![](/banners/BeFunky-design.jpg)
Ի՞նչ է առաջարկում Թբիլիսին Երևանին ու Բաքվին, և ինչո՞ւ
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Kobaxidze-1.jpg)
Մոտավորապես 10 օր առաջ, ընտրություններից հետո առաջին օտարերկրյա այցն Ադրբեջան կատարելուց հետո, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր աշխատանքային այցով Երևանում է վրացական պատվիրակության ուղեկցությամբ։
Ինչպես Ադրբեջանում կայացել էր ադրբեջանա-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովների նիստը, Երևանում ևս կայացավ Հայաստանի և Վրաստանի տնտեսական միջկառավարական հանձնաժողովների 14-րդ նիստը։ Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում էր նաև ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Վրաստանի հնարավոր դերակատարությանը ռեգիոնալ խաղաղության և կայունության հաստատման գործընթացում։
Նրա խոսքով, Վրաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Վրաց նախարարն ասաց, որ Վրաստանի անկեղծ ցանկությունն ու պատրաստակամությունն է՝ անել հնարավոր ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, որպեսզի Վրաստանը վստահ լինի, որ տարածաշրջանը խաղաղ է, կայուն և բարգավաճ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, հուսանք, կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Միայն սա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանի խաղաղության համար»,- հայտարարել է նա՝ ընդգծելով նաև, որ Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Միաժամանակ, նախարարը հայտնել է, որ «երբ խոսում ենք տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին, պետք է նշել այն մարտահրավերները, որոնք բխում են Ռուսաստանից, որն օկուպացրել է Վրաստանի շրջանները»։
Նա ողջունել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Երևանի հարաբերությունների խորացումը՝ նշելով, որ դա օգուտ կբերի տարածաշրջանին, և Վրաստանն ուրախ է տեսնել հարևանների հաջող հարաբերությունները մյուս գործընկերների հետ։
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Վրաստանի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պարագաներում դրական է, քանի որ Վրաստանը ռեգիոնալ կայունության հաստատման ամենաշահագրգիռ կողմերից մեկն է։
«Պետք է հիշեցնեմ, որ վերջին մեծ պատերազմից հետո Վրաստանի ղեկավարությունը կողմերին և միջազգային հանրությանը մի քանի անգամ միջնորդական հարթակ դառնալու առաջարկով է հանդես եկել, նման նախաձեռնություններ ժամանակ առ ժամանակ հայտնել են, երբ միջնորդների դեֆիցիտ է նկատվել։ Այնպես որ՝ սա նոր առաջարկ չէ, պարզապես այն ևս մեկ անգամ է համակարգային ձևով ներկայացվում կողմերին, որպեսզի նրանք ցանկության դեպքում չկաշկանդվեն ո՛չ միջնորդից, ո՛չ բանակցություններից»,- նկատեց նա։
Ըստ վերլուծաբանի, չի բացառվում, որ Վրաստանի առաջարկը ներկայումս ընդունվի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը չի ցանկանում ռուսական միջնորդություն, իսկ Ադրբեջանը՝ արևմտյան։
«Բացի այդ, սա չափազանց կարևոր նախաձեռնություն է նաև Վրաստանի ներկայիս իշխանությունների համար։ Բացատրեմ, թե ինչու եմ այդպես կարծում՝ այս իշխանություններն արտաքին քաղաքականությունում լուրջ քայլեր են կատարել, որոնք արժանացել են քննադատության թե՛ երկրի ներսում, թե՛ Արևմուտքի կողմից, վատթարացրել են իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ, ինչպես նաև ռեգիոնալ համագործակցություններում ներգրավված չեն, խոսքն այն համագործակցությունների մասին է, որոնցում ներգրավված է Ռուսաստանը։ Ուստի այս իշխանությունների համար հայ-ադրբեջանական հակամարտությունն արտաքին քաղաքական այն ուղղություններից է, որի շրջանում նրանք կարող են իրենց հեղինակությունը բարձրացնել, օգտակար լինել և հաջողության պատմություն արձանագրել։ Ուստի սա չափազանց կարևոր է վրաց իշխանությունների համար»,- ասաց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ Վրաստանը Երևանի և Բաքվի համար վստահելի գործընկեր է և հնարավոր միջնորդ։ Սակայն, Գոգոլաշվիլիի խոսքով, գլխավոր հարցն այն է, թե այդ դերակատարությունը որքանով կարող է արդյունավետ լինել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ամերիկյան միջնորդությունը բախվեց տարաձայնությունների ու խնդիրների, որոնց հետևանքով համաձայնագիրը դեռ չի ստորագրվել։
«Այսինքն՝ միջնորդական դերակատարության ցանկությունը, այդ փաստը դրական է, սակայն դրա արդյունավետությունը մի այլ հանգամանք է՝ կախված Վրաստանից անկախ հանգամանքներից։ Այս հակամարտությունը մշտապես էականորեն ավելի ազդեցիկ խաղացողների միջնորդության կարիք է ունեցել, իսկ վերջին տարիներին նույնիսկ դա ունակ չի եղել հանգեցնել համաձայնագրի ստորագրման։ Այս ամենը պետք է հաշվի առնել ակնկալիքներ ձևավորելիս։
Կարծում եմ նաև, որ Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ քաղաքական լուրջ տարաձայնությունների կարգավորման հարցին նպաստելը բարդ գործ է, սակայն արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների պարագայում հնարավոր է նպաստել ռեգիոնալ կայունության հաստատմանը։ Այսինքն՝ կարևոր է հասկանալ, թե գործնականում ինչ տեսք կարող է ունենալ Վրաստանի աջակցությունը կողմերին»,- ասաց վերլուծաբանը։
Նա կարծում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, Երևանի ու Բաքվի արձագանքը միանշանակ չի լինի, քանի որ Վրաստանի նման միջնորդ կամ խաղաղության աջակից կողմերը չեն ունեցել։
«Իսկ այս փուլը բավականին բարդ է հակամարտության համար»,- նկատեց Գոգոլաշվիլին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել էր, թե Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն տարբեր ոլորտներում։ Վրաստանի կառավարության կայքը՝ մեջբերելով Կոբախիձեի հայտարարությունը, նշել էր, որ Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում նա նշել է, թե Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում:
«Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Իրակլի Կոբախիձեն նաև նշել էր, որ տարածաշրջանում և աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում խաղաղությունն ու կայունությունն է՛լ ավելի կարևոր են դառնում տարածաշրջանի զարգացման և կայուն բարգավաճման համար։ Նշենք նաև, որ Կոբախիձեի այցին ընդառաջ՝ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ։