոտում մեզ առնչվող նախաձեռնությունները։ Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը, չլինելով կազմակերպության անդամ, կարող է էական ազդեցություն ունենալ նրա՝ Հայաստանին առնչվող որոշումների վրա։
Կարո՞ղ է իրականացվել եվրոպական երազանքը
Նախևառաջ մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք մեր մտածողության և հասարակական վարքագծի մոդելների համատարած արխայիկությունից։ Անհնար է լուծել ժամանակակից հասարակական զարգացման խնդիրները և ձգտել կատարելության՝ միևնույն ժամանակ առաջնորդվելով հին կառավարման մեթոդներով, ժողովրդավարությունը վերածելով մեծամասնության դիկտատուրայի, խթանելով ընտրովի արդարադատությունը, խորացնելով հասարակական բևեռացվածությունը և դիմակայությունը։
Դարեր շարունակ մեր նախնիները պահել են իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը՝ առանց եվրոպական զարգացման ուղու մաս կազմելու, և դա իր ազդեցությունն է թողել Կովկասյան արեալում մեր մտածողության, աշխարհայացքի, կենցաղի ու հասարակական կյանքի ավանդույթների վրա։ Արևելյան մտածելակերպն ու արևելյան բնավորությունը դարձել են մեր կյանքի հիմնական մասը, և դժվար է այսօր միանշանակ ասել՝ մեր մեջ ավելի շատ արևելակա՞ն, թե՞ եվրոպական է, երբ խոսքը վերաբերում է ընտանիքին, գենդերային հիմնախնդիրներին կամ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Պատրա՞ստ է մեր հասարակությունը ընդունելու ժամանակակից եվրոպական հասարակության ամենալիբերալ արժեքներն ու ավանդույթները՝ որպես նորմ։ Հենց այդ պատճառով, նախևառաջ, մենք պետք է գտնենք Եվրոպան մեր մեջ, որպեսզի համոզված լինենք, որ Եվրոպայում մեզ սպասում են։
Բացի այդ, մենք պետք է ազնիվ լինենք ինչպես ինքներս մեզ հետ, այնպես էլ Եվրոպայի, արձանագրելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար եվրոպական հեռանկարի հիմնական սպասելիքները կապված են առանց վիզայի տեղաշարժի հնարավորության և Եվրոպայի՝ մեզ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հիպոթետիկ պատրաստակամության հետ։
ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ և տասնամյակներ ու ոչնչով չավարտվել։ Ի դեպ, անդամակցության հանրաքվեն էլ կարող է ձախողվել։ Հետևաբար, ԵՄ անդամակցության հեռավոր և դժվար իրագործելի հեռանկարի փոխարեն անհրաժեշտ է առաջարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրագմատիկ ծրագիր (ոչ անդամակցության), որը կլինի փոխշահավետ, գործնական և կունենա շոշափելի արդյունք Հայաստանի քաղաքացիների համար։ Բացի ԵՄ-ի հետ համընդհանուր քաղաքական օրակարգից, ինչպես նաև արդեն իրականացվող ծրագրերից, անհրաժեշտ է կենտրոնանալ հինգ հիմնական ուղղությունների վրա։
1. Առանց վիզայի ռեժիմի հաստատում
Հայաստանի քաղաքացիների ԵՄ-ից ունեցած հիմնական ակնկալիքը՝ առանց վիզայի ռեժիմի հաստատումն է։ Անհրաժեշտ է կենտրոնանալ այս հարցի շուրջ հաջողություն գրանցելու վրա՝ առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում։ Դա կլինի առաջին և շոշափելի հաջողությունը Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում, այս հարցի լուծումը մեծապես կախված է հենց հայկական կողմից, որը պետք է կարողանա գոնե ապահովել քաղաքացիների համար կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրումը։
2. «Բացահայտիր Հայաստանը» ծրագիր
Այս ծրագիրը նպատակ ունի ԵՄ երկրներից ոչ-սփյուռքահայ զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 500,000-ի՝ հետագա տարիներին 7-8% աճով։ Սա հնարավորություն կտա Հայաստանում կայուն և զարգացող դարձնել ծառայությունների ոլորտը (հյուրանոցներ, ռեստորաններ, տուրիստական գործակալություններ, ավիափոխադրումներ և այլն)։ Անհրաժեշտ է ԵՄ-ի աջակցությամբ նախաձեռնել հատուկ տեղեկատվական և գովազդային արշավ՝ հայկական ժառանգության և զբոսաշրջային ուղղության վերաբերյալ։
3. ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանությանը օժանդակություն
Եթե ԵՄ-ն իսկապես պատրաստ է աջակցել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա պետք է Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ապահովի Հայաստանի համար պաշտպանական ժամանակակից տեխնիկա և սպառազինություն (ոչ միայն վրաններ ու հակագազեր)։ Իսկ եթե դա անիրատեսական է, կարելի է քննարկել Հայաստանի ողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության ժամանակակից համակարգի ստեղծման ծրագիր։
4. Առևտրային համագործակցության ընդլայնում
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում անհրաժեշտ է հասնել նոր տնտեսական հնարավորությունների, որոնք թույլ կտան ավելացնել հայկական ապրանքների արտահանումը ԵՄ՝ շուկաների դիվերսիֆիկացման, արտադրանքի որակի և ստանդարտների բարձրացման նպատակով։ Պետք է Հայաստանից ԵՄ արտահանումը հասցնել 1.5 միլիարդ եվրոյի (2.5 անգամ աճ)։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է մշակել հատուկ բրենդավորման ծրագիր՝ հայկական գինին, մրգային հյութերը, օղին, ջեմերը և խմելու ջուրը եվրոպական շուկայում ներկայացնելու համար։ Սա կնպաստի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և առկա աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև կնվազեցնի Հայաստանից դեպի ԵՄ միգրացիոն հոսքերը։
5. Նորարարական տնտեսության զարգացում և հայրենադարձության խթանում
ԵՄ-ի աջակցությամբ անհրաժեշտ է Հայաստանում խթանել նորարարական տնտեսության զարգացումը և այս համատեքստում սկսել հայրենադարձության համատեղ ծրագիր, որը կօգնի հայերին վերադառնալ հայրենիք՝ ներգրավվելով գիտության, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում։
Կանխատեսում (նախնական և մոտավոր գնահատականներ)
Նշված ծրագրերը՝
Հայաստանի համար կբերեն լրացուցիչ 1.5 միլիարդ եվրոյի տնտեսական օգուտ
Ամեն տարի կստեղծեն 1,000-1,500 նոր աշխատատեղ և կպահպանեն առկա աշխատատեղերը
Կնվազեցնեն բացասական միգրացիոն հաշվեկշիռը՝ այն դարձնելով դրական (տարեկան + 5,000-10,000 մարդ)»։