Բաժիններ՝

Փաստաբանները փետրվարի 10-ին բողոքի ակցիա կիրականացնեն

Այսօր` 2025 թվականի փետրվարի 3-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ, որի ժամանակ որոշվել է փետրվարի 10-ին բողոքի ակցիա իրականացնել: Այս մասին տեղեկանում ենք պալատի ֆեյսբուքյան էջից:

Փաստաբանները հերթական անգամ քննարկել են 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:

Ակումբի նիստին ներկայացվել են վերջին շրջանում իրականացված գործողությունները, մասնավորապես՝

-փաստաբանական ծառայությունները, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագրի ներկայացումը կառավարություն,

-թվով 31 պատգամավորների կողմից գործող հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների սահմանադրականության վիճարկումը Սահմանադրական դատարանում։

Հիշեցնում ենք, որ Օրենքի կիրառությունը՝

– Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա.

– բացառում է անվճար (pro bono) իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.

– շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.

– չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.

– հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար, քանի որ, ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների, քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունների արժեքը քսան 20 տոկոսով բարձր է.

– լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.

– սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարեցնելով դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով,

– խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ.

Ակումբի նիստի մասնակիցները հերթական անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը իրավասու պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ.

Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝

– 2025 թվականի փետրվարի 10-ին (երկուշաբթի) բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:

Նշված օրը ՝

Հ.Գ.1 Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս, ինչպես նաև փաստաբանների ակումբի քննարկում հաջորդ գործողությունների մասին:

Հ.Գ.2 Տեղեկացնում ենք, որ՝

1.Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար:
2.Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս